Ըստ 2016 թվականի պետբյուջեի նախագծի, աշխատանքային կենսաթոշակների չափը գալիք տարի կմնա անփոփոխ՝ 16 հազար դրամ, չի փոխվի նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա համար հատկացվող գումարը:
Գալիք տարվա պետբյուջեում անփոփոխ է թողնված նաև պետական հատվածի բազային աշխատավարձի չափը՝ 66 140 դրամ: Միաժամանակ, ըստ պետբյուջեի նախագծի, 2016-ին գները կբարձրանան 4 տոկոսով:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, սա վկայում է, որ եթե անգամ ամեն ինչ ընթանա գալիք տարվա պետբյուջեի նախագծածով, և, օրինակ, գազը չթանկանա, դրամը չարժեզրկվի, ապա, միևնույն է, սոցիալապես խոցելի բնակչության եկամուտները առնվազն 4 տոկոսով կնվազեն․ - «Կլինի, որ աղքատությունը խորանում է: Բյուջեով նախատեսված է, որ հաջորդ տարի Հայաստանում աղքատությունը խորանալու է: Որովհետև մոտ կես միլիոն թոշակառուներ առանց այդ էլ գտնվում են աղքատության գծից ցածր»:
Իշխանությունները, Գևորգյանի խոսքով, շարունակում են պնդել, որ Հայաստանում տնտեսությունը զարգանում է․ տարին կփակենք ավելի քան չորս տոկոս աճով: Գալիք տարի նույնպես աճ է խոստացվում, սակայն կառավարությունը կենսաթոշակներն ու աշխատավարձերը բարձրացնել չի պատրաստվում․ - «Տնտեսական աճը ինքնանպատակ չէ, որպեսզի տոկոսներ մենք ունենանք․․․ Տնտեսական աճի հիմնական նպատակը հանրության բարեկեցության ավելացումն է, ինչը այս տարվա բյուջեով չի նախատեսվում: Չնայած նախատեսվում է տնտեսական աճ»:
2013 թվականի մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը երկու խոստում տվեց․ - «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»:
Անցած տարիներին կառավարությունն այդպես էլ չապահովեց 7 տոկոսանոց աճ, գալիք տարի տարի նույնպես չի կարողանալու: Փաստորեն, նույն պատկերն ենք ունենալու աշխատավարձի մասով:
Երևանի փողոցներում հատկապես տարեցները տարակուսած էին:
«Պարզ է, որ մարդիկ, ովքեր զուտ թոշակով են ապրում, իրենց համար շատ դժվար է լինելու», - ասաց միջին տարիքի մի կին:
«Չքավորությունը ավելի է շատանալու», - նշեց տարեց մի տղամարդ՝ հավելելով․ - «Կենսաթոշակառուն, եթե օգնող չունենա, չի կարող ապրել»: