Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահ․ Նիկողոսյանի հայտարարությունը ենթակա է հասարակական պարսավանքի


ԱԺ նախագահ․ Նիկողոսյանի հայտարարությունը ենթակա է հասարակական պարսավանքի
please wait

No media source currently available

0:00 0:03:19 0:00

Գալուստ Սահակյանը Անդրանիկ Նիկողոսյանին չի զրկի Ազգային ժողովի բարձրագույն պարգևից՝ Պատվո մեդալից, թեև ողջունում է Էդմոն Մարուքյանի զայրույթը:

«Ազատության» հետ զրույցում խորհրդարանի ղեկավարն ասաց՝ նման ընթացակարգ չկա․ - «Ողջունում եմ, իհարկե, զայրույթը Էդմոն Մարուքյանի: Դա, կարծում եմ, հասարակական հարվածի և պարսավանքի ենթակա է, որը ողջունում եմ»:

Հարցին, թե հնարավորության դեպքում Նիկողոսյանին կզրկե՞ր պարգևից, Սահակյանը պատասխանեց․ - «Եթե դա տրվեր նրա քաղաքական, գաղափարական գործունեության համար, կփորձեի»:

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր խորհրդարանի ղեկավարին, առաջարկել զրկել Նիկողոսյանին մեդալից:

ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ, Հայաստանում «Պուտին» ակումբների ջատագով Անդրանիկ Նիկողոսյանը օրերս հայտարարել էր, թե «սարերի հետևում չի այն օրը, երբ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ՝ եթե Ռուսաստանը դեմ չլինի»:

Նիկողոսյանին մեդալի արժանի էր համարել Ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ 2013-ին:

Մասնագիտությամբ փաստաբան Մարուքյանը պատրաստ է օգնել Գալուստ Սահակյանին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մեդալից զրկելու ճանապարհներ հուշել: «Եթե լինի քաղաքական կամք, իրավական մեխանիզմները կան», - հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, թե սկզբունք կա՝ եթե պետական մարմինը պարգևատրելու որոշում է կայացրել, կարող է նաև չեղյալ համարել նախորդը․ - «Եթե վատ իրավաբաններ են խորհուրդ տվել ԱԺ նախագահին (ես դեռ չեմ հանդիպել ԱԺ նախագահին ճիշտ ասած), պատրաստվում եմ ես էլ իմ խորհուրդը տամ, ես կարող եմ այդ նախագիծը պատրաստեմ: Եթե վախ կա, որ հնարավոր է ինչ-որ մեկը կարող է դա դատարանում բողոքարկել, ես կարող եմ ԱԺ նախագահի անունից պաշտպանել էդ որոշումը դատարանում»:

Ազգային ժողովի նախագահն ասաց՝ անձնապես չի ճանաչում Անդրանիկ Նիկողոսյանին: Բայց նրա հայտարարությունները Սահակյանի սրտով էլ չէին․ - «Նժդեհը բաժանում էր հետևյալ կերպ հայերին՝ ցեղակրոններ, հայրենասերներ և կոսմոպոլիտներ: Բայց նույնիսկ պատմության ընթացքում այս կոսմոպոլիտները այդպես անհեթեթ, տխրահռչակ խոսք չեն ասել: Եվ չեմ ուզում, որ դա քննարկվի նաև իշխանական կառույցներում, որովհետև դա, ի միջի այլոց, բնութագրում է մարդուն, հենց իրեն է բնութագրում: Եվ երևելի մի անձնավորություն չէ, որ ասել է»:

«Պարգևները բաշխելուց պետք է այնպիսի չափանիշներ ունենանք, որ նախկինում ստացած մարդիկ իրենց վատ չզգան, որ էն մեդալը, որ իրենց է հանձնվել, նաև հանձնվել է մի այնպիսի մարդու, որը որ «խայտառակում է ռեսպուբլիկան»», - ասաց Մարուքյանը:

«Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ արված որևէ հայտարարություն պետք է դատապարտվի նաև իրավական ընթացակարգով», - համոզված է պատգամավորը: - «Թող էդ երկաթները մնան իր մոտ: Բայց էն որոշումները, որոնցով որ նա արժանացել է, նրանք մեր արխիվներում չպահպանվեն: Պահպանվեն զրկված կարգավիճակով: Մի մարդու հարգենք, պատվենք, ինչ-որ պատիվների արժանացնենք, վաղը-մյուս օրը նա դառնա Ալիևի խորհրդականը, չգիտեմ, Հայաստանի դեմ ինչ-որ հարցերով՝ պետք է մենք դա հանդուրժե՞նք»:

Էդմոն Մարուքյանը սպասում է, որ դատապարտող հայտարարություններով հանդես գան նաև Նիկողոսյանին պարգևած պետական մյուս մարմինների ղեկավարները․ - «Երևանի քաղաքապետարանն է, Պաշտպանության նախարարությունը․․․ արդեն տեղեկատվություն կա, որ զենքից զրկված է նա․․․ նա դեռևս ունի «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներ․․․ Մշակույթի նախարարությունն է, Հանրապետության ոստիկանությունն է, այսինքն այս մարմինների ղեկավարները նույնպես պետք է հայտարարեն, որ գոնե դատապարտում են էդ մարդու հայտարարությունը»:

Հայաստանցիների նեղ շրջանակին միայն վերջին տարիներին հայտնի դարձած Նիկողոսյանը, տեղեկանալով Մարուքյանի՝ իրեն մեդալից զրկելու պահանջին, հայտարարել էր՝ «ավելի հեշտ է Մարուքյանի մանդատը հետ վերցնել, քան իմ մեդալները»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց հայտարարությանը․ - «Եթե ուզում ես հերոսանաս, քեզանից ավելի ճանաչելիին խարազանի, անպատվի՝ և հերոսացվի: Կարծում եմ, այդ թեմայով է նաև այդ արտահայտությունը արել»:

Ռուսական միջավայրում Նիկողոսյանի մատնանշած միտումները, Հայաստանի երկրորդ պաշտոնյայի համոզմամբ, չկան․ - «Նախ ազգն է, հետո՝ պետությունը, նրա հավերժական գաղափարախոսությունը: Էդ մոդելից ովքեր դուրս են գալիս, դրանք քննարկման ենթակա գործոններ չեն, պարզապես դրանք միջավայրի այն անձնավորություններն են, որոնք մտածում են այստեղ, այնտեղ ծառայամիտ իրենց վերաբերմունքը հնարավորին մի բան գցել և մտածել, որ դա կարժեվորվի: Դրանով նախ և առաջ վարկաբերել է ռուս իրականությունը, որը երբևիցե էդպիսի միտումներ դեռևս ո՛չ պատմության ընթացքում, ո՛չ էլ այսօր չի ունեցել: Կարծում եմ, ոչ թե պիտի խարազանենք մենք, ինձ ասել են, որ նա ապրում է Ռուսաստանում, այլ ռուսական միջավայրը, կարծում եմ, նորից հարվածներ կհասցնի»:

XS
SM
MD
LG