Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «պետական հեղաշրջման ծրագիր» է որակում նոր Սահմանադրության նախագիծը


ՀԱԿ-ը «պետական հեղաշրջման ծրագիր» է որակում նոր Սահմանադրության նախագիծը
please wait

No media source currently available

0:00 0:04:18 0:00

«Խոսում են, որպեսզի երաշխավորեն իրենց հետագա պարտությունը», - ընդդիմադիրներին հակադարձում են իշխող ՀՀԿ-ից:

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), նոր Սահմանադրության նախագիծը որակելով իշխանության յուրացման նպատակով պետական հեղաշրջման ծրագիր, միջազգային կազմակերպություններին կոչ է անում չաջակցել Հայաստանի իշխանությունների «այս արկածախնդրությանն» ու «բռնապետություն հաստատելու փորձերին»։

Մանրամասն վերլուծելով նախագծի հրապարակված մասը, Կոնգրեսը եզրակացրել է, որ Սերժ Սարգսյանի «հակաժողովրդավարական ռեժիմի» վերարտադրման ու հավերժացման խնդիրը փորձ է արվում լուծել Ազգային ժողովում Հանրապետականի բացարձակ մեծամասնությունը սահմանադրորեն երաշխավորելու և «Սերժ Սարգսյանի ձեռքում բացառիկ լիազորություններով օժտված Ազգային ժողովի նախագահի և Հանրապետականի գենսեկի պաշտոնները մեկտեղելու միջոցով»։

Այդ նպատակով է, ըստ ՀԱԿ-ի, նախագծում ներառվել կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորման դրույթը, այդ նպատակով է նախատեսվում Ազգային ժողովի նախագահին տալ պետական կառավարման մեջ առաջին դեմքի դերը և էապես թուլացվում է վարչապետի ինստիտուտը։

Ընդգծելով, որ սրանով հասարակությանը հրամցվող հասարակական-քաղաքական հարաբերությունների համակարգը լուրջ սպառնալիքներ է պարունակում նաև Հայաստանի պետականության համար, ընդդիմադիր կուսակցությունը մանրամասնում է՝ միակենտրոն իշխանական համակարգի ձևավորմամբ խեղվում է պետական կառավարման համակարգը, երկրում անվտանգության և զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը խոցելի վարչապետի ու կառավարության վրա դնելով խաթարվում է ազգային անվտանգության համակարգը, և ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է բռնապետության հաստատումը։

«Այսպիսի համակարգի ներդրումից հետո Հայաստանում իշխանության որևէ փոփոխություն հնարավոր կլինի միայն հասարակություն - իշխանություն սուր առճակատման և ցնցումների միջոցով», - նշում է Կոնգրեսը՝ այս վտանգից խուսափելու միակ ճանապարհը համարելով քաղաքական ուժերի, առողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումը։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում նման համախմբումը հնարավոր համարեց.- «Հայ ժողովուրդը արժանի չէ, որ Հայաստանում խաներ կառավարեն, և այս բանը չի հանդուրժելու։ Արդեն կա մեր հասարակության շատ խիստ արձագանքը, որը իսկապես հուսադրում է։ Դա քաղաքական ուժերի շրջանակներում էլ ենք տեսնում, մասնավորապես, Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հինգ խմբակցությունից չորսը դեմ արտահայտվեցին և միայն մեկը՝ Դաշնակցությունը կողմ էր։ Այսինքն, դա կա պառլամենտական ընդդիմության մեջ, դա կա նաև արտախորհրդարանական շատ քաղաքական խմբերի մեջ։ Ըստ էության, Սահմանադրության այս նախագիծը ունի մի քանի պաշտպան։ Դա Գագիկ Հարությունյանն է, ով շահագրգռված է դառնալ ՀՀ նախագահ և դրա համար էլ գնացել է մի խայտառակ գործարքի։ Այս սահմանադրական հանձնաժողովի մի քանի անդամներ են պաշտպանում և միգուցե Հանրապետական կուսակցության վերնախավը»։

Այն դիտարկմանը, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը չի հավակնում ոչ միայն նախագահի ու վարչապետի, այլ նաև Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, ընդդիմադիր Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հակադարձեց՝ «հերքում են խորամանկ ձևով»։ Զուրաբյանը համոզված է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանը այլ մարդ կգլխավորի, բայց դա չի նշանակում, որ 2018-ին նախագահական լիազորություններն ավարտած Սերժ Սարգսյանը սահուն կերպով չի ստանձնելու այդ պաշտոնը։

«Մեկ էլ պարզվելու է, որ հանրապետական մի պատգամավոր անցնելու է կամ լավ աշխատանքի, կամ դառնալու է նախարար, կամ ընկնելու է մեքենայի տակ, և այդ դեպքում արդեն փոփոխված օրենքով այդ մանդատը կառաջարկվի Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին դեմքին։ Իսկ այդ դեմքը լինելու է հենց Սերժ Սարգսյանը։ Գալուստ Սահակյանը կամ ԱԺ մեկ այլ նախագահ այդ ժամանակ կանցնի վաստակած հանգստի, և այդպես ԱԺ նախագահ կդառնա Սերժ Սարգսյանը»,- կարծում է Զուրաբյանը։

Իշխող Հանրապետական կուսակցությունում «տրամաբանական» չեն համարում Կոնգրեսի քննադատությունը։

«Սահմանադրության բովանդակային քննարկումների փոխարեն խոսել առճակատումներից, հեղափոխությունից, կոչ անել միջազգային հանրությանը, որ հավանության չարժանացնեն, դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ քաղաքական ուժերը չունեն իրենց մեջ վստահություն, որ ընտրություններում կհաղթեն։ Խոսում են, որպեսզի երաշխավորեն իրենց հետագա պարտությունը»,- ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխավորող Հովհաննես Սահակյանը։

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձում է՝ Հանրապետականը մատնում է իր մարտավարությունը.- «Այսօր ՀՀԿ-ն բոլորին առաջարկում է մեկ գործարք՝ ընդունել այս նախագիծը, դրա փոխարեն ստանալ տեղեր պառլամենտում։ Բնական է ՀՀԿ-ի այս ռեակցիան մեր սկզբունքային դիրքորոշման վերաբերյալ, որովհետև իրենք գիտեն, որ նման գործարք մեզ չեն կարող առաջարկել, որովհետև մենք երբեք չենք համաձայնի հայ ժողովրդի ստրկացման և մեր քաղաքական համակարգի աղճատման գնով հայտնվել պառլամենտում»։

XS
SM
MD
LG