Մատչելիության հղումներ

Թուրքիայում ահաբեկչական պայթյունից սպանվել է առնվազն 28 մարդ


Պայթյունից տուժած քաղաքացի, Սուրուչ, 20-ը հուլիսի, 2015թ.
Պայթյունից տուժած քաղաքացի, Սուրուչ, 20-ը հուլիսի, 2015թ.

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածն անվանել է «ահաբեկչական գրոհ»։

Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Սուրուչ ավանում այսօր հանրային հավաքի ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով սպանվել է առնվազն 28 և վիրավորվել է մոտ 100 մարդ։

Ռումբը պայթել է Սուրուչի «Ամարա» մշակութային կենտրոնի բացօթյա տաղավարի մոտ, որտեղ հավաքված սոցիալիստական երիտասարդական ֆեդերացիայի մոտ երեք հարյուր ակտիվիստներ ավանի բնակիչներին և իշխանություններին կոչ էին անում գումար հայթայթել Սիրիայում պատերազմից ավերված Քոբանի քրդական քաղաքը վերականգնելու համար։

Երիտասարդ սոցիալիստները մտադիր էին մեկնել Քոբանի և այնտեղ մասնակցել քաղաքի վերականգնման աշխատանքներին։ Թուրքական Սուրուչից սիրիական Քոբանի մոտ տասը կիլոմետր է։ Սահմանի թե՛ այս, թե՛ այն կողմում բնակիչների մեծ մասը քրդեր են։

Քոբանիի համար պայքարում «Իսլամական պետության» մարտական խմբերը ծանր պարտություններ են կրել։ Քոբանին դարձել է քրդական դիմադրության խորհրդանիշը։ Այս տարվա հունիսին «Իսլամական պետություն» խմբավորումը նոր գրոհ էր ձեռնարկել, զոհվել էր Քոբանիի ևս 200 բնակիչ։

Այսօրվա պայթյունից րոպեներ անց դեպքի վայր են ժամանել ոստիկանների խմբերը և շտապօգնության մեքենաները: Ըստ «Ռոյթերզ»-ի՝ ավանում անասելի խուճապ էր, լաց ու ճիչ։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած մոտ հարյուր քաղաքացիների տեղափոխել են Սուրուչի բուժկենտրոններ։ Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի։

Երկու թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ «Ռոյթերզ»-ի թղթակցին ասել են, թե, ամենայն հավանականությամբ, պայթյունն իրագործել են «Իսլամական պետության» գրոհայինները։

Սուրուչում որոտացած պայթյունից քիչ անց մի մահապարտ ահաբեկիչ Քոբանիի անցակետի մոտ ռումբ է պայթեցրել․ սպանվել է երկու քուրդ զինվոր։

TRT հեռուստակայանի փոխանցմամբ, այսօրվա ահաբեկչական գործողությանն արձագանքել է Թուրքիայի նախագահը։

«Ահաբեկչությունը ազգ, կրոն, հայրենիք չի ճանաչում: Այդ չարիքի դեմ պետք է համընդհանուր պայքար մղել», - ասել է Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG