Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները միլիոնավոր դրամների կորուստներ են կրել


Բողոքի ակցիա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, արխիվ
Բողոքի ակցիա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, արխիվ

Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող երկու ընկերություններն անցած տարի միլիոնավոր դրամների կորուստ են կրել՝ հայտնվելով 1 միլիոն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկատուների ցանկում:

Ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատի» հարկային վնասները հասնում են ավելի քան 122 միլիոն դրամի, իսկ ֆրանսիական «Ամունդի Ակբայինը»՝ ավելի քան 87 միլիոնի։ Սա նշանակում է, որ Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային ընկերությունները դեռևս չեն կարողանում օգուտներ քաղել, «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

«Այսինքն սա պարզ ցույց է տալիս, որ եթե իրենք օրենք ուժով նախատեսում էին ունենալ մի քանի հարյուր հազար ֆոնդի մասնակից, այսօր մի քանի տասնյակ հազար է, և քանի որ նրանց եկամուտները ձևավորվում են այդ տոկոսավճարներից, պարզ է, որ իրենց եկամուտները ավելի քիչ են»,- ասաց Թունյանը։

Ընկերությունների ծախսերը գերազանցել են եկամուտները, սակայն դա չի ստիպել կառավարիչներին շենքային պայմանների, աշխատավարձերի սահմանման հարցում զսպվածություն ցուցաբերել: Կառավարիչների ֆինանսական հաշվետվությունից, ըստ Թունյանի, հստակ երևում է՝ ընկերությունների վարչական ծախսերը շատ մեծ են եղել:

«Կաշխատեն այնքան ժամանակ, մինչև այդ վնասաբերությունը թույլատրելի չի լինի, կամ երեք տարի հետո, երբ օրենքի փոփոխությունը կսկսի աշխատել ու մասնավոր հատվածը նույնպես կներգրավվի այս ֆոնդերի մեջ»,- կարծում է տնտեսագետը։

«Գործունեության առաջին տարիներին վնաս գրանցելը, ըստ էության, օրինաչափ է տարբեր ոլորտների նորաստեղծ ընկերությունների համար»,- «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց «Ցե-Կվադրատի» գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:

Մինչդեռ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կասկածում է, որ առաջիկայում այդ ֆինանսական խնդիրները կլուծվեն: Ըստ Խաչատրյանի՝ ուժով ներդրված, սոցիալական վստահության չարժանացած համակարգը դատապարտված է ձախողման:

«Եթե հիմա ինչ-որ մեկը փորձվի այդ համակարգից օգտվել, կարող են ասել՝ գիտեք, ձեր գումարները դեռևս շահույթ չեն բերել, դեռ պիտի շնորհակալ լինեք, որ կորուստներ չունեք, ինչպես Ռուսաստանում է տեղի ունենում, երբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երկու տարի սառեցրել իր եկամուտների բաշխումը։ Ես չեմ կասկածում, որ մեզ մոտ էլ այդպես կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսական վիճակը վատթարացել է այդ օրենքի ընդունումից հետո»,- ասաց Խաչատրյանը։

Մյուս կառավարիչը՝ «Ակբա Ամունդի» ընկերությունը իր ֆինանսական խնդիրները կապում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների հետ: Հին օրենքով՝ 270 հազար մասնակից պետք է ներգրավվեր համակարգում, նոր օրենքը մոտ մեկ երրորդով կրճատեց այս թիվը՝ մինչև 2017 թվականը ներառելով միայն պետական հատվածի աշխատողներին և կամավորներին:

«Դեմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանը չի հավատում, թե երկու տարի հետո, երբ մասնակիցների թիվն ավելանա, կառավարիչների գործերը կբարելավվեն: Փաստարկում է՝ կառավարիչները հաշվարկներն արել են հին օրենքով, մինչդեռ նորը կուտակային վճարման առավելագույն չափ է սահմանել՝ արձանագրելով, որ 25 հազար դրամից ավելի հնարավոր չի լինի փոխանցել ֆոնդերին:

«Այն, որ սա էլ ավելի է ռիսկային դարձնում այս ֆոնդերը, միանշանակ է։ Այն, որ վնասով են աշխատում, վաղն էլ կարող են ունենալ լիկվիդացիոն ռիսկեր, որը նշանակում է՝ նրանք կարող են անվճարունակ ճանաչվել։ Այսինքն խնդիրները բացահայտ են, վստահ եմ, մյուս տարի ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»,- ասաց Թանդիլյանը։

Կառավարիչները դժվարանում են պատասխանել, թե դեռ ինչքան վնասով կաշխատեն՝ ավելացնելով, որ հասարակության հավատն ու վստահությունը վաստակելը երկարաժամկետ գործընթաց է: Առայժմ կառավարիչները հայտնում են, որ Հայաստանից հեռանալու մտադրություն չունեն: Տնտեսագետ Թունյանն վստահ է՝ եթե Հայաստանի իշխանությունները օրենքով սահմանված երաշխիքներ տված չլինեին, կառավարիչները առհասարակ Հայաստան չէին գա։

«Եթե օրենքը վաղը մտնի ուժի մեջ, բողոքի ակցիաներ չլինեն, բոլորին պարտադրեն, կազմակերպությունները կմնան։ Եթե ոչ, ինձ թվում է՝ իրենք չեն մնա, որովհետև այս դինամիկան ցույց է տալիս, որ սեփական կամքով այս համակարգի մեջ ընդգրկվողների թիվը գրեթե զրոյական է, վստահություն չկա»,- ասաց Թունյանը։

Ըստ տնտեսագետների՝ եթե կառավարիչները շարունակեն նույն տեմպերով վնասներ կրել, վաղ թե ուշ դա կազդի նաև ֆոնդի մասնակիցների վրա: Վահագն Խաչատրյանի համար ներկայիս ցուցանիշներն են արդեն իսկ վկայում են, որ պարտադիր կերպով ներդրված համակարգը երկար կյանք չի ունենա։

XS
SM
MD
LG