Մատչելիության հղումներ

Հառիճ գյուղում Նուրսուլթան Նազարբաևի փողոց կա


Ալիևի անունից Հայաստանի առջև նախապայմաններ դնող և Սերժ Սարգսյանին տհաճ անակնկալներ մատուցող Ղազախստանի նախագահին Շիրակի մարզի Հառիճ գյուղում բոլորովին այլ՝ ոչ քաղաքական առիթներով են հիշում:

Արդեն մոտ տասը տարի գյուղի կենտրոնական փողոցը կոչվում է հենց Նուրսուլթան Նազարբաևի անունով: Անվանակոչությունը նախաձեռնել է ԱԺ-ի նախկին պատգամավոր, հանրապետական Մխիթար Վարագյանը, ում եղբայրը նույն Նազարբաևի խորհրդականն է:

Հառիճի համայնքապետ Ռոլանդ Նազարեթյանը, սակայն, պնդում է` որոշումը կայացնելիս հաշվի են առել ոչ միայն մերօրյա կապերը, այլև հեռավոր անցյալը:

«Հառիճը 1400 մինչև 1947 թվականը կոչվել է Ղփչաղ, 47 թվականին վերանվանել են Հառիճ, իսկ էդ ղփչաղները կապում են Ղազախստանի ինչ-որ ցեղերի հետ, դրա համար Վարագյանների միջամտությամբ մեր ավագանու նիստում որոշել, դրել ենք Նազարբաևի փողոց։ Ղազախստանին համարում ենք մեր բարեկամը, նաև Եվրասիական միության [շրջականում] մեր հանրապետության հետ է համագործակցում, ուրեմն կարելի է դնել»,- բացատրեց գյուղապետը։

Սակայն տեղացիներից ոչ բոլորին են կարծես համոզել համայնքապետի բացատրությունները Շիրակի ամենահին բնակավայրերից մեկի և Ղազախստանի միջև հնարավոր կապերի մասին։

«Նախ հարցում չեն անցկացրել բնակչության մեջ, թե էս փողոցի վրա ինչ անուն դնենք։ Չգիտեմ ինչից ելնելով է կնքվել, որ էդպիսի մեծագույն, գերագույն պատվի է արժանացել Նազարբաևը»։

Միջնադարյան մի քանի եկեղեցի ունեցող գյուղում ղազախական ներկայությունը միայն փողոցով չի սահմանափակվում: Գյուղի գրադարանում նաև Ղազախստանի անկյուն կա` Նազարբաևի մեծ նկարով, Ղազախստանի մասին պատմող նկարներով ու գրականությամբ: Անկյունը գործում է 2011 թվականից, հիմնել է այն Ղազախստանի դեսպանատունը։

«Նվիրել են մեզ կահույքը, գրքերը, սեղանը և բոլոր նկարները, ազգային տարազները։ Տարեկան 3-4 անգամ հաճախում են, օգնում են՝ նվերներով, ամեն ինչով»,- հայտնեց գրադարանավարուհի Աննման Ֆահրադյանը։

Դրանով ղազախական ներդրումները գյուղում ավարտվել են, գյուղապետը նույնիսկ չգիտի՝ արդյոք Նազարբաևը տեղյա՞կ է իրեն մեծարող որոշումներից: Հարցին, թե հնարավո՞ր է Ղազախստանի առաջնորդին գյուղ հրավիրեն կամ ղազախական որևէ համայնքի հետ քույր համայնքներ դառնան, Նազարեթյանը արձագանքեց.- «Չէ, քույր, եղբայր, հորքուր, մորքուր համայնք չունենք։ Կամ Նազարբաևը իմ հրավերով կգա՞ Հառիճ։ Թող գա, երբ Հայաստան էր եկել, թող դեսպանատունը առաջարկեր, ինքն էլ մտներ»։

Թե հետո էլ ինչ կորոշի Ղազախստանի դեսպանատունը Հառիճում նորոգել կամ կառուցել ու էլ ավելի ներկայանալի դառնալ համայնքում, դեռ պարզ չէ, բայց հառիճեցիները հույս ունեն, որ գոնե դրանից համայնքը կշահի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG