Մատչելիության հղումներ

Հայ իրավապաշտպանները Վարշավայի համաժողովին ներկայացրել են ընդդիմադիրների նկատմամբ «հալածանքները»


Նրանք վստահ են, որ իրենց բարձրաձայնած խնդիրները միջազգային կառույցների կողմից անարձագանք չեն մնա։

Օրեր առաջ Վարշավայում տեղի ունեցած՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին հայաստանյան իրավապաշտպանները զեկուցել են Հայաստանում քաղաքական հետապնդումների և խաղաղ հավաքների խոչընդոտման՝ իրենց ունեցած փաստերի մասին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հասցեագրված «սպառնալից» հայտարարության վրա։

«Տարածվեց արտառոց հայտարարություն, որը, ըստ էության, սպառնալիք էր պարունակում պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ճնշման նպատակով: Ես նաև բարձրաձայնեցի, որ եթե Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունը թույլ է տալիս Ազգային ժողովի պատգամավորի հասցեին իր կարծիքների համար նման հայտարարություն, ապա դա նույնպես անթույլատրելի է»,- պատմելով համաժողովում իրենց կատարած աշխատանքների մասին, «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Նա նշեց, որ իր զեկույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրվան՝ ապրիլի 24-ին նախորդած շրջանում ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների կալանավորմանը, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել 2013թ․ նոյեմբերի 5-ի «Արժեքների հեղափոխության» գործով դատապարտված Շանթ Հարությունյանի և նրա անչափահաս որդու նկատմամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից գործադրված բռնության վրա, ինչի մասին բարձրաձայնել էր հենց Շանթ Հարությունյանը։

«Այդ փաստի վերաբերյալ կամ այդ հայտարարության վերաբերյալ քրեական գործ էլ չի հարուցվել և ոչ էլ քննություն է իրականացվել: Հենց էդ կոնտեքստում եմ ներկայացրել, որ ընդամենը բավարարվեցին ոստիկանապետի այն հայտարարությամբ, որ եթե ինքը Շանթ Հարությունյանին խփեր, ապա նրանից բան չէր մնա»,- շարունակում է Սաքունցը:

Ի տարբերություն իրավապաշտպանների, պետության ներկայացուցիչները համաժողովի ժամանակ կարող են արձագանքել հնչող ելույթներին առանց հերթագրման։ Արթուր Սաքունցի խոսքով, սակայն, իրենց բարձրաձայնած խնդիրներին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը որևէ փաստարկ չի հակադրել։ «Հստակ հերքում կամ արձագանք չեղավ, բայց երբ խոսքը վերաբերում էր խոշտանգումներին կամ այլ բնագավառներում իրավունքների խախտմանը, հայտարարեց, որ պատրաստ են համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ»:

Հայաստանում հավաքների մոնիթորինգ իրականացնող՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ ԵԱՀԿ համաժողովի ամբիոնից խոսել է խաղաղ հավաքների անցկացման, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ արձանագրված բռնությունների մասին։ Իրավապաշտպանը վստահ է՝ բարձրացված խնդիրները միջազգային կառույցների կողմից անարձագանք չեն մնա։

«Հաշվի առեք մի բան, որ դա բավականին հեղինակավոր ներկայացուցչական հանդիպում է, և այնտեղ բացի պետության և հասարակական կազմակերպություններից, ներկայացված են նաև Եվրամիության, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները: Եվ մի բան էլ պետք է հաշվի առնել, որ հաճախ երկու կառույցները՝ ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի, համատեղ են աշխատում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG