Մատչելիության հղումներ

Ոստիկանության համար անհասկանալի է «Ոտքի՛, Հայաստան»-ի քննարկման հրավերը


Ոստիկանության համար անհասկանալի է «Ոտքի՛, Հայաստան»-ի քննարկման հրավերը
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը «արհամարհանք» է որակում ոստիկանության արձագանքը:

Ոստիկանությունը չի շտապում ընդունել հոսանքի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հրավերը՝ իրենց առաջիկա բողոքի ակցիաների հետ կապված հարցերը քննարկելու վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ չի պատկերացնում, թե նախաձեռնության անդամները ինչ են քննարկելու իրենց հետ:

«Օրենքի պահա՞նջը, ի՞նչը․․․ Անհասկանալի է: Ես դա չեմ հասկանում: Կա օրենք, կա օրենսդրություն, և յուրաքանչյուր ոք նախևառաջ մեր երկրում պետք է առաջնորդվի օրենքով», - ասաց Աշոտ Ահարոնյանը:

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը արհամարհանք որակեց ոստիկանության այս մոտեցումը:

Դիտարկմանը, որ «Ոտքի՛, Հայաստան»-ը առանց ոստիկանների հետ քննարկումների էլ իրականացրել է տարբեր ակցիաներ, ինչո՞ւ այս անգամ քննարկման անհրաժեշտություն առաջացավ, Սանասարյանն արձագանքեց․ - «Քանի որ կա․․․ Ամսի 23-ից մենք տեսել ենք տարբեր դրսևորումներ ոստիկանների կողմից, մենք ցանկանում ենք ավելի կիրթ ձևով հասկացնել, որ մեր արարքների մեջ հանցագործություն չկա, մենք օրենք չենք խախտում, ընդհակառակը՝ իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքը»:

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը երեկ հայտարարել էր, որ ոստիկանների հետ քննարկման նպատակը առաջիկա օրերին իրենց նախաձեռնած ակցիաների ընթացքում լարված իրավիճակներից խուսափելն է։ Սանասարյանը, այդուհանդերձ, նշում է, որ ոստիկանության հետ քննարկումը որևէ կերպ չէր ազդելու իրենց գործողությունների վրա:

«Առաջիկայում, եթե գան, նորից բղավեն՝ սթափվե՛ք, ուղղակի արհամարհելու ենք այդ կոչերը», - ընդգծեց «Ոտքի՛ Հայաստան»-ի անդամը:

Եթե նույնիսկ ոստիկանությունը համաձայնի քննարկումներ վարել ակտիվիստների հետ, հոսանքի թանկացման դեմ պայքարող մյուս՝ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը չի մասնակցի: «Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը դրանք անիմաստ համարեց:

«Քննարկումներ տեղում են տեղի ունենում, բայց ինչ-որ նախօրոք քննարկումներ հաստատ չունենք ոստիկանության հետ անցկացնելու», - ասաց Քոչարյանը:

«Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարած՝ երկուշաբթի օրվանից սկսվող անհնազանդության ակցիաներին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները կմասնակցեն որպես անհատներ: Նախաձեռնությամբ ակցիաներին միանալու որոշում առայժմ չունեն:

Անկախ նրանից՝ որքան մարդ կմիանա իրենց, Դավիթ Սանասարյանի խոսքով, այնուամենայնիվ, լինելու է ընդվզում․ - «Մենք իրացնելու ենք մեր իրավունքները, բողոքի ակցիաներով փորձելու ենք հասնել մեր առջև դրված նպատակներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG