Ընդդիմադիրները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը փորձում է Սահմանադրությունն ու սահմանադրական պրոցեսը «խաղալիք» դարձնել իր ձեռքում։ Որպես վկայություն մեջբերում են նոր Սահմանադրության նախագծի 201-րդ հոդվածը, որը խորհրդարանին հնարավորություն է տալիս փոխել հանրաքվեով ընդունված Մայր օրենքի բազմաթիվ դրույթներ։
Այսպես, 201-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է միայն հանրաքվեով փոփոխվող անձեռնմխելի դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, վարչապետին անվստահություն հայտնելուն, Ազգային ժողովի աղմկահարույց կայուն մեծամասնությանը, իսկ երկրորդ մասում հստակ ասվում է, որ, բացի վերոնշյալ դրույթներից, մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ:
Սա աննախադեպ է արդեն երկու Սահմանադրություն ընդունած Հայաստանի համար, քանի որ մինչև այժմ ժողովրդի քվեով ընդունված Մայր օրենքը հնարավոր է եղել փոխել բացառապես հանրաքվեի միջոցով։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ընդունելի է համարում նոր մոտեցումը՝ նշելով, որ մի շարք երկրներում կա նման պրակտիկա. - «Սկզբունքորեն այդ մոտեցումը ընդունված է աշխարհում: Եվ նույնիսկ արդյունավետ է, որովհետև կյանքը շատ արագ է փոփոխվում այսօր՝ 21-րդ դարում: Որպեսզի ամեն անգամ մենք Սահմանադրությունը չփոխենք, բոլոր դեպքերում պետք է թույլ տալ, որպեսզի Սահմանադրությունը փոփոխվի ոչ թե հանրաքվեի միջոցով, որը շատ թանկ հաճույք է, այլ Ազգային ժողովի կողմից, որը ներկայացուցչական է, որտեղ ներկայացված է ժողովուրդը: Իհարկե՝ պայմանով, որ ընտրությունների լեգիտիմությունն ապահովված է»:
Ենթադրելով, որ նախագծի հեղինակները ցանկանում են ներմուծել Գերմանիայի փորձը՝ իրավաբան Գևորգ Գյոզալյանը Հայաստանի պայմաններում խորհրդարանին Սահմանադրություն փոխելու լիազորություն տալը համարում է խայտառակություն․ - «Միանշանակ դա խայտառակություն է: Որովհետև նման հասարակությունում ներմուծել նման նորմեր, դա ուղղակի, ես կարծում եմ, սարսափելի վտանգավոր է տվյալ հասարակության համար: Տեսնում եք պառլամենտի որակը․․․ Այսինքն, եթե մենք վերցնենք Ազգային ժողովին տանք [իրավունք], որ նա կարող է ինչ-որ հոդվածներ փոփոխի, և հղում տանք Գերմանիային, որ Գերմանիայում այդպես է, ես կարծում եմ, որ Հայաստանի համար դա կարող է կործանարար լինել: Որովհետև մենք գերմանացիներ չենք, մենք կարող ենք 5 հազար դրամ վերցնել, գնալ ընտրել նրան, ում որ կպատվիրեն: Այս հասարակարգում նման փոփոխության գնալը, ես կարծում եմ, որ կարող է կործանարար լինել»:
Ընդդիմադիրները սա որակում են «հակաժողովրդավարական նորամուծություն»։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դա ճիշտ այն նպատակն է, որին ձգտում է Սերժ Սարգսյանը․ - «Հաշվի առնելով նաև, որ Հայաստանում գործում է ընտրակեղծիքների մի հզոր մեքենա, որն ապահովում է բացարձակ մեծամասնություն իշխող կուսակցության համար՝ սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը ցանկանում է Սահմանադրությունը դարձնել խաղալիք իր ձեռքում, որը ցանկացած պահի կարող է, եթե որևէ պրոբլեմ ունենա, եթե որևէ քաղաքական հարց ուզենա լուծել իր համար, այդ հարցը լուծել անմիջապես քվեարկությամբ Ազգային ժողովում: Պրոբլեմը հենց սա է, որ Սերժ Սարգսյանը փորձում է Սահմանադրությունը և սահմանադրական պրոցեսը դարձնել գործիք իր ձեռքում, որը նա կօգտագործի ցանկացած պահի»:
Զուրաբյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ միաժամանակ Սահմանադրության նախագիծը վարչապետին անվստահություն հայտնելու և կայուն մեծամասնության մասին հոդվածները պաշտպանում է Ազգային ժողովի քվեարկությունից․ - «Կան դրույթներ, որոնք երկու երրորդով չեն կարող փոխվել, կարող են փոխվել միայն հանրաքվեի միջոցով: Եվ պարզվում է, որ այդպիսի դժվարություններ կամ ապահովական բարձիկներ Սերժ Սարգսյանը ստեղծում է հենց այն դրույթների համար, որոնք պետք է ապահովեն իր ռեժիմի գոյատևումը: Մի կողմից, փորձում է Սահմանադրությունը դարձնել Ազգային ժողովի մեծամասնության խաղալիք, մյուս կողմից, վախենում է, որ այդ խաղալիքը կարող է հանկարծակի օգտագործվել իր դեմ, և դրա համար պաշտպանում է հնարավոր ոտնձգություններից»:
Խորհրդարանական ընդդիմադիր Կոնգրեսը, «Ժառանգություն»-ը, արտախորհրդարանական ընդդիմադիր մի շարք ուժեր հայտարարում են, որ Հայաստանը սահմանադրական փոփոխությունների կարիք չունի։ Իրավաբանների մի խումբ էլ, իր հերթին, առաջիկայում կհրապարակի զեկույց՝ վերլուծելով նախագծի վտանգավոր կետերը։
Գևորգ Գյոզալյանի համոզմամբ, չպետք է թույլ տալ, որ իշխանությունները հեշտությամբ կեղծեն հանրաքվեն. - «Ես կարծում եմ, որ ժողովուրդը ամեն դեպքում պարտադիր պետք է դրսևորի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և պարտադիր պետք է գնա քվեարկության: Դրանից հետո թող ամեն մեկը իր համար որոշի՝ այո՞, թե՞ ոչ: Ես կոնկրետ «ոչ»-ի կողմնակից եմ»: