Երեկ Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի վիճակը կայուն է։ Նա այժմ հիվանդանոցում է։
Անցյալ տարեվերջին, հիշեցնենք, ծեծի էին ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։ Դեպքից մի քանի օր անց չորս դիմակավորված անձինք հարձակվել էին ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Սուրեն Սարգսյանի վրա և ծեծի ենթարկել նրան։ Սարգսյանը գանգուղեղային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Ինձ հիշում եք, իրա վիճակն ինձնից մի քիչ ավելի վատ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սուրեն Սարգսյանը՝ մանրամասնելով․ - «Այսինքն, եթե իմ այտոսկրն էին կոտրել, թոքերս խառնել իրար, գանգս ճղել, իր մոտ էդ գանգի բացվածքը մի քիչ ավելի շատ էր, կար են տվել, էդ էլ պատճառը նա էր, որ ծեծողները քարով, բանով էին հարվածել անգամ։ Աննորմալ մոտեցում է եղել։ Թոքն է ծակված, բժիշկները բացել, այնտեղ խողովակ են դրել, փառք Աստծո, այնտեղ արյուն չէր լցվել, մաքուր էր, ախտորոշումը դրական էր այդ իմաստով։ Մի խոսքով, փառք Աստծո, ողջ է, բայց դաժան ծեծի են ենթարկել։ Գիտակցությունը տեղն էր։ Մեր գլուխները սովորաբար պինդ են»:-
Ազատամարտիկը, վկայակոչելով Սմբատ Հակոբյանին, նշեց, որ հանրահավաքից հետո քաղաքի կենտրոնում ինչ-որ մեկը մոտեցել է Հակոբյանին ու զրուցելու պատրվակով նրան հրավիրել հարակից տարածք։ «Բա՝ «զրուցելու բան կա», բա թե՝ «զրուցի», բա թե՝ «արի էս կողմ մտնենք»՝ դարպասից են կողմ, թե ինչ-որ փոքրիկ դալանի նման բան է եղել, բա թե՝ «էստեղ խոսիր», էդ վայրկյանին բռնել է վզից, ձեռքը գցել վզին, հարվածել ու քարշ տվել դեպի ներս։ Ուրեմն, այնտեղ ևս ինչ-որ տղերք են եղել, ու այդպես ջարդել են։ Ըստ իրա ասածի, ասել են՝ «դու ո՞վ ես, որ նախագահին բան ասես, կամ ո՞ւմ դեմ ես խոսում»», - պատմեց Սարգսյանը։
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի խոսքով, Հակոբյանին ծեծել են իր քաղաքական գործունեության համար։ «Մեր թողտվությունը բերեց նրանց լկտիացման։ Սմբատը ճանաչել է, գիտի ովքեր են, ում թիկնազորն են, ում կամակատարներն են։ Այնպես որ, եթե մինչև մեր տղերքի հավաքվելը իրենք իրենց խնդիրները չեն կարողանա՝ իշխանություններն ու օրինապահ մարմինները, լուծեն, դրանից հետո մենք ենք անելու», - ասաց Պետրոսյանը։
«Ազատության» ճշտող հարցին, թե Հակոբյանին ծեծել են իշխանության ներկայացուցիչներից մեկի՞ թիկնազորի անդամները, Պետրոսյանը պատասխանեց. - «Հիմա նմանատիպ խնդիրները լուծում են էդ լկտիացած ինչ-որ իշխանիկի պահապաններ, ախրանիկներ։ Երեկ, ովքեր բերել են իրեն հիվանդանոց, իր հետ խոսել են, ասել է՝ գիտի, թե ում տղերքն են։ Եթե իշխանությունները էդ լկտիներին չեն սանձելու, ուրեմն մենք ենք անելու, կկարգավորենք, չենք թողնելու էս երկրում իրենք բեսպրեդելի տարբերակները մտցնեն, վախի մթնոլորտ տարածելու տարբերակը չպետք է լինի»։
Պետրոսյանն ընդգծեց, որ Անկախության օրը ձեռք են բարձրացնել այն ազատամարտիկի վրա, որը կյանքը դրել է անկախության համար։ «Հենց Անկախության օրը նրան ծեծում են։ Եթե իշխանություն ունենայինք, իրենք պետք է ամենաառաջինը արձագանքեին, ու լույսը չպետք է բացվեր՝ էդ տականքները պետք է արդեն ձերբակալված լինեին։ Էդ նախկին եղած դեպքերը վաղեմություն չունեն, բայց մենք դրանց էլ ենք անդրադառնալու, և բոլորը պետք է պատժվեն, ովքեր առ այսօր անպատիժ են մնացել», - հայտարարեց ազատամարտիկը։
Հիշեցնենք՝ երեկ դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով միջադեպից րոպեներ առաջ մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ իշխանափոխության կոչով բողոքի ակցիային։ Ազատամարտիկը բազմաթիվ սալջարդերով և կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։