Մատչելիության հղումներ

Հայաստանի և Վրաստանի սահմանային շրջանները կհամագործակցեն


Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ
Հայ - վրացական սահմանի Բագրատաշենի անցակետը, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում անդամ երկրների սահմանային շրջանների միջև համագործակցության ծրագրի իրականացումը մեկնարկում է:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Դիլիջանում հայտարարվելու են Հայաստան - Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հաղթողները:

Ծրագրում ընդգրկված են Հայաստանի կողմից՝ Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերի և Վրաստանի Քվեմո Քարթլի, Սամցխե Ջավախեթի տարածաշրջանների տեղական իշխանությունների, կազմակերպությունների, համայնքների ներկայացուցիչներ:

Եվրամիության այս ծրագրին մասնակցության 40 հայտ է ներկայացվել, և այսօր Դիլիջանում հայտարարվելու է, թե այդ հայտերից որոնք են հաղթող ճանաչվել:

Այս ծրագրին Եվրամիությունը հատկացրել է 1 միլիոն 350 հազար եվրո:

Նույն ծրագիրը՝ նույն գումարով, իրականացվում է նաև Վրաստան - Ադրբեջան սահմանամերձ շրջանների համագործակցության համար: Այստեղ ծրագրին մասնակցում են Ադրբեջանից՝ Գյանջայի, Ղազախի, Շեքիի, Զաքաթալայի շրջանները, իսկ Վրաստանից՝ Քվեմո Քարթլի և Կախեթի տարածաշրջանները:

Վրաստան - Ադրբեջան տարածքային համագործակցության ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 17-ը:

Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի նպատակն է աջակցել հարևան երկրների սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների, համայնքների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությանը և դա կատարել սոցիալական ու տնտեսական ընդհանուր մարտահրավերները, ընդհանուր խնդիրները լուծելու միջոցով:

Արևելյան գործընկերության այս ծրագիրը իրականացվում է Մոլդովա - Ուկրաինա, Հայաստան - Վրաստան, Ադրբեջան - Վրաստան և Բելառուս - Ուկրաինա սահմանային շրջաններում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սահմանային գոտու առանձնահատկությունները:

Ամբողջ ծրագիրն իրականացվում է 12․5 միլիոն եվրոյով:

Հայաստան - Ադրբեջան սահմանային համագործակցություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG