Մատչելիության հղումներ

Լյուքսեմբուրգում քննարկվել է նաև Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրադրությունը


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, Բրյուսել, 22-ը հուլիսի, 2014թ․

Ֆեդերիկա Մոգերինին, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ հարցերն են քննարկվել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդակցության ժամանակ։

Հայաստանում և Ադրբեջանում ստեղծված իրադրությունը մի շարք այլ խնդիրների հետ միասին ընդգրկված է եղել Եվրամիության արտաքին գործերի նախարարների` Լյուքսեմբուրգում կայացած երկօրյա հավաքի օրակարգում: Այս մասին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Քննարկել ենք նաև հարաբերությունները մեր արևելյան գործընկերների հետ: Մասնավորաբար, լուրջ ուշադրություն ենք դարձրել Բելառուսում վերջերս տեղի ունեցած հուսադրող իրադարձություններին: Գիտեք, որ այնտեղ օգոստոսի 22-ին ազատ են արձակվել մի շարք [քաղաքական] բանտարկյալներ: Անդրադարձել ենք նաև Վրաստանում ու Մոլդովայում ծավալվող զարգացումներին, ուշադրություն ենք դարձրել նաև Ադրբեջանում և Հայաստանում տեղի ունեցող դեպքերին», - հայտարարել է Մոգերինին:

Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց, թե Հայաստանին կամ Ադրբեջանին վերաբերող հատկապես որ հարցերն են քննարկվել Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության ժամանակ: Մոգերինիի խոսքով, օրակարգի առանցքային թեմաներն են եղել փախստականների աննախադեպ հոսքը դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա, ինչպես նաև Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Երեկ մենք բավական լավ քննարկում ունեցանք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ: Երբ Ռուսաստանի հետ մեր քննարկումները վերաբերում են փախստականների հետ կապված իրավիճակին, Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, Իրանի միջուկային ծրագրին, կարող ենք արձանագրել, այդ շփումները կառուցողական են: Դրա հետ մեկտեղ, մենք չպետք է մոռանանք, որ Եվրամիության արևելյան հարևանները որոշ դեպքերում բավական լուրջ դժվարությունների են բախվում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա մենք մեկ անգամ ևս վերահաստատեցինք մեր հավատարմությունը Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարմանը», - նշել է Մոգերինին` հավելելով, սակայն, որ Լյուքսեմբուրգում կայացած քննարկումների մեծ մասը վերաբերել է փախստականների ճգնաժամին:

«Օրեցօր ավելի հստակ է դառնում, որ այս ճգնաժամը չի հարվածելու անդամ այս կամ այն պետությանը, այն հարվածելու է ողջ Եվրամիությանը: Դեռ ամիսներ առաջ էր, որ այս խնդրի մասին բարձաձայնում էին միայն մի քանի պետություններ` Իտալիան, Հունաստանը, Մալթան կամ Իսպանիան: Այսօր մենք խոսում ենք նաև Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի մասին: Չի բացառվում, որ հետագայում ճգնաժամն այլ պետությունների ևս հարվածի: Եվ ես հուսով եմ, որ մենք բոլորս վերջապես հասկացանք` այդ մարդիկ գալիս են Եվրոպա, այլ ոչ թե Եվրամիության անդամ հանդիսացող այս կամ այն պետություն», - հայտարարել է Մոգերինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG