Մատչելիության հղումներ

Իրավաբաններն ու իրավապաշտպանները մեկնաբանում են Ռուբեն Հայրապետյանին առնչվող միջադեպով քրեական գործ չհարուցելը


«Ազատության» հետ զրույցներում իրավաբաններն ու իրավապաշտպանները վստահ չէին, թե Գլխավոր դատախազությունը նույն կերպ կվարվեր, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխարեն «Էյր Արմենիայի» տնօրենին ծեծի ենթարկեր պակաս ազդեցիկ որևէ անձ։

Դատախազությունը, ինչպես հայտնի է, երեկ հրաժարվեց քրեական գործ հարուցել Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով՝ միաժամանակ հիմնավորված համարելով, որ Հայրապետյանը Ավետիսյանին բռնության ենթարկել է՝ նրա առողջությանը պատճառելով թեթև կամ առավելագույնը՝ միջին ծանրության վնաս։

Դեպքը օգոստոսի 15-ի երեկոյան էր տեղի ունեցել: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն նկարագրված են դեպքին առնչվող բոլոր անձանց՝ այդ թվում տուժողի, նրա կնոջ և Հայրապետյանի ցուցմունքները։ Նախ կինն է հաղորդում տվել, որ Հայրապետյանի թիկնազորը ամուսնուն առևանգել է, այնուհետև դեպքի հաջորդ օրը, մինչև հաշտվելը, ծեծված Արսեն Ավետիսյանը իրավապահներին պատմել է, որ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել Ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է իրեն տանել դեպի սրճարանի հետնամասը, ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն Հայրապետյանի թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս ցուցմունքից երկու օր անց նա այլ բացատրություն է տվել՝ նշելով, թե Ռուբեն Հայրապետյանն է բռունցքով հարվածել իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել, ձեռքով փակել է դեմքը, ստացել բազմաթիվ հարվածներ, բայց չի կարող նշել, թե ով է իրեն հարվածել։ Այսինքն, այլևս չի խոսել թիկնազորի մասին՝ հերքելով նաև իրեն առևանգելու մասին կնոջ պնդումներն ու, ըստ էության, ասելով այն, ինչ Ռուբեն Հայրապետյանն է նշել իրավապահներին տված բացատրության մեջ։

Հայրապետյանը ևս ծեծը վերագրել է բացառապես իրեն՝ նշելով, որ պարտք եղած գումարը Արսեն Ավետիսյանը չի վերադարձրել, դրա համար զրույցը վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին:

Ու քանի որ երկուսն էլ հերքել են Ավետիսյանին առևանգելու ու ազատությունից զրկելու վարկածը, Գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ այս մասով գործ հարուցելու հիմք չկա, իսկ ծեծի մասով չի հարուցվել, որովհետև կողմերը հաշտվել են, չկա դիմողի բողոքը։

Նշված է, որ դեպքի հանգամանքները համապատասխանում են մեկ անձի կողմից մյուսի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության կամ թեթև վնաս հասցնելու մասին հոդվածներին, ինչի դեպքում, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում։

Իրավաբան Տիգրան Աթանեսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դատախազության մեջբերած հոդվածները քրեական գործ չհարուցելու հնարավորություն տալիս են: Այլ հարց է, որ ցանկության դեպքում կարող էր այլ հոդված կիրառվել։ Օրինակ, եթե միջադեպը դիտարկվեր Ավետիսյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու տեսանկյունից, քրեական գործ պետք է հարուցվեր՝ անկախ բողոքից:

«Խնդիրն այն է, որ պարզապես ոչ ոք չի հավատում, որ դա այն է, ինչ որ նկարագրվում է։ Օրինակ, միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածի առաջին մասը մասնավոր բողոքի հանցակազմ է սահմանում, իսկ երկրորդ մասը՝ օրինակ, մի քանի հոգու կողմից ծեծելը՝ արդեն հանրային հետապնդման: Ի՞նչ են անում մեր իրավապահ մարմինները: Որպեսզի ստուգեն, թե ինչ է տեղի ունեցել, հարուցում են երկրորդ մասով, տուժողներին ավելի են տուժող դարձնում, հալածում են և փորձում են պարզել ճշմարտությունը: Ամեն դեպքում միանգամից մերժվում են կամ չեն հարուցվում քրեական գործեր, երբ որ, օրինակ, կինը ամուսնու վրա բողոքում է: Որ բոլորը գիտեն, որ երկու օր հետո գալու են հաշտվեն, ընթացք չեն տալիս՝ հասկանալով, որ ընտանեկան վեճ է․․․ Այստեղ միանգամից չհարուցեցին»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Ռուբեն Հայրապետյանը իշխող Հանրապետական կուսակցության հենարան օլիգարխներից է, մյուս կողմից էլ ցավ հայտնեց, որ տուժող գործարարը պահանջատեր չեղավ. - «Դարձել է սովորական պրակտիկա՝ հանրային աղմուկ բարձրացնել և գնալ զիջումների: Այս ևս մեկ տնտեսվարող սուբյեկտը, որը շատ լավ ծանոթ է օլիգարխիայի խաղերի կանոններին, ուղղակի հանրային աղմուկ բարձրացրեց, որպեսզի կարողանա սակարկել: Ուղղակի նրանք բոլորը այնքան միահյուսված են տարբեր գործերով և գործարքներով, որ սպասելի էր, որ կարողանան համաձայնության գալ»:

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի կարծիքով, կողմերի ցուցմունքները ակնհայտորեն համապատասխանեցված են, որպեսզի Հայրապետյանն ազատվի պատասխանատվությունից։ Կիվիրյանը չի մեղադրում Արսեն Ավետիսյանին՝ համոզմունք հայտնելով, որ այլապես նա կզրկվեր բիզնեսից կամ կլքեր Հայաստանը. - «Տարիներ շարունակ Ռուբեն Հայրապետյանը բարեհաջող կերպով խուսափել է ցանկացած տեսակի պատասխանատվությունից: Մարդը չի էլ թաքցնում իր կենսագրությունը, ցույց է տալիս, թե ինքը ոնց է լուծում հարցերը․․․ Սակայն ինքը միշտ պլստում է: Որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ծառայում է իր և մնացած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների շահերը սպասարկելու համար: Այսինքն, արտասովոր որևէ բան տեղի չունեցավ: Հակառակը՝ եթե այլ ընթացք ստանար գործը, դա կլիներ արտասովոր»:

XS
SM
MD
LG