Մատչելիության հղումներ

Մարուքյանն առաջարկում է քրեականացնել ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններն ու կոչերը


Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատություն TV»-ի եթերում, արխիվ
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատություն TV»-ի եթերում, արխիվ

Երեկ պատգամավորն օրենքի նախագիծը շրջանառության է դրել։

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը։

Պատգամավորը վստահ է՝ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հայտարարությունները ոտնձգություն են Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ, մինչդեռ գործող Քրեական օրենսգիրքը դրա համար պատիժ չի նախատեսում։

«Ազատության» հետ զրույցում նա շեշտեց, որ աշխարհի շատ երկրներում այս օրենքը գործում է, և որպես օրինակ նշեց Ռուսաստանը։

«Եթե սա լիներ, Նիկողոսյանը կամ նրա նմանները դրա մասին քաջ տեղյակ կլինեին և նման հայտարարություններ չէին անի, որովհետև, տեսեք, նման հոդված կա Ռուսաստանի քրեական օրենսգրքում, և որևէ մեկն այնտեղ նման հայտարարություններով, կոչերով հանդես չի գալիս, որովհետև գիտի, որ դա քրեորեն հետապնդելի արարք է։ Իսկ քանի որ Հայաստանում նշված հարցը բաց է, մարդիկ իրենց հայտարարություններով փորձում են տեսնեն, թե մենք ինչքանով ենք պաշտպանված», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով․ - «Հետևաբար, ընդունման պարագայում, բնականաբար՝ այն հետադարձ ուժ չունի, չի կարող ունենալ, ընդունման պարագայում ապագայում կկանխարգելի նման կոչերը, ագիտացիաները, քարոզները»:

Հիշեցնենք՝ ԱՊՀ-ի երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, Հայաստանում «Պուտին» ակումբների ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը օրերս հայտարարել էր, թե «սարերի հետևում չի այն օրը, երբ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ եթե Ռուսաստանը դեմ չլինի»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով, Հայաստանի նման նորանկախ երկրի համար այսպիսի հայտարարությունները վտանգավոր են, ուստի պետք է կանխվեն։ Նա ասաց, որ Ազգային ժողովում գործընկերների հետ այս մասին դեռ չի խոսել, արձակուրդում են, բայց երեկ օրենքի նախագիծը շրջանառության է դրել։

«Ընթացակարգով, Ազգային ժողովի կանոնակարգով, Ազգային ժողովի նախագահը նախագիծը ուղարկում է կառավարություն և նշանակում է գլխադասային հանձնաժողով, որից հետո լինում է Ազգային ժողովի եզրակացությունը՝ իրավաբանական վարչության նախ, կառավարության եզրակացությունն է առաջինը սպասվում, թե ինչ եզրակացություն կտա կառավարությունը, որից հետո նաև խորհրդարանում արդեն գլխադասային հանձնաժողովում նախագիծը քննարկման առարկա կդառնա», - ասաց պատգամավորը։

XS
SM
MD
LG