Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Կվերարտադրվեինք նաև նախագահով»


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, 14-ը օգոստոսի, 2015թ.
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան, 14-ը օգոստոսի, 2015թ.

ԱԺ նախագահը վստահեցնում է, որ նեղ կուսակցական մոտեցման դեպքում սահմանադրական բարեփոխումները ՀՀԿ-ին էլ «ձեռք չեն տալիս»:

Որ աշխարհում Սահմանադրության մոդելներ պետք է առաջանան, «որի հետևանքով ամեն ինչ պետք է միանգամից լուծվի, և սրիկաներ պետք է չլինեն հասարակության մեջ, նման մոդելներ չկան»։ «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սահմանադրական փոփոխությունների շատ հակառակորդների այն դիտարկմանը, թե գործող՝ 2005-ին փոփոխված Սահմանադրությունում էլ գրված չէ, որ խորհրդարանում կամ տարբեր պետական պաշտոնների պետք է հայտնվեն մարդիկ, ովքեր ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում, ունեն բիզնեսներ, որ դատական համակարգում պետք է լինի կոռուպցիա, և այլն։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է վստահ, որ եթե նոր Սահմանադրությունը դրվի հանրաքվեի ու հավանության արժանանա, այն կաշխատի, Սահակյանը պատասխանեց. - «Ցանկացած մոդել կաշխատի, իհարկե: Ակնհայտ է նաև, համաձայն եմ ձեր մտքի հետ, որ այն չափանիշը, որը պետք է արժևորվի հետագայում, այսօր, բնական է, այդ մասին չենք կարող որևիցե խոսք ասել: Բայց այն խնդիրները, որոնք իրենց լուծումները կստանան ավելի կոլեգիալ առումով, այսինքն՝ միակենտրոն ղեկավարման պրոցեսի միջուկում կլինի մարդը, առավել ևս՝ հանգամանալից կփոխվի նաև դատաիրավական համակարգը՝ նրա անկախությունն է ապահովվում, եթե այսպես նայենք, ուրեմն հասարակական զարգացումներից դուրս, նոր ինչ-որ մի վիճակ պետք է փնտրենք, գտնենք, որից դեռևս աշխարհը տեղյակ չէ, և տեղյակ չենք կարող նաև լինել մենք»։

«Եթե կուսակցական մտածողությամբ ենք նայում, մեզ էլ ձեռք չի տալիս, որովհետև երբ ասում են՝ «կվերարտադրվես», կվերարտադրվեինք նաև նախագահով, և կուսակցությունը դրանից ավելի զորեղ կլիներ։ Սա կուսակցական ըմբռնում է, նեղ կուսակցական․․․ Սերժ Սարգսյանը չէր ընտրվի՝ կընտրվեր մի ուրիշ հանրապետական: Այնպես որ, այն ուժը, այն քաղաքական ռեզերվները, որին տիրապետում է Հանրապետականն այսօր, գրեթե դեռևս չկան», - հայտարարեց Սահակյանը՝ հավելելով, որ դրանք չկան ոչ թե Հանրապետականի մեղքով, այլ որովհետև Հայաստանում քաղաքական կուսակցությունները «ասֆալտային քաղաքականություն են վարում»․ - «Ազատության հրապարակում միտինգ անենք, փողոցներով քայլենք, և ոչինչ, որ մարզերն ինչպիսին են՝ ո՛չ կառույցներ ունեն, ո՛չ ժողովրդի հետ են աշխատում»։

Ազգային ժողովի նախագահը սահմանադրական փոփոխությունները բարեփոխում է համարում, «որովհետև սա հնարավորություն կտա նաև, որպեսզի կուսակցությունները մեծ դերակատարում ունենան»։

«Ամբողջ Սահմանադրությունում բավականին լուրջ տեղ է տրված ընդդիմությանը։ Պիտի ասեմ, որպես քաղաքական քուրա պառլամենտում, հնարավորինս ռազմավարական օրենքներ կամ նշանակումներ՝ առանց ընդդիմության անհնար է լինելու լուծումներ գտնել», - հայտարարեց Գալուստ Սահակյանը:

XS
SM
MD
LG