«Սիրիայում իրավիճակն այսօր ծայրահեղ վատ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ այդուհանդերձ ավելացնելով, որ «Հայաստանն այսօր չի կարող կազմակերպված ձևով տարհանել հայերին»։ Ըստ նախարարի, դա վտանգավոր է։
«Ընդհանրապես, որպես պետական տարհանում, որևէ երկիր, որևէ ձևով դա չի կազմակերպում, այդ թվում՝ նաև Հայաստանը, որովհետև տարհանել՝ նշանակում է հայտարարել և բոլոր թշնամի ու հրեշավոր տարրերին ասել՝ «այ, մենք այստեղ կուտակվել ենք, խնդրեմ՝ ռումբերն ուղարկեք այս ուղղությամբ»։ Ե՛վ քաղաքական, և՛ անվտանգության առումով չի կարելի նման բան հայտարարել», - ասաց սփյուռքի նախարարը։
Հրանուշ Հակոբյանն օրեր առաջ է վերադարձել Լիբանանից։ Այնտեղ հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ քննարկել են իրավիճակը Սիրիայում:
Նախարարն «Ազատության»-ն ասաց, որ այս պահին ավելորդ է խոսել «ավերված երկրում խոշոր համայնք պահելու մասին»։ Հակոբյանը նաև հավելեց, որ այնտեղ հիմնականում մնացել են մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանել պատմամշակութային արժեքները:
«Եվ մեր խոսակցության արդյունքում էլ մենք ազդակներ ենք ուղարկում մեր հայրենակիցներին, որ տարբեր ձևերով նրանք պետք է հեռանան, որովհետև վտանգը շատ մեծ է», - ասաց Հակոբյանը։
Հարցին, թե որո՞նք են այդ տարբեր ձևերը, նախարարը պատասխանեց, որ այսօր Սիրիայում չկա մի մարդ, ով չգիտի՝ ինչպես փախչել երկրից։
Հալեպում ապրող Զարմիկ Պողիկյանը, սակայն, «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ բավարար չէ իմանալ երկրից փախչելու ձևերը։ Նրա խոսքով, հարկավոր են նաև միջոցներ, մասնավորապես՝ գումար:
«Մտածում ենք, որ կարող է ավելի մեծ դժվարությունների հանդիպենք և անապաստան մնանք, եթե դուրս գանք երկրից։ Երբեմն տեղաշարժեր լինում են Սիրիայի մեջ՝ քաղաքից քաղաք, այս երևույթն էլ նկատելի է։ Հիմնականում ծովափնյա քաղաքներ են տեղափոխվում, այնտեղ համեմատաբար ավելի ապահով է», - ասաց Պողիկյանը։
Նրա փոխանցմամբ՝ տասը օր Հալեպում ջուր չի եղել, և միայն վերջին երկու օրերին է ջրամատակարարումը վերականգնվել, էլեկտրականությունն էլ օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ է լինում։ Պողիկյանի խոսքով, կյանքը Հալեպում ընթանում է ռումբերի պայթյունների ներքո. վերջին պայթյունը երկու օր առաջ է որոտացել, վիրավորների մեջ հայեր չկան:
Արդեն չորս տարուց ավելի կնոջ և անչափահաս երեք երեխաների հետ Սիրիայից Հայաստան տեղափոխված Միքայել Կարապետի խոսքով, այսօր Սիրիայում մնացած հայերը երկընտրանքի առաջ են կանգնած. մի կողմից՝ վստահ չեն, որ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող Հայաստանում կկարողանան նոր կյանք սկսել, մյուս կողմից՝ գիտակցում են, որ մնալով Սիրիայում՝ վտանգում են իրենց կյանքը:
«Իրենց համար կյանքի ապահովություն չկա այնտեղ։ Թշնամիդ ով է՝ չես իմանում։ Հրթիռը, որ գալիս է, չի զանազանում՝ դու հայ ես, թե այլ ազգ ես», - ասաց Միքայել Կարապետը։
Հրանուշ Հակոբյանի հավաստմամբ՝ սիրիահայերը, որ երկրում էլ հայտնվեն, չեն ստանա այնպիսի օգնություն, ինչն այսօր նրանց առաջարկում է Հայաստանը: Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները հնարավորության սահմանում օգնում են և՛ պատերազմի գոտում մնացած հայերին, և՛ Հայաստան տեղափոխվածներին: