Մատչելիության հղումներ

Կարեն Դեմիրճյանի ընտանիքը չի բացառում ՄՀՀ-ն անվանափոխելու հարց բարձրացնելը


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Ծիծեռնակաբերդում:

Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը չի ցանկանում հավատալ, որ ամուսնու ջանքերով կառուցված ու նրա անունը կրող Մարզահամերգային համալիրի տարածքում կարող է նաև խաղատուն գործել:

Տիկին Դեմիրճյանը դեմ չէ, որ այնտեղ նոր սեփականատերը ընտանեկան ժամանցի կենտրոն ստեղծի՝ հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, ռեստորաններ, խանութներ, ինչպես գրված է փաստաթղթերում, բայց անձամբ կառավարությանը կդիմի, եթե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարևանությամբ նաև խաղատուն կառուցելու նախագիծը հաստատվի:

«Ես կազինոյին կտրականապես դեմ կլինեմ: Դա այն հարցն է, որտեղ անզիջում կլինեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Նա պատմեց, որ իր ամուսինը՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը համալիրի կառուցման առաջին իսկ օրերից գիշերներ է լուսացրել շինհրապարակում: Հիշում է այն օրը, երբ անքուն գիշերներից հետո կառուցված համալիրում մեկ տարի անց հրդեհ բռնկվեց, Կարեն Դեմիրճյանն արտասվեց․ - «Պաշտելով իր ծնողներին՝ ոչ մեկի մահվան ժամանակ լաց չեղավ: Բայց համալիրի ժամանակ լացեց: Որովհետև համալիրը իր հոգուց, իր մարմնից պոկված մի կտոր էր, նա իր երեխայիկն էր: Ես պատկերացնում էի, որ նա պարզապես չի դիմանա այդ հարվածին: Բայց նա դիմացավ, ուղղեց, կառուցեց նորից»:

«Կարեն Սերոբիչը երազում էր Հայաստանը շեն տեսնել», - շարունակեց Ռիմա Դեմիրճյանը՝ վստահեցնելով, որ եթե նա կենդանի լիներ, չէր համաձայնի, որ ռազմավարական նշանակության կառույցները հանձնվեին օտարներին:

Նրա խոսքով՝ նաև դա է պատճառը, որ իրենց որդին՝ Ստեփան Դեմիրճյանը հայտնվեց ընդդիմադիր դաշտում․ - «Ստեփանը ասեց, որ բաշխիչ ցանցերը չի կարելի վաճառել, դա ռազմավարական նշանակություն ունի»:

Մարզահամերգային համալիրի ճակատագրին հետևող Դեմիրճյանների ընտանիքը չի բացառում, որ եթե, այդուամենայնիվ, տարածքում խաղատուն կառուցվի, իրենք անվանափոխության հարց առաջ քաշեն․ - «Այս մեկ կառույցը պետք չէր մասնավորի ձեռքը տալ: Մասնավորը ինչքան էլ լավ լինի, հենց որ նեղն է ընկնում, իր շահույթի համար ամեն ինչի դիմում է: Աշխարհով մեկ այդքան հայություն ունենք: Եթե մի անհայտ, նոր ի հայտ եկած ֆիրմա հարյուր միլիոն ներդրում է անում, աշխարհի հայերը չէի՞ն կարող այդքան ներդրում անել: Ինձ թվում է՝ սիրով կանեին»:

XS
SM
MD
LG