Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն այսօր Կառավարության նիստում մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում չկա վստահություն իշխանությունների նկատմամբ:
Երկրի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյան այդպիսի հայտարարությամբ հանդես եկավ, երբ գործադիրը քննարկում էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի վճարման հարցը, որի հետ կապված, հիշեցնենք, վերջիններս երեկ փողոց էին փակել, այսօր էլ ցույց էին անցկացնում Կառավարության շենքի առջև:
Թե Գորիկ Հակոբյանը ինչո՞ւ որոշեց արտահայտվել այդ հարցի առնչությամբ, հայտնի չէ:
«Երեկ հավաքվածների թիվը մոտ 500 էր: Այսինքն՝ քիչ չէր: Միակ առաջարկությունը սա է, որ՝ ուզում ենք փողը ստանանք միանգամից, բոլորով: Ինչի՞ համար․ մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ N թվով մարդկանց և փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ», - ասաց ԱԱԾ ղեկավարը:
Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը մարելու հարցը Կառավարության նիստի սկզբում բացեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով՝ 5 միլիարդ 310 միլիոն դրամ կազմող ողջ պարտքը վճարելու իր խոստումը Կառավարությունը պահել է և համապատասխան գումարը արդեն իսկ հատկացրել է:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը այսօրվանից սկսում է պարտքի մարումը, բայց նաիրիտցիները շարունակում են բողոքել՝ պահանջելով ողջ աշխատավարձը միանգամից վճարել:
«Եթե կոլեկտիվի անդամները, աշխատակիցները պատրաստ են սպասել մինչև ամսվա վերջ, ապա մենք ամսվա վերջին միանգամից վճարումները կարող ենք կատարել: Չե՞ն կարող սպասել, կլինե՞ն աշխատակիցներ, որոնք կուզեն հիմա ստանալ, մենք պատրաստ ենք այս ընթացքում կատարել վճարումներ», - ասաց Զախարյանը:
«Թող իրենք որոշեն և ներկայացնեն առաջարկությունները», - եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները այսօր խուսափեցին արձագանքել ԱԱԾ տնօրենի հայտարարությանը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, օրինակ, այսօր «Ազատությանը» հայտնեց, թե ինքը ծանոթ չէ Գորիկ Հակոբյանի խոսքերին, ուստի չի ցանկանում մեկնաբանել:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «արտառոց» բնորոշեց գեներալ-գնդապետ Հակոբյանի հայտարարությունը՝ սահմանադրական սպասվող փոփոխությունների, իշխանության ներսում լիազորությունների վերաբաշխման և արտաքին լարված իրավիճակի ֆոնին:
«Սա կարող է լինել թե՛ նախազգուշացում իշխանությանը, որ իրավիճակը ինչ-որ առումով դուրս է գալիս վերահսկողությունից և ավանդական միջոցներով պարզապես հնարավոր չէ այլևս տիրապետել քաղաքացիների տրամադրություններին, սեղմել դրանք, պահել զսպված: Եվ, իհարկե, սա կարող է լինել ազդակ այն իմաստով, որ Կառավարությունում պետք են փոփոխություններ, և այնքան է իրավիճակը լրջացել, որ այդ փոփոխություններն արդեն ազգային անվտանգության խնդիր են», - կարծիք հայտնեց Բադալյանը:
ԱԱԾ ղեկավարը օրվա ընթացքում հանդես եկավ պարզաբանմամբ: «Արմենպրեսի» հետ զրույցում Գորիկ Հակոբյանը, մասնավորապես, նշել է․ - «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»: