Մատչելիության հղումներ

Ալվինա Գյուլումյան․ Մարտի 1-ի սպանությունների գործերը Եվրադատարանում «բնական ընթացքում են»


«Ազատության» հետ հարցազրույցում Գյուլումյանը հերքեց փաստաբանների կասկածները, թե գուցե ինքը դերակատարություն է ունեցել այս գործերի քննության ձգձգման հարցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նախկին ազգային դատավոր Ալվինա Գյուլումյանը համոզված է, որ 2008-ի մարտի 1-ի սպանությունների գործերը Եվրադատարանում «բնական ընթացքում են»: Նա նշեց, որ «ըմբռնումով» է ընկալում իր հասցեին հնչող քննադատությունը։

Սպանվածների իրավահաջորդների` 2011-ի մայիսին ուղարկված 9-ը բողոքների վերաբերյալ Եվրադատարանում դեռևս քննություն չի սկսվել:

Նախկին դատավորը վկայակոչեց սպանությունների գործերով Հայաստանում դեռ շարունակվող նախաքննությունը. - «Դեպքերը տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ին: Դրանից հետո ներպետական քննություն է ընթանում: Եկեք ընդունենք, որ ցանկացած քրեական գործով քննությունը առնվազն մեկ տարի ընթանում է: Եթե ոչ ավելի: Իսկ նման կարգի բարդ գործերը, երբ որ հարյուր հազարավոր մարդիկ էին գործընթացի մեջ, բնական է, ավելի երկար քննության ժամկետ են պահանջում: Բերեմ մի կոնկրետ օրինակ․ 89 թվականի Բուխարեստի դեպքերի վերաբերյալ վերջնական վճիռը Եվրոպական դատարանը կայացրեց 2008-2014 թվականներին, այս վերջին վեց տարիների ընթացքում: Դե հիմա հաշվեք․ մեր Մարտի 1-ը և 89 թվականի Բուխարեստի մասսայական այդ սպանությունները, ցուցարարների ջարդը քանի տարի հետո է քննվել: Ուղղակի մեզ բնորոշ է անհամբերությունը: Մենք մտածում ենք, թե դա օր առաջ պետք է լուծվեր: Գործերը իրենց բնականոն ընթացքով գնում են»:

Ալվինա Գյուլումյանը համաձայնեց, որ կյանքի իրավունքի խախտման գանգատները Եվրադատարանն առհասարակ քննում է առաջնահերթության կարգով. - «Երբ որ սպառնում է կյանքին վտանգ, բնականաբար, դա պետք է օր առաջ քննարկվի: Բայց երբ որ արդեն դեպքը եղել է և զուտ քննությանն է վերաբերում, պետք է սպասել ներպետական ատյաններում գործի ընթացքին»:

Հարցին, թե չի կարծում արդյոք, որ Հայաստանում Մարտի 1-ի սպանությունների գործերով քննության խելամիտ ժամկետներն անցել են, Գյուլումյանն արձագանքեց․ - «Յոթ տարի է անցել: Արդեն երևի ժամանակն է, արդեն երևի կանդրադառնան այդ գործերի քննությանը․․․ Ես կարծում եմ, որ այս ընթացքը բավարար էր, որպեսզի որևէ եզրահանգման ներպետական դատական ատյանները հանգեին»:

Անդրադառնալով փաստաբան Վահե Գրիգորյանի՝ «Ազատության» եթերում արած հայտարարությանը, թե փոքր տեղաշարժ սպանությունների գործով Եվրադատարանում արձանագրվեց, երբ ինքն արդեն դատավոր չէր՝ Գյուլումյանն արձագանքեց․ - «Այդպիսի մեղադրանք ասեմ, թե կարծիք ասեմ հայտնել կարող է մի անձ, որը տեղյակ է գործի քննության ընթացքին Եվրոպական դատարանում: Եթե ինքը չգիտի, թե գործը ինչ ընթացքով է գնում, ինքը կարող է ամեն մեկին մեղադրել: Շատ հնարավոր էր, որ իմ հեռանալուց հետո, հենց հաջորդ օրը արդեն դրանով կոմունիկացիա լիներ: Բայց դա նախապատրաստական փուլ է անցել․․․ Եվ եթե Վահե Գրիգորյանը ծանոթ չէ, ապա ես գոնե գիտեմ, որ շուրջ երկու տարի օբյեկտիվ պատճառով չի եղել հայկական գործերով զբաղվող իրավաբան»:

Նրա պարզաբանմամբ՝ գործող իրավաբանը գտնվում էր արձակուրդում․ - «Գտնվում էր օրենքով, եվրոպական կանոնակարգերով իրեն տրվող երկամյա արձակուրդի մեջ․․․ Իսկ փոխարինողի համար պետք էր նոր կոնկուրս հայտարարել, որը նույնպես մեկ տարուց ավել ձգվում է: Ես ուղղակի մի պատճառ ասացի, որ կարող էր չլինել։ Չնայած չեմ ասում, որ դա է իր ազդեցությունը ունեցել: Ավելի շուտ իմ ասածն է՝ պետք է սպասել, տեսնել երկիրը ինչ ընթացք է տալիս այդ գործերին»:

«Բնականաբար, այդ գործերին առաջնահերթություն է տրվել, նրանք մեր առաջնահերթության ցուցակում են գտնվել», - շարունակեց Գյուլումյանը: - «Եթե Ձեր նշած փաստաբանը, որը, եթե չեմ սխալվում, մեր մոտ մասնակցում էր դատավորների թեկնածուների այդ մրցույթին, հանկարծ հաղթեր ու դատավոր դառնար, ինքը գնում էր այն հավակնությամբ, որ ինքը պետք է կարողանար հայկական գործ հետաձգել կամ առա՞ջ գցել: Դա ծիծաղելի է նույնիսկ: Այդպիսի բան չկա»:

«Ազատության» դիտարկմանը, որ աշնանը ազգային դատավորի ընտրության ժամանակ տարբեր այլ փաստաբաններ ևս մտահոգություն են հայտնել այս տարիների ընթացքում Հայաստանին առնչվող հատկապես քաղաքական գործերի քննության ձգձգման առնչությամբ, Ալվինա Գյուլումյանը հակադարձեց. - «Իսկ իրե՞նք էին Գրիշա Վիրաբյանի գործի քննությանը մասնակցել և կարծիք հայտնել, եթե քաղաքական գործերը ձգձգում էինք: Իրե՞նք էին, որ վարչական կալանքների վերաբերյալ գործերին ընթացք տվեցին, կամ «Ա1»-ի հետ կապված գործը․․․ Ո՞րն էր առավել քաղաքական: Այդպիսի գործ չեք տեսնի, որ ես խախտմանը դեմ քվեարկած լինեմ: Ստացվել է, որ գործը քննող դատավորները, դատախազները նեղացած կեցվածք են ընդունում, որովհետև Գյուլումյանը իրենց չպաշտպանեց, բոլոր գործերով խախտում գտան, իսկ հակառակ կողմը գտնում է, որ Գյուլումյանը ձգձգեց: Ամեն մեկինը իր խղճին: Մեկին պետք է թիրախ գտնե՞ն, թե՞ չէ: Ես դրան ըմբռնումով եմ մոտենում»:

XS
SM
MD
LG