«Ազատություն»․ – Ո՞րն էր Հայաստանում մինչ այժմ Ձեր տեսած ամենածիծաղելի բանը:
Օ՛Բրայեն․ – Ո՞րն էր Հայաստանում տեսածս ամենածիծաղելի բա՞նը․․․ դա շատ լավ հարց է: Գիտեք՝ պիտի ասեմ, շատ տարօրինակ էր այստեղ տեսնել «Քենթաքի ֆրայդ չիքեն» ռեստորանը՝ KFC-ն, որը ամերիկյան ռեստորանների շղթա է: Երբ Հայաստանի նման մի տեղ ես գալիս՝ աշխարհի հակառակ կողմում, այդքան հեռու արևմտյան այն ազդեցություններից, որոնք թերևս ամենալավ բանը չեն աշխարհում, և հանկարծ տեսնում ես KFC, մտածում ես՝ աստված իմ, ախր ինչի՞ համար են այստեղ KFC հիմնել: Մեկ այլ բան ասեմ՝ այստեղ Հայաստանում սովորույթ կա, որ տղամարդիկ քայլում են իրար թև մտած, և դա շատ տարօրինակ է՝ Միացյալ Նահանգներում նման բան չես տեսնի: Եվ երբ առաջին նման բան ես տեսնում, մտածում ես՝ տեսնես ինչո՞ւ են այդպես անում: Բայց հետո հասկանում ես, որ դա լավ գաղափար է, և ես սկսեցի իմ պրոդյուսերներից մեկին թևանցուկ արած քայլել, ու հիմա մտածում եմ՝ սա ֆանտաստիկ բան է, պետք է Արևմուտքում այս սովորույթը մտցնել: Ժամանակն է, որ մենք էլ հասնենք ձեր հետևից:
«Ազատություն»․- Այժմ ավելի լուրջ՝ Ձեր այցը կապ ունի՞ Հայոց ցեղասպանության տարելիցի հետ:
Օ՛Բրայեն․ - Դա զուգադիպություն է: Իմ այստեղ գալը Հարյուրամյա տարելիցի հետ կապ չունի, սակայն ինչ-որ առումով դա ավելի կարևոր է դարձնում իմ այցը: Իրականում այս ամենը տեղի ունեցավ իմ օգնականի պատճառով, ում հետ ես 5 տարի է՝ աշխատում եմ: Խոսքը Սոնա Մովսեսյանի մասին է: Նա միշտ ակտիվորեն մասնակցում է Լոս Անջելեսի հայ համայնքի կյանքում, միշտ խոսում է Երևանի մասին: Մի քանի տարի առաջ նա ինձ խնդրեց «Երևան» մակագրությամբ վերնաշապիկ հագնել, լուսանկարեց ինձ և այդ լուսանկարը հաղորդման ընթացքում ցուցադրեց եթերում: Հետո, կարծեմ, նաև Ֆեյսբուքում հրապարակեց: Դա շատ հայեր էին տեսել և հուզվել: Ի վերջո ես Սոնային ասացի՝ արի ես քեզ Հայաստան տանեմ, քանի որ նա երբեք չէր եղել այստեղ: Իմ այս ուղևորության պատմությունը դա է՝ սա պատմություն է այն մասին, թե ինչպես եմ ես իմ օգնականին, ով նաև իմ ընկերն է, տանում հետ՝ դեպի այն երկիր, որտեղից նա սերվում է և որտեղ երբևէ չի եղել: Մենք այստեղ շատ ուրախ արկածներ ենք ունեցել, բայց նաև գնացել ենք Ցեղասպանության հուշահամալիր: Այնպես որ՝ նոյեմբերին Նահանգներում մեր հեռարձակելիք հաղորդումը շատ բազմազան է լինելու: Հաղորդումը կկարողանաք նաև այստեղ դիտել՝ ինտերնետով:
Մի քանի ամիս առաջ ես Կուբա էի գնացել, և այնտեղ իմ նկարահանած հաղորդումը մեծ հաջողություն ունեցավ: Այդ հաղորդումը շատ մարդկային մի պատմություն էր, մի տեսակ՝ քաղցր մի բան կար դրա մեջ, և ես ուզում եմ այստեղ նկարահանվող հաղորդումն էլ այդպիսին ստացվի: Ես դեմ չեմ, որ հաղորդման մեջ հայտնվեն ծիծաղաշարժ իրավիճակներում, բայց նաև կուզենայի որոշ չափով ցուցադրել այստեղ տեղի ունեցածի լրջությունը: Եվ առհասարակ՝ ուզում եմ ճանաչել այստեղի մարդկանց, ընկերանալ նրանց հետ: Եվ դա մեր արդեն նկարահանած նյութի լավագույն մասն է կազմում: Այս հաղորդմամբ ես ուզում եմ ծիծաղեցնել հայերին, և եթե նույնիսկ ծիծաղում են ինձ վրա, որովհետև իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, որ ես ինձ հիմարի պես եմ պահում՝ ոչինչ, ես դեմ չեմ:
«Ազատություն» – Դուք գիտե՞ք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Օ՛Բրայեն – Այո, ես գիտեմ այդ մասին: Դա շատ հակասական խնդիր է: Այս գործում, ակնհայտորեն, քաղաքական շահեր կան, իսկ ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ փորձագետ կամ պետդեպարտամենտի պաշտոնյա ու քաղաքագետ: Ես գիտեմ, որ խնդիրը բարդանում է Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի ունեցած հարաբերությունների պատճառով: Այստեղ աշխարհաքաղաքական հարցեր կան, որոնց ես չեմ կարող անդրադառնալ:
Ես այս հարցում ունեմ շատ պարզ, մարդկային մոտեցում, այն է՝ ես ցանկացա այստեղ բերել Սոնային և նրա հետ միասին զգալ նրա մշակույթի համը, հանդիպել նրա ժողովրդին: Իսկ այստեղ հնարավոր չէ գալ և չայցելել Ցեղասպանության հուշահամալիր, դա այս երկրի պատմության անբաժանելի մասն է, և Սոնայի պատմության մասն է:
Այդ այցելությունը շատ հուզիչ էր՝ ես մտածում էի, որ՝ այո, ես չգիտեմ այստեղ ինչ քաղաքական հարցեր կան, բայց չեմ էլ ուզում այդ մասին մտածել:
«Ազատություն» – Գարնանը Հայաստան էին այցելել Քարդաշյանները, երևի գիտեք՝ Քանյեն նետվեց լիճը․․․
Օ՛Բրայեն – Այո:
«Ազատություն» – Չե՞ք ուզում նրա մարտահրավերն ընդունել ու ավելի գիժ մի բան անել:
Օ՛Բրայեն – Ես շատ բան եմ արել, երբ հաղորդումը տեսնեք՝ կիմանաք, որ շատ-շատ-շատ բան եմ արել: Ես ոչխար եմ արածեցրել Գառնիում, գնացի այնտեղ և ես ու Սոնան ավանդական շորեր հագանք: Մենք նաև բազմաթիվ արկածներ ունեցանք Երևանում: Երբ հաղորդումը հեռարձակվի, կտեսնեք, որ ես բազմաթիվ մշակութային վայրեր եմ այցելել և շատ զվարճալի շփումներ ունեցել մարդկանց հետ: Մենք փորձեցինք որքան կարելի է ուսումնասիրել Երևանը և Հայաստանը մեր այցելության 4-5 օրերի ընթացքում: Կարծում եմ՝ շատերը կզարմանան, տեսնելով, թե որքան բան ենք հասցրել: Կտեսնեն, որ մենք գլխովին խորասուզվել էինք հայկական մշակույթի մեջ:
«Ազատություն» – Վերջին հարցը՝ դուք հավանաբար շատ հայերի եք տեսել ԱՄՆ-ում: Նրանք բոլոր ունե՞ն «ոսկեգույն» iPhone, նկատի ունեմ ձեր հումորային հոլովակը՝ iPhone-ի մասին:
Օ՛Բրայեն – Ոչ․․․ չեմ կարծում: Ես մի բան եմ զգացել՝ ԱՄՆ-ում ապրող հայերը, հատկապես Լոս Անջելեսում ապրող բազմաթիվ հայերը, այդ թվում Սոնան և նրա ընկերները, շատ խելացի, բայց նաև շատ ուժեղ մարդիկ են, նկատի ունեմ՝ հոգեպես: Նրանք մեծ կամքի ուժի տեր են: Սոնան, որպես մարդ, ինձ շատ բան է սովորեցրել: Ես ծանոթ եմ նաև նրա ընտանիքի հետ, նրանք՝ հայերը, շատ տպավորիչ մարդիկ են: