Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը պահանջում է պատժել Սմբատ Հակոբյանին ծեծողներին


Արտապատկերում Human Rights Watch-ի պաշտոնական կայքէջից
Արտապատկերում Human Rights Watch-ի պաշտոնական կայքէջից

Ազատամարտիկի դեմ հարձակման քննությունը փորձաքար է կառավարության համար, ընդգծում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը:

Ոչ մի խաղաղ ցուցարար չպետք է վախենա միայն իր տեսակետները արտահայտելու համար դաժան ծեծի ենթարկվելուց: Այս մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենի տեղակալ Ռեյչըլ Դենբերը՝ անդրադառնալով Հայաստանում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի փաստին:

Human Rights Watch-ը Հայաստանի իշխանություններին հորդորում է անհապաղ քննել տեղի ունեցածը և պատասխանատվության ենթարկել Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձանց:

Իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքում հաղորդագրությանը կից հրապարակվել են նաև ազատամարտիկի արյունոտ դեմքը պատկերող լուսանկարներ:

Human Rights Watch-ը հաղորդագրությամբ հիշեցնում է, որ Ազատամարտիկների դաշինքի ներկայացուցիչները մասնակցել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմին, այժմ քննադատում են կառավարությանը:

«Սմբատ Հակոբյանի վրա արգահատելի հարձակման քննության արդյունավետությունն իրական փորձաքար կլինի, թե որքան լրջորեն է Հայաստանի կառավարությունը վերաբերվում ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների [իրավունքները երաշխավորելու] իր հանձնառությանը», - շեշտել է Դենբերը:

Իրաապաշտպան կազմակերպությունն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Սմբատ Հակոբյանը Հայաստանի Անկախության օրը մասնակցել է կառավարության հետ անհամաձայնություն ունեցող մի քանի տասնյակ քաղաքացիների խմբի ակցիային: «Նրանք ունեցել են [հավաքի անցկացման] պաշտոնական թույլտվություն», - ասված է հաղորդագրությունում:

Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է, որ Սմբատ Հակոբյանի վրա հարձակումը վերջին մեկ տարում երկրորդ հայտնի փուլն է․ - «2014 թվականի վերջին անհայտ անձինք հարձակվել էին [դաշինքի] երեք ներկայացուցիչների վրա, որոնք մասնակցում էին ընդդիմադիր բողոքի ակցիաներին: Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդ հարձակումների համար»: Human Rights Watch-ը նաև մատնանշում է հունիսի վերջին, ապա սեպտեմբերին ոստիկանության կիրառած ուժը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից դժգոհ քաղաքացիների նկատմամբ:

«Հայաստանը միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և ունի ոչ միայն կոնվենցիայով երաշխավորված խաղաղ հավաքների իրավունքը հարգելու, այլև այդ իրավունքն իրացնողների անվտանգությունն ապահովելու և ուրիշների ապօրինի գործողություններից նրանց պաշտպանելու պարտավորություն», - նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ Հայաստանը պարտավոր է արդյունավետ հետաքննություն իրականացնել հարձակման գործերով և ընդգծում՝ ոստիկանության կողմից ուժի կիրառումը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, ըստ որոնց՝ ուժի կիրառումը սահմանափակվում է այն իրավիճակներով, երբ դա բացարձակ անհրաժեշտություն է:

Մոտ երկու ամիս առաջ՝ հուլիսի 14-ին Human Rights Watch-ի փոխտնօրենը Հայաստանի ոստիկանությանը կոչ էր արել թափանցիկ քննություն իրականացնել հունիսի 23-ի դեպքերի կապակցությամբ:

Իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույցում Հայաստանի իշխանությանը քննադատել էր խաղաղ ցույցերին միջամտելու փաստերի վկայակոչմամբ: Human Rights Watch-ը նկատել էր, որ անցյալ տարի միայն առաջին կիսամյակում խաղաղ ցույցերի ընթացքում առնվազն 70 քաղաքացի է զրկվել ազատությունից:

Կազմակերպությունը հիշատակել էր նաև Հայաստանում քաղաքական ակտիվություն դրսևորած անձանց նկատմամբ հետապնդումները՝ վկայակոչելով 2013 թվականի նոյեմբերի 5-ի «արժեքների հեղափոխության» գործով Շանթ Հարությունյանի և մյուսների կալանավորման հանգամանքը, Նախախորհրդարանի նկատմամբ իրականացված հետապնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG