Մատչելիության հղումներ

Արա Բուդաղյանի հայրը պահանջում է դադարեցնել իր ընտանիքի հետապնդումը


Արա Բուդաղյանի հայրը պահանջում է դադարեցնել իր ընտանիքի հետապնդումը
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ որդուն առաջադրված մեղադրանքը «լրիվ անհիմն է», և ինքը չի կարողանում հասկանալ, թե ինչու են հենց իր որդուն կասկածում այդ հանցագործության մեջ։

Երեկ, հիշեցնենք, Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանի բողոքը, և Արա Բուդաղյանը կշարունակի մնալ անազատության մեջ։

Էմիլ Բուդաղյանը քննչական մարմիններին ու իշխանություններին հորդորեց «մարդ լինել» և դադարեցնել իրենց ընտանիքի նկատմամբ շարունակվող հետապնդումը:

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 20-ին հայտարարվեց, որ Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել մարզպետի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Նախ գործը քննում էր Քննչական կոմիտեն, հետո Գլխավոր դատախազը պահանջեց նյութերը, ուսումնասիրեց, գործն ուղարկեց Ազգային անվտանգության ծառայություն, ինչից անմիջապես հետո՝ դեպքից մեկուկես ամիս անց, կալանավորվեցին Արա Բուդաղյանն ու երեք այլ անձինք: Բուդաղյանը կալանավորվեց մահափորձը պատվիրելու, Հենրիկ Ավագյանը՝ այն իրականացնելու, Գարեն Աթաջանյանն ու Վիտալի Մինասյանը՝ մահափորձին աջակցելու մեղադրանքներով։

Արա Բուդաղյանը, ինչպես հայտնի է, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ երկու տարի առաջ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է։

Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ իր որդին որևէ կապ չունի մահափորձի հետ: Ասում է՝ իրենք իրենց հարցերը օրենքով են լուծում, ոչ թե քրեորեն պատժելի ճանապարհներով, հենց դրա համար էլ Ավետիքի սպանության գործով դիմել են Եվրադատարան:

«Անմեղ տեղը բռնել են, ասում է՝ կասկածում ենք: Կասկածելով բան է լինո՞ւմ, առանց ապացույցների», - հարցնում է նա:

Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ Արա Բուդաղյանի գաղտնալսված այն հեռախոսազրույցները, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, սովորական զրույցներ են, որտեղ խոսվում է Արայից պարտքով վերցրած 200 հազար դրամը վերադարձնելու մասին:

«130 հազարը հետ են տվել՝ 70 մնացել ա: Ասել ա՝ դե ամսվա վերջին կբերեք: Էդքան բան, զրույցը դա է», - պատմում է Բուդաղյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանից տեղեկացանք, որ նախօրեին Վերաքննիչ դատարանում էլ քննիչները վկայակոչել են գաղտնալսված հեռախոսազրույցները, դատարանն էլ շուրջ 20 ժամ մտածելուց հետո է որոշել նույնը թողել Արա Բուդաղյանի կալանավորման՝ առաջին ատյանի դատարանի որոշումը.

«Հորինված, շինծու մեղադրանք է: Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքում արդեն հերթը հասավ նրան, որ արդեն բոլորի համար պարզ էր, որ այս հեռախոսային խոսակցությունները ոչ մի նյութ չեն պարունակում Արա Բուդաղյանի դեմ, ու արդեն դատարանը սկսեց ուրիշ ձևի հարցեր տալ քննիչին՝ իսկ ուրիշ բան ունե՞ք: Ու քննիչները ստիպված եղան արձանագրել, որ չէ՝ ուրիշ բան չունեն», - պատմեց փաստաբանը: - «Դատարանը, համոզվելուց հետո, որ սա ոչինչ իրենից չի ներկայացնում, սկսեց փորձել քննիչից ինչ-որ մի բան ստանալ: Այսինքն, իրենց համար բարդ է իրավիճակը, երբ ԱԱԾ-ն ոչինչ չունի, բայց դրա հետ միասին իրենց համար դա մի անլուծելի խնդիր է՝ հո չե՞նք մերժելու ԱԱԾ-ի միջնորդությունը: Սա, դժբախտաբար, հին խորհրդային ավանդույթներն են, որ ԱԱԾ-ն դա մի այնպիսի մարմին է, որը ոչ մի անգամ չի սխալվում, իսկ եթե անգամ սխալվում է, ապա ոչ ոք այդ մասին չպիտի խոսի»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ այս պատմությունը «հորինված է»․ - «Անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը սևեռվել այդ ընտանիքի վրա, երբ մի տղան գնդակահարված է, մյուս տղան հրազենային վնասվածքներով էր, և երրորդ տղային ձերբակալել են: Սա ես սևեռում եմ համարում և կարծում եմ, որ որոշվել է Սերժ Սարգսյանի իմացությամբ՝ մոռացության տալու Սյունիքի մարզպետի տան մոտ եղած միջադեպի քննությունը, որը բավականին մեծ աղմուկ էր առաջացրել, և կարծում եմ, որ մարզպետը ընդհանրապես պարզերես լինելու ոչ մի շանս չունի, դրա համար նոր պատմություն է հորինվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG