Մատչելիության հղումներ

7-ամյա Արեգին հրաժարվել են ընդունել ներառական կրթություն իրականացնող դպրոց


Երևանի թիվ 125 ներառական կրթություն իրականացնող դպրոցի տնօրեն Լիլիթ Անտոնյանը հրաժարվել է ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող 7-ամյա Արեգին: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Արեգի մայրը՝ Ալլա Գևորգյանը:

«Նա ասաց, որ՝ «մենք չունենք համապատասխան մասնագետներ, դպրոցը, ճիշտ է, ներառական է, բայց նման բարդության երեխայի հետ զբաղվող մասնագետներ չունենք», - պատմում է Ալլա Գևորգյանը:

Ծնողը հետո է իմացել, որ երիտասարդ տնօրենը հենց ներառական կրթության մասին օրենքի ջատագովներից մեկի՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի դուստրն է: Ալլա Գևորգյանը պատմում է, որ թեև իրենք դպրոց էին մտել համապատասխան կրթություն ստանալու թույլտվությունը ձեռքներին՝ տնօրենն, այդուհանդերձ, խորհուրդ է տվել երեխայով զբաղվել տանը կամ տանել հատուկ դպրոց:

Ալլա Գևորգյանի պնդմամբ՝ մինչև տնօրենի աշխատասենյակ մտնելն իրեն ու որդուն ընդունել են ներառական կրթության շուրջ 10 մասնագետներ:

«Միանգամից այդքան մարդ տեսնելիս երեխան կաշկանդվել է, ինչն էլ տնօրենը որակել է ագրեսիա», - պատմում է երեխայի մայրն ու հավելում, որ Արեգի ունակությունները պարզելու համար ոչ ոք նրա հետ չի խոսել:

Մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում դպրոցը ընդամենը մի քանի ամիս ղեկավարող տնօրեն Լիլիթ Անտոնյանը հերքեց այս պնդումները:

«Մենք խոսել ենք տնօրենի՝ իմ սենյակում: Բազմիցս եմ ասել, որ դպրոցի դռները բաց են: Միգուցե ծնողի և բազմամասնագիտական խմբի առաջին շփումը լավ չի ստացվել, ծնողը այդ մասին ասաց նաև ինձ: Ես անգամ հրավիրեցի մեր բազմամասնագիտական խմբի բոլոր ներկայացուցիչներին և հենց ծնողի ներկայությամբ ասացի, որ նրանք կպատժվեն վատ վերաբերմունքի համար», - պատմեց տնօրենը: «Ես ընդհանրապես չեմ որակել ագրեսիվ, որովհետև Արեգը իսկապես հրաշալի բալիկ էր: Եվ կեցցե՛ տիկին Ալլան, որպես մայր, որ այդքան զբաղվել էր իր երեխայով», - հավելեց Լիլիթ Անտոնյանը:

Այս դպրոցը միայն անցած տարի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 60 աշակերտ է ունեցել, յուրաքանչյուրի համար պետությունից 500 հազար դրամ է ստացել: Ներառական կրթության մասին օրենքի մշակման ակունքներում կանգնած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը փաստում է՝ թեև ոլորտում կան ձեռքբերումներ, սակայն երբեմն դպրոցները ներառական երեխաների են վերցնում միայն հավելյալ գումարներ ստանալու ակնկալիքով՝ այդպես էլ չկարողանալով լիարժեք նրանց ինտեգրել:

«Դեռևս ունենք ուսուցիչների խումբ, որ միևնույն է՝ կրթությունը դիտարկում է միայն գիտելիքի տեսանկյունից, ավանդական մոտեցման տեսանկյունից և գտնում է, որ այն երեխաները, որ իրենց պատկերացումներում ստեղծված ստանդարտների մեջ չեն տեղավորվում, նրանց տեղը այս դպրոցը չէ», - ասում է Թադևոսյանը ու հավելում․ - «Կան շատ տնօրեններ ևս, որոնք, մի կողմից, իհարկե, ուզում են, որ դառնա դպրոցը ներառական, որովհետև դա նաև ենթադրում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ, մյուս կողմից էլ՝ կարծես թե դուրս են մղվում այն երեխաները, ում համար այս գործընթացը առաջին հերթին արվել էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG