Մատչելիության հղումներ

Կփոխհատուցվի ամսական մինչև 250 կիլովատտ սպառած բաժանորդների ծախսը


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրասենյակը Երևանում, արխիվ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գրասենյակը Երևանում, արխիվ

Հայաստանի կառավարությունը և ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը փոխհատուցելու են սակագնային տարբերությունը միայն այն բնակիչների համար, ում ամսական սպառած հոսանքը չի գերազանցի 250 կիլովատտը, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը հավելեց՝ Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ»-ի հետ ստորագրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի առքուվաճառքի մասին պայմանագիրը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր առավոտյան իր համաձայնությունն է տվել գործարքին:

«Միաժամանակ, «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագնային տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը», - ասաց Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով, Սամվել Կարապետյանի հետ որոշել են փոխհատուցել սակագնային տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ սպառած բնակչության համար, որովհետև նրանք կազմում են ՀԷՑ-ի գրեթե 767 հազար բաժանորդների շուրջ 79 տոկոսը, կամ՝ 604 հազար բաժանորդ: Փոխհատուցվելու է նաև ամսական մինչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի առաջին 250 կիլովատտի սակագնային տարբերությունը:

«Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը», - հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Իշխանությունները երբևէ չեն նշել, որ բնակչությանը՝ էլեկտրաէներգիայի թանկացած մասը փոխհատուցելիս սահմանափակում է լինելու: Բայց մյուս կողմից՝ նախագահ Սարգսյանը հանձնարարել էր կառավարությանը փոխհատուցել թանկացումը մինչ այն պահը, երբ կհրապարակվի միջազգային հեղինակավոր որևէ ընկերության եզրակացությունը, թե ինչքանով է հիմնավորված էլեկտրաէներգիայի թանկացումը, և եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով:

Երեկ հայտնի դարձավ, որ «Դելոյթ և Տուշ» խորհրդատվական ընկերությունը հիմնավորված է համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

«Եթե մենք փոխհատուցում ենք միայն էլեկտրաէներգիայի բարձրացման մասով, բայց չէ՞ որ ապրանքների, ծառայությունների թանկացումը, որը ավտոմատ գալու է և այդ խավը նաև սպառելու է, մենք դա որևէ կերպ չենք փոխհատուցում», -«Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը

Մանուկյանը նաև մատնանշեց, որ վարչապետի խոսքից պարզ չէ՝ եթե բաժանորդը մեկ ամսվա ընթացքում սպառում է, օրինակ, 260 կիլովատ էլեկտրաէներգիա, արդյոք այդ ընտանիքը դուրս է մղվում փոխհատուցում ստացողների խմբից և պետք է ողջ 260 կիլովատտի դիմաց վճարի նոր՝ բարձր սակագնով, թե՞ այդ պարագայում բարձր սակագին է վճարելու միայն 10 կիլովատտի համար, իսկ մնացած 250 կիլովատտի դիմաց վճարելու է հին սակագնով: Այս հարցով «Ազատությունը» դիմեց կառավարության մամուլի ծառայություն, այնտեղից արձագանքեցին, որ երկշաբաթյա ժամկետում «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ կկատարեն փոխհատուցման ենթակա գումարի մանրամասն հաշվարկը և այս հարցի պատասխանն էլ պարզ կդառնա այդ ժամանակ:

XS
SM
MD
LG