Մատչելիության հղումներ

«Ոչ» ասող մի շարք ուժեր համատեղ հռչակագիր ստորագրեցին


Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող մի շարք ուժեր այսօր համատեղ հռչակագիր ստորագրեցին, 19-ը սեպտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող մի շարք ուժեր այսօր համատեղ հռչակագիր ստորագրեցին, 19-ը սեպտեմբերի, 2015թ․

Նրանց պնդմամբ, «իշխանափոխությունը նոր Սահմանադրության նախագիծը տապալելու լավագույն տարբերակն է»։

Սահմանադրական բարեփոխումները մերժող մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում հռչակագիր ստորագրեցին, որով փաստեցին, թե «ձեռնամուխ են լինում քաղաքացիական անհնազանդության քայլերով նոր Սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ յուրացրած վարչախմբի հեռացման, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման գործին»։ Հռչակագիրն ընթերցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը։

Այսօրվա հռչակագրին միացած ուժերը նպատակ ունեն սահմանադրական բարեփոխումները տապալել նախքան հանրաքվեն, սակայն եթե այդ հարցում հաջողություն չունենան, պայքարը կշարունակեն նաև դրանից հետո։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը համակարծիք են այն հարցում, որ իշխանափոխությունը նոր Սահմանադրության այս նախագիծը տապալելու լավագույն տարեբերակն է։

Արմեն Մարտիրոսյան․ - «Իշխանափոխություն իրականացնելը և այդ ուղիով նաև հանրաքվեն տապալելը ճիշտ կլինի։ Ընդհանրապես, Սահմանադրության փոփոխության խնդիր պետք է առաջանա բացառապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններից հետո՝ երբ արտահերթ ընտրություններ կլինեն, իշխանափոխությունից հետո։ Ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կնախաձեռնի նաև սահմանադրական ժողովի հրավիրումը, այսինքն՝ մեր քաղաքացիները կընտրեն որևէ նախագիծ և դա կլինի հանրության պատվերը, որովհետև մինչ այժմ, ցավոք սրտի, դա ոչ թե եղել է հանրության պատվեր, այլ եղել է տվյալ պահի իշխանության պատվերը և իր հագով է կարվել»։

Գարեգին Չուգասզյան․ - «Սահմանադրությունը ինքնին, լավագույն Սահմանադրությունն անգամ, իմաստ պիտի ձեռք բերի այս ամբողջ բուրգի մեջ՝ իրավա-քաղաքական կարգավորման։ Երբ որ չկա սահմանադրականություն, երբ որ չկա ցանկություն՝ լսելու այլակարծությունը, և կա միակուսակցական մոնոպոլիա, որը ձգտում է արդեն կայունացնել իրեն, կայունացնել իր բռնապետությունը, էդ պայմաններում խոսել սահմանադրական որևէ տեքստի մասին անիմաստ է»։

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահը չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող ուժերը պառակտված են։

«Ես կարծում եմ, որ դա իրականության պարզ նենգափոխում է, ասացի, որ մեր այս համագործակցության անդամների մեծամասնությունը «Ոչ»-ի ճակատում ներկա են, և պատ չկա էս երկու գործընթացների միջև։ Սա կարելի է դիտել որպես երկու թևեր՝ նույն գործընթացի»,- ասաց ՀԽ-ի ղեկավարը։

«Ժառանգություն» կուսակցությունը «Ոչ»-ի երկու շարժումներին էլ միացել է։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, ի վերջո, այս երկու թևերը կմիավորվեն և իրենց համակարգված «Ոչ»-ը կասեն այս ողջ գործընթացին։

«Այնուամենայնիվ, գործողությունները մինչ այդ համաձայնեցված կլինեն, և ռազմավարական այն «Այո»-ն, որ մենք ասում ենք Հայաստանի ապագային, «Այո»-ն, որ ասում ենք իշխանափոխությանը, և «Ոչ»՝ Սահմանադրությանը, այս ամենը կիրականացվի համաձայնեցված աշխատանքի, դիմադրության շնորհիվ»,- շարունակեց Մարտիրոսյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում հավաքված ուժերը դեռ մեկ շաբաթ առաջ էին քննարկել այս հռչակագրի տեքստն ու նախաստորագրել այն։ Համաձայնություն չէր եղել, սակայն, «Միասնական հանրային փրկության ճակատ» անվանման շուրջ։ Գարեգին Չուգասզյանն այսօր նշեց, որ նոր անվանումը կհրապարակվի սեպտեմբերի 21-ին։

XS
SM
MD
LG