Պետական բյուջեից շարունակվում են միլիարդներ ծախսվել Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի վրա:
Միայն այս տարի կենտրոնի կառուցման համար մոտ 3 միլիարդ դրամ է հատկացվել։ 4 տարի շարունակ հարկատուների վճարած գումարներից միլիարդներ են ծախսվում, իսկ շինարարության վերջը դեռ չի երևում: Համալիրը պետք է շահագործման հանձնվեր դեռ հուլիսի 1-ին։
Ֆինանսների նախարարությունից խոստանում են ավարտել շինարարությունը մինչև տարեվերջ: 10 միլիարդից ավելի դրամ արդեն իսկ ծախսվել է շինմոտաժի վրա, շինարարության համար ընդհանուր առմամբ 13.5 միլիարդ է հատկացված: Այս թվերը «Ազատությանը» փոխանցեցին նախարարությունից, այդուհանդերձ, մասնագետների կարծիքով՝ դրանք իրականությանն այնքան էլ մոտ չեն: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ծախսերի արդյունավետությունը կասկածների լուրջ տեղիք է տալիս։
«Օրինակ, էդ գումարների մեջ, իմ կարծիքով, միանշանակ նաև պետք է ներառվի հողակտորի ձեռքբերման ծախսերը և այլն, բայց 13 միլիարդ դրամը չէ՞ որ ևս գումար է, որի այլընտրանքը մենք պետք է դիտենք։ Այսինքն պետական բյուջեից նման միջոցներ ենք ուղղում, դա վնաս է որոշակի սոցիալական խավերի համար, մենք գումարը այստեղի հանում ենք, ինչը նշանակում է, որ այս ծախսային ծրագիրը ավելի մեծ հետգնում կամ արդյունավետություն պետք է ապահովի, քան այն ծրագրերը, որոնցում մենք ավելի հրատապ գումարներ ենք ծախսում»,- ասաց Մանուկյանը։
Ուսումնական կենտրոնում, որում կրթվելու և վերապատրաստվելու են նախարարության մի քանի հազար աշխատողներ, կա ընդամենը 4 լսարան: Իսկ կրթական կենտրոնի կառուցման համար հատկացված գումարի մի զգալի մասը ծախսվել է ջակուզիներ ու լողավազաններ մոզաիկապատելու (153 844 193 դրամ), կինոդահլիճը տեսաձայնային համակարգով կահավորելու (39 500 261 դրամ), սպորտային դահլիճներ կառուցելու (18 017 005 դրամ) և շքեղության այլ պարագաների վրա:
Կրթական կենտրոնում կան նաև սաունաներ, բարեր, ռեստորաններ, թենիսի կորտեր: Հարցին՝ թե կրթական ի՞նչ նպատակներով է այս ամենը օգտագործվելու, նախարարությունից գրավոր պատասխանում են՝ «աննախադեպ, բացառիկ, գերարդիական կենտրոն ենք կառուցում, որը նախարարության աշխատակիցներին հնարավորություն կտա համատեղել մասնագիտական հմտությունների կատարելագործումը հանգստի հետ»:
Գերարդիական տնտեսություն չունեցող երկրում գերարդիական ուսումնական հաստատություն կառուցելը հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետի համար առնվազն տարօրինակ է:
«Եթե մենք տեսնում ենք, որ սրանում դոմինանտ է ժամանցի, հանգստի հետ կապվածը, միգուցե ճիշտ կլիներ՝ ձևակերպումը լիներ ոչ թե ուսումնական կենտրոնի ստեղծում, այլ ժամանցի գոտու ստեղծում։ Եթե Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված նման կարգի շինարարությունները դիտարկենք, այնտեղ կան հստակ դիզայներական և շինարարական ստանդարտներ, կան խաղի կանոնները, որոնց շրջանակներում դու չես կարող պերճանք, որևէ կարգի շռայլություն թույլ տալ»,- ասաց Արտակ Մանուկյանը։
Ըստ փորձագետի՝ պետական փողերը ծախսելիս կամայական մոտեցում է ցուցաբերվել. չեն սահմանվել հստակ չափանիշներ, թե ինչու է ընտրվել այս կամ այն ապրանքը, կամ ինչու է Ֆինանսների նախարարությունը 4 տարիներ շարունակ բազմաթիվ պայմանագրեր կնքել բացառապես «Սահակյանշին» և «ԶԱԱՐՏ» ընկերությունների հետ՝ չապահովելով մրցակցային պայմաններ։
«Խիստ մեծանում է այդ կոռուպցիոն ռիսկերի հավանականությունը, որովհետև պարզ չէ՝ ինչ չափանիշի հիման վրա է «ԶԱԱՐՏ»-ը ընտրվել և չի ընտրվել «ԳԱԱՐՏ»-ը, օրինակ։ Միգուցե «ԳԱԱՐՏ»-ը ավելի մրցակցային գին առաջարկեր։ Եվ պարզ չէ, թե «ԶԱԱՐՏ»-ը ինչ մրցակցային լրացուցիչ առավելություններ ուներ, որ մրցույթ չեն անում, միանգամից ընտրում են նրան և միանգամից գնում են կատարում նրանից»,- ասում է Մանուկյանը։
Նախարարությունը չի բացառում, որ կառուցվող ուսումնական կենտրոնը հետագայում նաև այլ՝ բիզնես նպատակով կշահագործվի: Սա արդեն երկրորդ լայնամասշտաբ և շքեղ համալիրն է Դիլիջանում, որ կառուցում է հարկատուների հաշվին՝ բացառապես պետական համակարգի աշխատողների համար: Ֆինանսների նախարարությունից առաջ Դիլիջանի անտառներում իր աշխատակիցների համար շքեղ պայմաններ էր ապահովել Կենտրոնական բանկը: