Մատչելիության հղումներ

«Սդղի գյոլի» միջադեպում տուժածի հայրը դեմ չէ մարզպետի որդու ազատ արձակմանը


Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, արխիվ
Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը, արխիվ

«Սդղի գյոլի» տարածքում մայիսի 2-ի ծեծկռտուքի ժամանակ մեկ աչքի տեսողությունից զրկված Հարություն Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը վստահում է քննչական մարմիններին և որևէ խնդիր չի տեսնում, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատ արձակվի։

Տիգրան Խաչատրյանը Հարությունի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով, վերջինիս ցուցմունքով երկու ամիս առաջ կալանավորվեց։ Քննչական կոմիտեն նախօրեին դիմել է Գլխավոր դատախազություն՝ Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ վկայակոչելով նոր ի հայտ եկած հանգամանքները։ Հանգամանքներից մեկն այն է, որ ծեծկռտուքի մասնակից Յուրա Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել և հայտարարել, որ ինքն է Հարությունի աչքին հարվածել, ոչ թե մարզպետի որդին։

«Եթե քննությունը, փորձագիտական եզրակացությունները, վկաները ինքնախոստովանում են, ու քննչական կոմիտեն ընդունում է, որ դա ճիշտ է, ինձ անհանգստացնող բան չկա։ Ամեն մեկը թող գնա, իր համար պատասխան տա։ Տիգրան Խաչատրյանը հրահրելու, կռիվը կազմակերպելու համար է, ինչի համար է, թե ինչ հոդվածով է դատվելու, թող դատվի։ Ինձ պետք է եղել իմանամ կոնկրետ իմ տղայի աչքին հարվածողը ով է եղել, որովհետև ամենածանր հարվածը դա է եղել»,- ասաց հայրը։

«Կռվի ժամանակ շատ են խփողները եղել»,- մանրամասնեց Գագիկ Զաքարյանը.- «Մարմնի բոլոր մասերում էլ հետք է եղել։ Ինքը տեսել է բոլորին, ինքը չի հրաժարվում, ցուցմունք չի փոխում, ասում է, որ եղել է [ծեծը], պնդում է իր ասածը, բայց եթե քննությունը պարզում է, և վկան խոստովանում է, իմ տղային ի՞նչ է մնում անել։ Վստահել ենք նախաքննությանը, ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել։ Սկզբից էլ վստահ եմ եղել նախաքննության անաչառությանը»։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ մարզպետը կարող էր միջամտել նախաքննությանը գոնե իր որդու համար, տուժողի հայրը պատասխանեց.- «Ո՞նց կարար միջամտեր, հինգ հոգի իր ընտանիքից դատվում է, ի՞նչ միջամտի, տղան էլ է դատվում, խի՞տղան չի դատվելու։ Թող ազատեն կալանքից, եթե օրենքը թույլատրում է, թող ազատեն, բայց դա չի նշանակում, որ նա պատասխանատվությունից հրաժարվելու է։ Ես վստահում եմ, ազնվությամբ վստահում եմ։ Նենց պահեր չկան, որ կարող են Զաքարյաններին կաշառեն, Զաքարյաններին կարող են վախեցնել։ Դա բացառված բան է։ Իրենք պիտի վախենան մեզնից, մենք վախենալու բան չունենք։ Վախեցող լինեի, էդքան չէի պայքարի։ Սյունիքի մարզում մինչև հիմա տասնյակ հազարավոր դեպքեր են եղել։ Թող մեկը մինչև վերջ գնար։ Գնացողը մենակ ե՛ս եմ եղել»։

Հարցին էլ, թե իրենց համոզելո՞ւ փորձեր եղել են, տուժողի հայրն ասաց՝ շատ են եղել.- «Մոսկվա են եկել, հասել, բժիշկ պրոֆեսորների մոտ են գնացել, ուզեցել են փոխել էնտեղ ինչ-որ եզրակացություններ, շատ դեպքեր են եղել։ Գայթակղիչ առաջարկություններ էլ են եղել մարդկանց միջոցով։ Անցած էտապ է։ Դուք էլ իմացեք, որ ոչ մի բանով չեն կարող ինձ գայթակղել»։

Գագիկ Զաքարյանը հավելեց, որ դատական կարգով բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում են պահանջելու Խաչատրյաններից։

XS
SM
MD
LG