Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները ՀՔԾ-ին մեղադրում են դանդաղկոտության մեջ


Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներից մեկը, 23-ը հունիսի, 2015թ․
Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից բռնության ենթարկված լրագրողներից մեկը, 23-ը հունիսի, 2015թ․

Փորձագետի համոզմամբ, իրավապահների նման վարքագծի հետևանքով Հայաստանը հետընթաց կարձանագրի միջազգային վարկանիշային զեկույցներում:

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրումից հետո արդեն անցել է երկու ամիս, սպառվել է քրգործի նախաքննության համար սահմանված ժամկետը, սակայն մեղադրյալներ դեռ չկան։ Հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամանակ է խնդրել նախաքննությունը շարունակելու համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը համարում է, որ պետական մարմինները գործի քննությանը մատների արանքով են նայում: Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ այս ծավալուն գործով միայն մեկ քննիչ է զբաղվում:

«Այդ գործում ներգրավված են ոչ միայն լրագրողները, այլև ակտիվիստները, ցույցի մասնակիցները, և փաստորեն ստացվում է, որ շատ ծավալուն ու մեծ գործ է, մեկ քննիչը ուղղակի ֆիզիկապես չի կարող այդ ամբողջ աշխատանքը կատարել: Միգուցե դա է պատճառը, որ 24 տուժած լրագրողներից 6-ը երկու ամսվա ընթացքում դեռ չեն հարցաքննվել: Դա մեր ցուցակն է, մեր գնահատականն է և մեր փաստերի հիման վրա եմ ես ասում, որ 24 տուժած լրագրողներ և օպերատորներ կան։ Սա չափից դուրս դանդաղկոտություն է մեր գնահատմամբ»,- ասում է Մելիքյանը։

Ըստ նրա, տարին աննախադեպ էր լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների թվի առումով, անգամ անհամեմատելի՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Կոմիտեի տվյալների համաձայն, միայն այս տարի ֆիզիկական բռնության է ենթարկվել 20 լրագրող, որոնցից 13-ը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցի ժամանակ։

«Տագնապալի ցուցանիշ է, ես կարծում եմ, որ այս ամենին կհետևեն միջազգային կազմակերպությունների բավական խիստ գնահատականներ, և ոստիկանական գործողությունների հետևանքով Հայաստանը նահանջ կապրի միջազգային կազմակերպությունների ռեյտինգներում: Եվ արդեն դժվար է հավակնել ազատ կամ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքը դասվելուն»։

Ըստ Աշոտ Մելիքյանի, քննչական մարմինները փորձում են այնքան ձգձգել, որպեսզի լրագրողները հոգնեն և հրաժարվեն պայքարից։ iLur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանը, սակայն, որոշել է իր իրավունքների համար պայքարը շարունակել մինչև վերջ: Պատրաստ է անգամ Եվրոպական դատարան դիմել։ Լրագրողը պատմում է, որ այդ օրը նկարահանել է ինչպես բռնության ենթարկվող ցուցարարների, այնպես էլ փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին՝ օպերատորներից մեկից խցիկը խլելիս ու գետնին նետելիս։ Դրանից հետո ոստիկանները Հակոբ Կարապետյանի ձեռքից վերցրել են հիշողության կրիչն ու այդպես էլ չեն վերադարձրել: Ավելին՝ գործարք են առաջարկել։

«Իրենց բարձրաստիճան աշխատակիցներից մեկն ասաց, որ ոստիկանությունում որոշել են էդ օրվա հետ կապված լրագրողների բոլոր վնասները փոխհատուցել, անկախ նրանից, թե պատճառը որն է եղել: Ասաց, թե պատրաստ ենք նաև ձեր չիպը փոխհատուցել։ Համաձա՞յն եք։ Ասացի՝ իհարկե համաձայն եմ, ասաց՝ իսկ դրանից հետո դուք ձեր դիմումը հետ կվերցնե՞ք։ Ասացի՝ իհարկե հետ չեմ վերցնի։ Դրանից հետո փոխհատուցման մասին ոչ մի խոսք չկա։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ նրանք փոխհատուցումը խոստանում էին բողոքից հրաժարվելու դիմաց»,-պատմում է Կարապետյանը։

Լրագրողն այս ամիսների ընթացքում միայն մեկ անգամ է հարցաքննվել։ Նա նույնպես համոզված է՝ գործը ձգձգում են, որպեսզի այն կորցնի հասարակական հնչեղությունը։

«Արդեն ակնհայտ էր առաջին օրերից, որ խնդիրը ինչ-որ փակուղի տանելու կամ ձգձգելու գործելաոճ են որդեգրելու, որովհետև ամեն ինչ էնքան ակնհայտ է: Ե՛վ հրաման տվողների անուններն են հայտնի, տեսանյութերում նրանք երևում են շատ լավ, և՛ կատարողներն են շատ լավ հայտնի, և՛, ի վերջո, մեր ոստիկանությունը անընդհատ հայտարարում է, որ ինքը պրոֆեսիոնալ ոստիկանություն է»,- շարունակում է iLur.am-ի թղթակիցը ։

Լրագրողական կազմակերպություններն իրենց մտահոգությունների մասին քննչական մարմնին ավելի վաղ էլ են հայտնել, գրավոր հարցումներ ուղարկել, սակայն դրանք անպատասխան են մնացել։ Հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են, թե չեն կարող նախաքննական գաղտնիք հրապարակել։

«Ազատության»՝ խնդրին առնչվող հարցերը ևս անպատասխան մնացին։ Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը միայն ասաց, թե նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG