Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիա»-ի տնօրենի ծեծի փաստով քրեական գործ դեռ հարուցված չէ


«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, 17-ը օգոստոսի, 2015թ.
«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը հիվանդանոցում, 17-ը օգոստոսի, 2015թ.

Նախաքննական մարմինը դեռ նոր է որոշելու իրեն փոխանցված նյութերին ընթացք տալու հարցը։

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծելու փաստին առնչվող նյութերը դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե, ծեծի մասին հրապարակային պնդումներից երեք օր անց դեռ քրեական գործ չի հարուցվել:

Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազը ոստիկանությունից պահանջել էր այդ նյութերը՝ ուսումնասիրելու համար, ապա դրանք փոխանցվել են նախաքննական մարմնին՝ Քննչական կոմիտեին, որն էլ պետք է որոշի քրեական գործ հարուցելու հարցը՝ նյութերի ուսումնասիրությունից հետո։

Ծեծված գործարարը երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ իրեն ծեծելու հրաման է տվել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, ով արդեն երկրորդ օրն է միջադեպին չի արձագանքում և հեռախոսազանգերին չի պատասխանում։

Հայրապետյանի կուսակից ընկերներն այսօր «Ազատության» հետ զրույցում կամ ասում էին, որ տեղյակ չեն միջադեպին, կամ էլ չէին ցանկանում արձագանքել։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ քաղաքական գործիչների մեկնաբանությունները այժմ կարող են խանգարել գործի ընթացքին։

«Իրավապահները իրենց հայտարարությունը կանեն, նոր դրանից հետո կանեն մեկնաբանություն», - ասաց նա:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թերահավատ է, որ հանրապետական Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապվող այս գործը կբացահայտվի։

«Հաշվի առնելով այն ամենն, ինչ տեղի է ունեցել մինչև հիմա, այդ թվում նաև՝ Բուդաղյանների գործը, այդ թվում նաև՝ հիմա շարունակվող «Սդղի գյոլ»-ի ծեծի գործը, ես մի փոքր վերապահումով եմ մոտենում, որ մենք կունենանք իրական բացահայտում և պատիժ։ Նաև, ինչու չէ, զինվորական բժշկի սպանությունը ևս «Հարսնաքար»-ում, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ պատիժը և կատարված հանցանքը իրար համահունչ չէին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Երեկ «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ միջադեպին անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ծեծի մասին տեղյակ է, և հետևողական են լինելու, որ հարցը օրենքի շրջանակներում լուծվի։ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ դա բացասական երևույթ է և կապ չունի, թե ում անվան հետ է կապված։

«Այդպիսի բոլոր խոսակցություններին, որոնք համապատասխանում են իրականությանը, ես բացասաբար եմ վերաբերվում: Այդ հարցը պետք է լուծվի իրավական դաշտում, օրենքին համապատասխան: Ես դատապարտում եմ այդպիսի վարքը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այն ցուցաբերում, եթե անգամ՝ իմ մերձավորը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Ի դեպ, շաբաթ օրը ծեծված Արսեն Ավետիսյանին իրավապահները դեռ չեն հարցաքննել։

XS
SM
MD
LG