Առավոտյան Երևանում մեկնարկած Հայաստան - Եվրամիություն առևտրի, տնտեսական և իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի նիստի ժամանակ, դիմելով էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանին, ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրահանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Պիեր Դեվինյեն ասաց․ - «Մեր պատվիրակությունը մեծաքանակ է, և ուրախ ենք տեսնել բազմաթիվ ծանոթ դեմքեր նախորդ բանակցություններից: Հույս ունեմ՝ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները արագ կընթնան, միգուցե այնքան արագ, որքան ընթացան խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի բանակցությունները, որոնք տևեցին 18 ամիս: Սակայն այս բանակցությունները այլ արդյունք կունենան: Այս անգամ մի՛ վախեցեք և ստորագրե՛ք բանակցված համաձայնագիրը»:
Հայկական պատվիրակության ղեկավար, Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն անարձագանք չթողեց կոչը․ - «Ես նույնպես համոզված եմ և կարծում եմ, որ մենք այսօր կունենանք բավական արդյունավետ քննարկում, աշխատանք»:
Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհուրդը այս շաբաթասկզբին լիազորեց Եվրահանձնաժողովին Հայաստանի հետ բանակցություններ սկսել նոր շրջանակայաին համաձայնագրի շուրջ:
Բրյուսելի հետ նախորդ համաձայնագիրը, որը նաև նախատեսում էր կողմերի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում, Հայաստանն այդպես էլ չստորագրեց: 2013-ի հուլիսին բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին, սակայն մոտ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը միանալու է ԵՏՄ-ին, ինչը բացառեց Եվրամիության հետ համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը:
Այսօր եվրոպացի պաշտոնյայից հետաքրքրվեցիք՝ ի՞նչ է նշանակում իր ակնարկը, արդյո՞ք Բրյուսելում կասկածում են, որ այս անգամ նույնպես Երևանը կհրաժարվի ստորագրել բանակցված փաստաթութղը:
«Հուսով եմ նման բան չի լինի, դա անհնար կլինի բացատրել: Այն, որ դուք Եվրամիության հետ 2013 թվականի հուլիսի 26-ին հաջողությամբ ավարտեցիք բանակցությունները, բայց սեպտեմբերի 3-ին որոշեցիք փոխել ամեն ինչ, արդեն իսկ արմատական քայլ էր: Ես Հայաստանի կառավարության ղեկավարը չեմ, բայց լավատես եմ: Հույս ունենք, հավատում ենք, որ Հայաստանը կշարունակի այս բանակցությունները և հաջողությամբ կավարտի», - պատասխանեց Դեվինյեն:
Եվրոպացի պաշտոնյան ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց․ - «Թե՛ նախորդ, թե՛ առաջիկա բանակցություններում օրակարգային է Հայաստանում կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարի հարցը․․․ Առևտրային պայմանագիրը չի կարող փոխարինել երկրի լավ կառավարմանը: Եվրամիությունը չէ, որ պետք է որոշի՝ ինչպես կառավարել Հայաստանը: Կոռուպցիան խնդիր է Հայաստանում: Այդ առումով ձեր երկիրը վատագույն ցուցանիշը չունի տարածաշրջանում, բայց լավագույնն էլ չունի: Այո՛, մրցակցության, մենաշնորհների խնդիրը մենք քննարկել ենք ու կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ: Մրցակցության վերաբերյալ բավականին ընդգրկուն օրակարգ ունենք, որն առկա էր նախորդ բանակցություններում և լինելու է նոր բանակցություններում»:
Դեվինյեին ասաց, որ առաջիկա բանակցություններում Հայաստանի հետ այլևս չեն քննարկելու առանց մաքսատուքերի առևտրի հարցը, քանի որ ԵՏՄ անդամակցությունից հետո Երևանի իրավունքները սահմանափակվել են: Այժմ Բրյուսելը ակնկալում է համաձայնության հասնել հետևյալ ոլորտներում՝ պետության կողմից կատարվող գնումների գործընթաց, առևտրային ծառայություններ և ստանդարտներ՝ հատկապես սննդամթերքին վերաբերող ստանդարտների հարցում:
Գարեգին Մելքոնյանի խոսքով, Հայաստանն էլ ակնկալում է համաձայնության հասնել նախորդ՝ չստորագրված Ասոցացման համաձայնագրում առկա և տնտեսությանը վերաբերող բոլոր 28 կետերի շուրջ․ - «Ներդրումներ, տուրիզմ, արդյունաբերություն, առևտրի զարգացում: Այնտեղ կա նաև ոչ զուտ տնտեսական ոլորտային համագործակցություն՝ կրթություն, հումանիտար բլոկ, տրանսպորտ, կապ, էներգետիկա, որակի ենթակառուցվածքներ»: