Մատչելիության հղումներ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քննել Առաքել Մովսիսյանի վարքը


Առաքել Մովսիսյան, արխիվ
Առաքել Մովսիսյան, արխիվ

ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի կարծիքով, հանձնաժողովի ստեղծումից ի վեր խորհրդարանում որոշակի զսպվածության մթնոլորտ է ստեղծվել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին դիմում է ներկայացրել հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ, ով ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:

«Հենց պատգամավորի և պաշտոնատար անձի վարքագծին հարիր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը մեկ տարի առաջ կրկին ստիպված էր քննել մականունավոր պատգամավորի վարքագիծը, երբ վերջինս գազային պայմանագրի վավերացման ժամանակ, արձագանքելով դրա դեմ բողոքող լրագրողներին, հայտարարեց` «էս կապիկներին էլ հանեք ստեղից:

Այս միջադեպից հետո հանձնաժողովը փաստեց, որ իշխանական պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը: Դա, սակայն, որևէ կերպ չփոխեց նրա վարքագիծը, ասում է նրա դեմ դիմում ներկայացրած լրագրողներից Սարգիս Խանդանյանը: էթիկայի նորմերի խախտումները, ըստ լրագրողի, կրկնվում են, քանի որ հանձնաժողովի որոշումներից հետո պատգամավորները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում:

«Եվ այդ որոշումը նույնիսկ չի էլ կարդացվում լիագումար նիստի ժամանակ: Այն ուղղակի տպված տեքստի տարբերակով բաժանվում է 131 պատգամավորներին, ու ես վստահ էլ չեմ, որ Առաքել Մովսիսյանը կարդացել է այդ որոշումը ու էդ որոշումը որևէ կերպ ազդել է նրա վարքի ու հետագա գործունեության վրա», - նշեց լրագրողը:

Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, մինչդեռ, կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումից ի վեր խորհրդարանում որոշակի զսպվածության մթնոլորտ է ստեղծվել: Հովհաննիսյանն ընդգծեց՝ աշխարհի որևէ երկրում էթիկայի հանձնաժողովը պատժիչ բնույթ չունի:

«Արդյունավետության մասին մենք կարող ենք խոսել նաև զսպվածության ընդհանուր մթնոլորտը տեսնելով, գլոբալ առումով գնահատելով՝ որոշակի առումով զսպվածությունը առկա է, թե ոչ: Ես կարծում եմ ստեղծման պահից ի վեր Էթիկայի հանձնաժողովի որոշակի որոշումներ եղել են, որոնք նպաստել են զսպվածության մթնոլորտի աճին», - ասաց էթիկայի հանձնաժողովի նախագահը:

Անցած երեք տարիների ընթացքում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը 27 դիմում է ստացել, սակայն, խախտում գտել է ընդամենը 3-ի դեպքում:

Հավելենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Առաքել Մովսիսյանի հայտարարությունների առնչությամբ նաև իրավապահներին էր դիմել: Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, մերժել էր գործ հարուցել՝ առանց հիմնավորում ներկայացնելու: Գրասենյակի ղեկավարի խոսքով, այժմ պատրաստվում են դատարանում բողոքարկել այդ որոշումը:

«Օրինակի համար, եթե գլխատելու մասին հայտարարություն է անում, ապա մենք ուզում ենք հասկանանք՝ ինքը գտնվում է հոգեկան ի՞նչ վիճակի մեջ այդ արտահայտությունը կատարելու ժամանակ: Պետք է անպայման այդ փորձաքննությունները կատարեր նախաքննության մարմինը, որի հիման վրա նոր եզրակացություն կազմեր: [Դիմումը մերժելու համար հիմքեր չի ներկայացրել]», - նշեց Արթուր Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG