Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը կոչ է անում հետաձգել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն


Պլատֆորմն այսօր հանդես է եկել հայտարարությամբ։

Այսօր Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։

Հայատարարությունում մասնավորապես ասված է .- «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ չբացառելով, որ գործող Սահմանադրության մեջ առկա են բարեփոխման կարիք ունեցող դրույթներ, այդուհանդերձ, իր խորը մտահոգությունն է արտահայտում այն կապակցությամբ, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը և դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են և բխում են ոչ թե հասարակության և պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից»:

Ըստ պլատֆորմի, սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են մի ժամանակաշրջանում, երբ «բացակայում է սահմանադրական ճգնաժամը, և երկրում արդիական բարեփոխումների համար խոչընդոտ է հանդիսանում ոչ թե գործող հիմնական օրենքը, այլ սահմանադրական կարգի և երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման քաղաքական կամքի բացակայությունը»։

Հայտարարությունում նշվում է, որ նման փոփոխությունների համար «ձևավորված չէ հասարակական պահանջ, ինչի հետևանքով դժվար չէ կանխատեսել քաղաքացիների պասիվ մասնակցություն, հետևաբար նաև՝ առկա է մեծածավալ կեղծիքի վտանգ»։

«Իշխանությունների նախաձեռնության շուրջ չկա լայն քաղաքական կոնսենսուս, որը քաղաքակիրթ միջազգային պրակտիկայում գործող նախապայման է սահմանադրական հանրաքվեի անցկացման համար: Ամբողջ գործընթացի նկատմամբ քաղաքացիական և քաղաքական շատ կառույցների լուրջ և հիմնավորված վերապահումները խիստ սահմանափակում են նախագծի լայն, բաց, կառուցողական քննարկման ու բարելավման հնարավորությունները», - ասված է հայտարարությունում։

Ելնելով վերոնշյալից, ինչպես նաև «ներկա օրենսդրության թերություններից ու համապետական ընտրությունների արատավոր պրակտիկայից», պլատֆորմը նշում է, որ «դժվար է ակնկալել քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության վստահություն»։

«Վերջապես, Հայաստանի առջև ծառացած լրջագույն արտաքին և ներքին մարտահրավերների՝ օրինականության հաստատման, կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման հաղթահարման, աշխարհաքաղաքական ցնցումներին պատասխանների մշակման և այլնի նկատմամբ իշխանությունների կողմից հստակ և համարժեք քայլերի բացակայությունը չպիտի քողարկվի սահմանադրական բարեփոխումների պատրանքով, որն ընկալվում է սոսկ որպես քաղաքական նպատակներին հասնելու ձգտում: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումները տարանջատել այժմեական քաղաքական կոնյունկտուրայից, ինչն առկա զարգացումների պայմաններում անհնարին է», - ասված է հայտարարությունում։

Պլատֆորմը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ հետաձգել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն և այն նշանակել առաջիկա համապետական ընտրություններից հետո՝ կարճ ու ողջամիտ ժամկետներում, իսկ քաղաքական բոլոր ուժերին հորդորում է համաձայնության գալ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը հետագայում ծավալելու, ընդհուպ՝ փոփոխությունների վերաբերյալ սեփական մոտեցումներն իրենց նախընտրական ծրագրերում ներառելու շուրջ:

«Եվ որպես հանրային վստահության երաշխիք/նախապայման` ՀՀ իշխանություններից պահանջում ենք ապահովել գալիք ընտրությունների ազատ և արդար անցկացում», - ասված է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունում:

XS
SM
MD
LG