Մատչելիության հղումներ

Թուրք-քրդական բախումները շարունակվում են


Թուրք իրավապահները փակել են Ջիզրե տանող ճանապարհը: 9-ը սեպտեմբերի, 2015թ․
Թուրք իրավապահները փակել են Ջիզրե տանող ճանապարհը: 9-ը սեպտեմբերի, 2015թ․

Արյունալի բախումները Թուրքիայի հարավ-արևելքում չեն դադարում:

Վերջին օրերին ամենալարված կացությունը Ջիզրե քաղաքում էր, որն ավելի քան մեկ շաբաթ ոստիկանության և զինված ուժերի լիակատար շրջափակման մեջ էր: Քաղաքում պարետային ժամ էր հայտարարված, պաշտոնական Անկարան պնդում է, որ զբաղված էր Քրդական աշխատավորական կուսակցության` քաղաքում դիրքավորված զինյալների ոչնչացմամբ:

Այդ մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար բնակիչ ունեցող Ջիզրեն նաև տեղեկատվական լիակատար շրջափակման մեջ էր: Միայն պարետային ժամը վերացնելուց հետո թուրքական և միջազգային լրատվամիջոցները հնարավորություն ունեցան քաղաքի բնակիչներից տեղեկանալ հատուկ գործողության մանրամասների մասին:

«Մենք ահաբեկված ենք: Քաղաքում չկա ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ էլ խմելու ջուր: Մենք պարզապես սովի ենք մատնված: Թող այս ամենի համար Աստված պատժի Էրդողանին», - Reuters-ի թղթակից հետ զրույցում նշում էր Ջիզրեի բնակիչներից մեկը:

Պարետային ժամը չեղյալ հայտարարելուց հետո վերջապես Ջիզրե կարողացան մուտք գործել նաև քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավարները` Սելահաթին Դեմիրթաշի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ նրանց նախորդ նման փորձը կոպտորեն կանխվել էր թուրքական ոստիկանության կողմից:

«Մենք վիրավոր ընկերներ ունենք, ես նրանց շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Ինչ վերաբերում է ձեզ, ապա Ջիզրեի 120 հազար բնակիչներին տասը օր շարունակ պատանդի կարգավիճակում էին պահում: Տասը օր և տասը գիշեր ձեզ ռմբակոծում էին», - դիմելով Ջիզրեի բնակիչներին՝ հայտարարել է Դեմիրթաշը:

Նշենք, որ թուրքական ուժային կառույցների՝ Ջիզրեում իրականացրած հատուկ գործողության արդյունքում 16 մարդ է զոհվել: Նրանց հուղարկավորությունը կայացավ երեկ` վերածվելով բազմահազարանոց բողոքի ցույցի: Ջիզրեում բողոքում են, որ թուրքական կառավարությունը քաղաքի բոլոր բնակիչներին որպես ահաբեկիչներ է դիտարկում: Ջիզրեի բնակչուհի Մերյեմ Դեմրիքանը լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Էրդողանը մեզ բոլորիս Քրդական աշխատավորական կուսակցության անդամ է անվանում: Բայց մենք դրա հետ որևէ կապ չունենք: Այստեղ զոհված բոլոր մարդիկ քաղաքացիական անձինք էին: Մենք պարզապես ստիպված էինք խրամատներ փորել ու բարիկադներ կառուցել՝ մեր երեխաներին պաշտպանելու համար: Մենք այդ ամենը արել էինք միայն մի նպատակով, որպեսզի Էրդողանը չկարողանա մեզ սպանել»:

Ջիզրեում իրավիճակի որոշակի հանդարտեցմանը զուգահեռ երեկվանից դրությունը կտրուկ սրվեց Թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրում: Կիրակի օրվանից Ջիզրեի օրինակով ոստիկանությունը պարետային ժամ է հայտարարել քաղաքի կենտրոնում գտնվող պատմական Սուր թաղամասում: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ թաղամասում տեղի ունեցած բախումների արդյունքում յոթ թուրք ոստիկաններ վիրավորվեցին:

Թուրքական ուժային կառույցները փորձում են քաղաքի փողոցներից հեռացնել քուրդ ցուցարարներին, որոնք ի պատասխան բենզինով լի շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ:

Պաշտոնական Անկարան դեռ չի հստակեցնում, թե որքան է շարունակվելու Դիարբեքիրում ծավալված հատուկ գործողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG