Մինչ իշխանությունները խոսում են երկրում շարունակվող տնտեսական աճի մասին և խոստանում են տարին փակել 1 տոկոս աճով, նախորդ շաբաթներին հայաստանյան շուկայից հեռանալու որոշում կայացրեցին օտարերկրյա երեք հայտնի ընկերություններ:
Հայաստանը թողնելու իր որոշումը ապրիլի վերջին հրապարակեց Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways-ը: Ավիաընկերության տարածած հաղորդագրության համաձայն, սեպտեմբերից այլևս թռիչքներ չեն իրականացնելու դեպի Երևան, իսկ որպես պատճառ նշված էր՝ «մշտապես վերանայում ենք գործող չվացուցակները, որպեսզի կարողանանք օգտագործել մեր ինքնաթիռները համաձայն թռիչքային հոսքերի և բավարարենք շուկայի պահանջները»: Etihad Airways-ը ընդամենը մեկ տարի առաջ էր եկել Հայաստան:
Մայիսին Հայաստանից հեռանալու մասին հայտարարեց հարավկորեական Samsung-ը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱՊՀ երկրներում ընկերության հանրային կապերի պատասխանատու Կարեն Ասոյանը այսօր ասաց․ - «Հայաստանում Samsung-ի պաշտոնական ներկայացուցչության փակման պատճառը տարածաշրջանում ընկերության գործունեության օպիտիմալացումն է: Ինչ վերաբերում է Samsung-ի արտադրանքը Հայաստանում վաճառելուն, այդ առումով հայաստանյան շուկան շարունակելու է կառավարվել Վրաստանում գտնվող Samsung-ի տարածաշրջանային գրասենյակից»:
Եվ վերջապես, Հայաստանը թողնելու իր որոշման մասին օրերս հայտարարեց ֆրանսիական Orange ընկերությունը: Վեց տարվա ընթացքում ներդրումների ու վնասների տեսքով ծախսելով ավելի քան 460 միլիոն եվրո և որևէ շահույթ չստանալով, ընկերությունը հայտարարեց, որ Հայաստանում բիզնեսը պահելու համար այլևս նպատակահարմար չի համարում նոր ներդրումներ կատարել:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են միջազգային բրենդերը հեռանում Հայաստանից, միգուցե երկրի տնտեսության վիճակը հեռանկարային չի՞ թվում իրենց:
«Պիտի նորմալ նայել»,- ասաց նախարարը.- «Այսինքն՝ ոչ թե հեռացավ, տարբեր երկրներում տարբեր ընկերություններ կարող են որոշ ժամանակ աշխատել, հետո իրենց տեղը փոխել։ Դեռ որոշակի չէ։ Ես, օրինակ, տեղեկություն չունեմ, թե տվյալ ընկերությունները [հեռանում են]։ Samsung-ը չհեռացավ, ես որքան որ տեղյակ եմ, միգուցե սխալվում եմ, իրենք տարածաշրջանային կենտրոնը փոխեցին Բաքու։ Միգուցե դրա հետ է կապված։ Ու էստեղ ավելի շատ բիզնեսի առումով մեծ կորուստ չէ, որովհետև եթե Samsung-ը պահանջված է մեր շուկայում, կարող են Դուբայից բերել»։
«Տնտեսության վիճակը արտահայտված է ցուցանիշների մեջ, չեմ կարծում, որ աճ ունեցող տնտեսությունից, որը նաև շահույթ ապահովող հնարավորություն է, ընկերությունները հեռանան։ Պետք չէ կապել այս կամ այն ընկերության գալը կամ գնալը, որովհետև կարող եմ հակադարձել և ասել՝ իսկ դրա փոխարեն եկավ մեկը, երկուսը, տասը... շատ օրինակներ կարող եմ նշել. եթե դուք նշում եք Etihad Airways-ը, ես էլ կարող եմ նշել, որ Բաղդադի չվերթն է բացվել ու ավելանում է օրեցօր։ Եթե նշում եք LOT-ը, ես կարող եմ ասել, որ Georgian Airways-ն է բացել, եթե նշում եք Czech Airlines-ը, կարող եմ ասել, որ նա իր չվերթները վերականգնելու է։ Եկեք վերանանք առանձին-առանձին ընկերությունների գնալը կամ գալը մեծ երևույթ դարձնելուց, քննարկելուց»,- հավելեց Ճշմարիտյանը։
«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի համար ավելի զարմանալի է, որ դեռ որոշ բրենդեր մնացել են Հայաստանում, քան այն, որ որոշ բրենդեր հեռանում են։
«Բրենդերի, միջազգային հեղինակավոր ընկերությունների հեռանալը Հայաստանից խիստ բնական է։ Դա պայմանավորված է Հայաստանում ընդհանուր տնտեսական, եթե կուզեք՝ նաև քաղաքական իրավիճակով»,- «Ազատությանն» ասաց Գևորգյանը։