Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները փորձում են «թույլ չտալ, որ գործարանը սնանկ ճանաչվի»


«Նաիրիտ» գործարանը, արխիվ
«Նաիրիտ» գործարանը, արխիվ

Գործարանի ղեկավարությունը, մինչդեռ, վստահեցնում է՝ բավարար միջոցներ ունեն ՀԷՑ-ին ունեցած 1․2 միլիարդ դրամի պարտքը մարելու համար: Բայց եթե անգամ գործարանը սնանկ ճանաչվի, դա չի նշանակում, թե այն կփակվի:

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողները դարձյալ հավաքվել էին: Այս անգամ նրանց բողոքավայրը Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակն էր: Նաիրիտցիներն ասում էին՝ թույլ չեն տալու, որ դատարանը «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու մասին որոշում ընդունի։

Գործարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 1.2 միլիարդ դրամի պարտք ունի: ՀԷՑ-ը դեռ ապրիլին է դիմել դատարան՝ «Նաիրիտ»-ը սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանի բակում հավաքված նաիրիտցիները մտավախություն էին հայտնում, որ եթե հայցը բավարարվի, ապա քիմիական հսկան ոտքի կանգնեցնելու այլևս ոչ մի հույս չի մնա։

«Չենք իմանում ինչի ա գնալու սա, իսկապես սնանկացնելու են և փոշիացնե՞ն, ոնց որ «Հայէլեկտրո»-ն և մնացածները։ ինչքան գործարաններ կան, որ հիմա չեն գործում, ընդամենը տարածք է, որ մնացել է, ավերակ է ուղղակի, ինչ իմանանք, որ «Նաիրիտն»-էլ չի վերածվի նման մի ավերակ տարածքի»։ «Հայաստանում ոչ մի արդյունաբերական ձեռնարկություն չկա, նաև քիմիկների կարիք չկա, և այս տարիքում մարդիկ մեզ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում։ Չգիտեմ ով պետք է ինձ ապահովի, որ ես կարողանամ գոյատևել։ Պարոն նախարար, կամ հարգելի կառավարություն, դուք մտածու՞մ եք այն 1700 հոգու և նրանց ընտանիքների մասին: Եթե բազմապատկենք, մոտավորապես 10 հազար հոգի «Նաիրիտ»-ի կարիքն ունեն»,-դժգոհում էին գործարանի նախկին աշխատողները։

Գործարանի իրավաբանական ծառայության պետ Արմեն Աբովյանը նրանց վստահեցնում էր՝ կառավարությունն անում է հնարավորը, որ գործը սնանկությանը չհասնի։ ՀԷՑ-ի հետ էլ շարունակում են բանակցել։ Նույնիսկ եթե գործարանը սնանկ ճանաչվի, դա չի նշանակում վերջնական փակում, վստահեցնում էր Աբովյանը։ «Սնանկ ճանաչել դեռևս չի նշանակում ընկերության լուծարում։ Դա դատական վարույթում իրականացվող գործընթաց է, որ նշանակում է, որ այդ ընթացքում հնարավոր է, որ ընկերությունը առողջանա»։

Իրավաբանը վստահեցնում է՝ գործարանը միջոցներ ունի և առանց դատարանի միջամտության էլ կկարողնա պարտքերը մարել։ «Նաիրիտը շուրջ 70 միլիարդի կարգի գույք ունի։ Միայն հողը բազմապատկեք ինչ-որ թվով և կհամոզվեք, որ գործարանն այսօր սնանկ վիճակում չի»,-ասում էր Աբովյանը։

«Ազատության» հարցին՝ իրենք ՀԷՑ-ի պարտքը մարելու ի՞նչ առաջարկներ են ներկայացնում այն դեպքում, երբ գույքը դեռ գրավադրված է, իրավաբանը խուսափողական պատասխան տվեց․ «Ես չեմ կարող ասել ինչ խնդիրներ կլուծվեն, միգուցե հնարավոր լինի վերագործարկել»:

Դատական նիստը կարճ տևեց հայցվոր կողմի՝ ՀԷՑ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով։ Գործարանի ներկայացուցիչ Արմեն Աբովյանը դատավորից ժամանակ խնդրեց բանակցությունները շարունակելու և պարտքի մարման համար միջոցներ գտնելու համար։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերին։ Մինչ այդ Ազգային ժողովում կսկսվեն «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի աշխատանքները։ Նաիրիտցիներն այսօր նշում էին, որ վերագործարկման համար ծավալված պայքարն ավելի են ակտիվացնելու։

«Ամեն ինչ անում են, որ ժողովրդին հետ կանգնեցնեն։ Բայց մենք պատրաստ ենք պայքարելու «Նաիրիտ»-ը աշխատեցնելու համար։ Այն մեզ համար միայն գործարան չի, միայն աշխատատեղ չի։ Հանրապետության մասշտաբով հսկայական գիգանտ է: Եվ այն աշխատեցնելով՝ կարելի է մի քանի գործարան վերագործարկել», - ասում էին նրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG