Պետրոսյանին ու ևս 12 ակտիվիստների հունիսի 23-ին բերման էին ենթարկել Գյումրիի Թատերական հրապարակից, որտեղ վերջիններս մասնակցում էին անհնազանդության ակցիային:
Այսօր հենց նույն հրապարակում ակտիվիստները բացօթյա ասուլիս էին հրավիրել: Անդրադառնալով իրեն առնչվող քրեական գործին ու դրա կարճմանը, Կարեն Պետրոսյանն ասաց․ - «Ի սկզբանե ասել ենք, որ այդ քրեական գործը շինծու է, ես հիմա էլ եմ դա համարում շինծու, կեղծ գործ: Չեմ ասում որ մակարդակում է դա շինծու, դա թող իրավապահները որոշեն: Բայց ես պայքարը տեսնում էի էդ գործի շուտափույթ վերացման բարոյական և իրավական հարթություններում, իմ ընկերները, քաղաքացիական ակտիվիստներն էլ դա դիտարկել են քաղաքացիական անհնազանդության և քաղաքացիական գործողությունների տիրույթում, և այս երեք վեկտորների ազդեցությամբ այդ գործը կարճվել է»:
Քրեական հետապնդման ու գործի կարճման մասին, ի դեպ, ակտիվիստներին բանավոր են տեղեկացրել, ձեռքի տակ դեռ գրավոր հիմնավորումը չունեն:
Ակտիվիստները շարունակում են պահանջել՝ պատժել հունիսի 23-ին իրենց նկատմամբ ապօրինություն թույլ տված գյումրեցի ոստիկաններին, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանին: Վերջինիս «ժամանակ են տալիս գնահատելու» Գյումրիի Թատերական հրապարակում ոստիկանների գործողությունները:
«Մենք իրեն հրապարակավ ասում ենք՝ իր ուզած ֆորմատով, իր ուզած վայրում թող հանդիպի մեզ հետ, գնահատական տա էն օրվա ապօրինի գործողություններին և իր անձնական գնահատականով թող փորձի մաքրել էն ամբողջ գործողությունները, որ այդ օրը եղան»,- շարունակում է Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա սակագինը փաստացի վաղվանից բարձրանալու է, թեև, ինչպես հայտնի է, քաղաքացիներն առայժմ 1 կվտ/ժամի համար նախատեսված լրացուցիչ 6.93 դրամը հունիսյան ընդվզումների շնորհիվ չեն մուծելու: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը սա քաղաքացիական շարժման ձեռքբերումներից է համարում:
«Էսօր վերջին օրն է, երբ կառավարությունը պետք է հաստատի, թե ինչ ռեսուրսներով է ներկայացնելու [փոխհատուցելու]: Մեր կարծիքով՝ ստրատեգիական շատ կարևոր որոշում է ընդունելու կառավարությունը, սպասում ենք էդ որոշմանը և հուսով ենք, որ իրապես էն տիրույթում կլինի, ինչի մասին որ հայտարարվել է՝ այսինքն կլինի ոչ բյուջետային․․․ դա էս պահին համարում ենք ձեռքբերում»:
Ի տարբերություն մայրաքաղաք Երևանի, Գյումրիում այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ չեն իրականացվում: Ակտիվիստները սպասում են ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտին: