Սահմանադրական դատարանն այսօր որոշեց՝ «Կուտակային կենսաթոշակի մասին» նոր՝ փոփոխված օրենքի բողոքարկվող հոդվածների գերակշիռ մասը չի հակասում Սահմանադրությանը: Բողոքարկվող հոդվածներից ընդամենը 3-ի որոշ դրույթներ անվավեր և հակասահմանադրական ճանաչվեցին:
Որոշման եզրափակիչ մասն ընթերցելուց հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայցվոր կողմին հորդորեց շուտափույթ մեկնաբանություններ չանել:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեռ պետք է ընթերցի բազմաթերթ որոշումը՝ հասկանալու՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանը բավարարել է իր դիմումը: Պահանջներից մեկը գործող օրենքի կասեցումն էր: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի այս որոշումից կարելի է ենթադրել, թե օրենքն, այնուամենայնիվ, շարունակելու է գործել, Մինասյանը պատասխանեց․ - «Բերեք հապշտապ եզրահանգումներ չանենք: Այո՛, առերևույթ եթե չկա կասեցում բառը կամ չկա այնպիսի կտրուկ ձևակերպում, որ՝ ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, դրանից չպետք է դեռևս հետևություն անել, թե արդյոք մեր պահանջը բավարարվել է կամ որքանով է բավարարվել»:
Պատգամավորի համար այսօր հստակ է մի բան՝ պետությունը պետք է հաշվի առնի գնաճը և ճշգրտի նաև իր կողմից ավելացված գումարը․ - «Ըստ վիճարկվող օրենքի նախատեսված էր, որ գնաճով ճշգրտվում է միայն այն գումարը, որը քաղաքացու աշխատավարձից է տարվել, և հաշվի առնված չէ, որ եթե բյուջեն հատկացում է կատարում, ապա դա էլ է համարվելու քաղաքացու սեփականությունը: Այս մասով կտրուկ և միանգամից ճանաչում է Սահմանադրությանը հակասող»:
Հայցվոր կողմը Սահմանադրական դատարանում բարձրացրել էր ոչ միայն օրենքի բովանդակային, այլև ընթացակարգային խախտումների հարցը, որոնք տեղի են ունեցել օրենքի նախագիծը մշակելիս, այն քննարկելիս և քվեարկելիս: Դատարանի դիրքորոշումն այս մասով պատգամավորի համար այս պահին դեռ անհասկանալի է:
Ի դեպ, անցած տարի էլ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի մասով տարընթերցումների պատճառ դարձավ, և ժամանակ պահանջվեց այն հասկանալու համար: Այդուհանդերձ, ՍԴ-ի նախորդ որոշումից հետո նոր օրենք մշակվեց: Այսօր այս մասով մեկնաբանություններ անելը վաղ է՝ կարծում է հայցվոր կողմը:
«Ես վստահ եմ, որ այս 80 էջից ավելի փաստաթղթում այնքան մոտեցումներ կան, որոնք նոր օրենսդրական նախաձեռնությունների հիմք են տալիս: Մեր գլխավոր խնդիրն է, նաև «Դ!եմ եմ» շարժման հետ միասին, կարողանալ ուրվագծել այն հիմնական փոփոխությունները, որոնք ի վերջո մեր համատեղ պահանջած կենսաթոշակային համակարգի ուղղությամբ քայլ կլինեն», - ասում է Արծվիկ Մինասյանը:
Հայցվոր կողմն ընդունում է, որ բարձրագույն դատարանի նախորդ որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև հանրային ճնշումը: Անցած տարի «Դ!եմ եմ» շարժումը գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ էր կազմակերպում: Այսօր դատարանի առջև խաղաղ էր, դահլիճում, սակայն, ներկա էին շարժման անդամներից մի քանիսը: Նրանցից Մանե Թանդիլյանը ևս չի շտապում մեկնաբանություններ անել, թեև վստահեցնում է, որ պայքարը շարունակվելու է:
«Սահմանադրական դատարանի դատավորի կարծիքով` նախորդ որոշումը անգամ դեռևս չի իրացվել: Այսինքն, այս պահին, երբ մենք նորից դատի ենք տվել այլ դրույթներ, դեռևս նախորդում կան մասեր, որոնք չեն իրացվել, և այդ մասով էլ պետք է շարունակենք հետամուտ լինել, որպեսզի կարողանանք պարտադրել Կառավարությանը», - ասում է նա: