Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 4.5 տոկոս, ընդամենը գնահատական է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
«Կարծում եմ, որ տվյալ պարագայում վարչապետը տվել է գնահատական»,- ասաց փոխվարչապետը։
Օգոստոսի 1-ին Գյումրիում պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը հայտարարեց՝ աճ ունենք տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում։
«Հունվար-հունիս ամիսներին մեր տնտեսական աճը 4.5 տոկոս է, բոլոր ոլորտներում ունենք աճ, միայն ունենք ապրանքաշրջանառության մեջ մեծ անկում, որը կապված է Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել էր վարչապետը։
Հայաստանի արտաքին, ներքին առևտրի, ինչպես նաև հարկահավաքման զգալի անկումների ֆոնին՝ տնտեսական նման աճի մասին վարչապետի հայտարարությունը, իհարկե, զարմացրեց տնտեսագետներին, սակայն իրավիճակը վերջնականապես անհասկանալի դարձավ, երբ երեկ կառավարության նիստում Վաչե Գաբրիելյանը, ով վարչապետի խնդրանքով ներկայացում էր այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, հայտարարեց, որ տնտեսական աճի տվյալները պարզ կլինեն միայն սեպտեմբերին:
«Ազգային վիճակագրական ծառայության ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.2 տոկոս, այսինքն՝ մենք ունենք տնտեսական աճ, թեև սա տնտեսական աճի ցուցանիշը չէ, այն կլինի ավելի ուշ՝ սեպտեմբերին»,- ասաց Գաբրիելյանը։
Հարց է առաջանում՝ եթե տնտեսության աճի տվյալները պարզ կլինեն միայն սեպտեմբերին, ինչպե՞ս կարող էր վարչապետը տնտեսական աճի վերաբերյալ կոնկրետ թիվ նշել՝ 4.5 տոկոս:
«Եթե, ինչպես դուք եք նշում, վարչապետը ընդամենը գնահատական է տվել, հնարավո՞ր է, որ այդ գնահատականը իրականության հետ կապ չունենա»,- այսօր հարցրեցինք փոխվարչապետին:
«Ես կարող եմ ասել, որ միշտ գործադիր իշխանության մարմինները տնտեսական աճի վերաբերյալ տալիս են գնահատականներ, որոնք պաշտոնական չեն, պաշտոնական միակ ցուցանիշը տալիս է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հիմա տվյալ պարագայում վարչապետը հնչեցրել է գնահատական, որը տրվել է մեր գործադիր մարմնի այլ նախարարությունների կողմից։ Այդ գնահատականները հիմնված են թե՛ առաջին վեց ամսվա տնտեսական արդյունքների վրա, թե՛ կոնկրետ նախարարությունների կողմից դրա հիման վրա կատարվող հաշվարկների վրա»,- ասաց Գաբրիելյանը։
«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հեգնեց՝ եթե տնտեսության գործերը այսպես ընթանան, ապա շատ հնարավոր է տարին փակենք երկնիշ տնտեսական աճով:
«Այստեղ խնդիրը այն չէ, թե տոկոսների մեջ մի քիչ սխալվում են, մի քիչ ավելի է, մի քիչ պակաս է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում տնտեսական աճը ոչ միայն 4.5 տոկոս չէ, այլ նաև խիստ կասկածելի է, որ 0-ից բարձր լինի։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչն է դրդում կառավարությանը անընդհատ այդպիսի թվեր ասել»,- նշեց Գևորգյանը։