Մատչելիության հղումներ

Համալիրում 130 միլիոն դոլար ներդնող ընկերությունը գրանցված է ճաքած բազմաբնակարան շենքում


Համալիրում 130 միլիոն դոլար ներդրող ընկերությունը գրանցված է ճաքած բազմաբնակարան շենքում
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կես գնով և առանց մրցույթի կվաճառվի ընդամենը մեկ ամիս առաջ հիմնադրված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը:

60.7 միլիոն դոլար գնահատված համալիրն ու հարակից 9.5 հեկտար հողամասը 30 միլիոն դոլարով վաճառելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել մեկ ամսվա ընթացքում:

Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց, որ չորս տարվա ընթացքում ավելի քան հարյուր միլիոն դոլար ներդրում կատարելով՝ գնորդը համալիրում կառուցելու է՝ «հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների, սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»: Կառավարության որոշման նախագծից տեղեկանում ենք, որ գնորդը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անմիջական հարևանությամբ գտնվող համալիրում նաև խաղատուն է կառուցելու:

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2015թ․ հուլիսի 20-ին գրանցված «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ի միակ հիմնադիր է նշված Արմեն Զավենի Գևորգյանը: Պարզվեց՝ ընկերությունը և Գևորգյանի բնակարանը նույն հասցեում են՝ Հրաչյա Քոչար 22 շենքում: Այցելեցինք՝ պարզելու, թե ո՞վ է հանրությանը անհայտ գործարարը, ով պատրաստ է վերջին տարիների խոշորագույն ներդրումներից մեկը կատարել Հայաստանում և ընտանեկան ուղղվածության կենտրոն ունենալու համար վճարել 130 միլիոն դոլար:

Բնակարան-գրասենյակը հսկայական ճաք ունեցող ու վթարային հիշեցնող շենքի վերջին հարկում էր, դուռը չբացեցին, ասացին՝ «տանը չէ»:

«Ազատությունը» դիմեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ խնդրելով ներկայացնել, թե ի՞նչ են մտածում այս կապակցությամբ, և Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից հետո ինչպե՞ս են պատրաստվում աշխատել խաղատան հարևանությամբ, թանգարան-ինստիտուտում գերադասեցին չարձագանքել:

Միաժամանակ պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը դեռ դատական վեճի մեջ է ԲԱՄՕ ընկերության հետ, որը 2005թ․-ին գնեց կառույցը ՝ 5 միլիոն 341 հազար դոլարով: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ անցած տարիներին ԲԱՄՕ-ն կատարել է մոտ 42 միլիոն դոլարի ներդրում: ԲԱՄՕ-ի շուրջ 25 միլիոն դոլար պարտքի դիմաց ԴԱՀԿ-ն 2014թ․-ին յոթ անգամ փորձեց աճուրդով վաճառել համալիրը, սակայն գնորդ այդպես էլ չհայտնվեց: Ի վերջո, համալիրը հանձնվեց կառավարությանը, սակայն ընկերությունը դատական կարգով վիճարկում է դա:

ԲԱՄՕ-ի փաստաբան Արմինե Հակոբյանն այսօր հայտարարեց՝ անհասկանալի է, ինչպե՞ս կարող է կառավարությունը վաճառել համալիրը, քանի դեռ չի ավարտվել դատական վիճաբանությունը:

«Մենք շարունակելու ենք ներպետական դատարանում, եթե որևէ հաջողության չհասնենք, իհարկե՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, շարունակելու ենք պայքարել», - ասաց Հակոբյանը:

Կառավարության երեկվա որոշումից նաև հայտնի է դառնում, որ 9.5 հեկտար հողամասից բացի, Երևանի քաղաքապետը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին դարձյալ առանց մրցույթի պետք է վաճառի ևս 8.5 հեկտար հողամաս, որը գտնվում է համալիրին հարակից տարածքում: Ի՞նչ գնով է վաճառվելու հողամասը՝ տեղեկություն չկա: Պարզ չէ նաև՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները առանց մրցույթի և հենց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին վաճառում խոշոր օբյեկտը: Պարզ չէ նաև՝ ո՞վ է իրականացրել համալիրի գնահատումը, արդյոք գնահատող ընկերությունների մրցույթ հայտարարվե՞լ է: «Ազատությունը» հարցումներ է ուղարկել պաշտպանության նախարարություն ու Երևանի քաղաքապետարան՝ պատասխան դեռ չկա:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, ակնհայտ է, որ նորաստեղծ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ը հիմնադրվել է միայն այս գործարքի համար:

«Եվ այստեղ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք ունի այս ֆիրման փորձառություն, որո՞նք են նրա աշխատանքային պայմանները և որ ամենակարևորն է՝ այս ֆիրման նոր է ստեղծված, որևէ բանկային երաշխիքներ, որ այս ներդրումային ծրագրի հետ ամրակցված անհրաժեշտ է լինելու, դրամական միջոցներ և այլն, և այլն՝ որտեղի՞ց է հայթայթելու, և այլն: Ներդրումային ծրագիր ասածը մի շարք նման կարգի հարցերի պատասխաններ պետք է տա, որը ներկա պայմաններում չի տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

XS
SM
MD
LG