Սուսաննա Առաքելյանին ընդամենը 23 օր ժամանակ է մնացել երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանի փոխարեն տրված վկայագրով նոր տուն գտնելու և առքուվաճառք ձևակերպելու համար:
7 անձից բաղկացած ընտանիքն արդեն 5 ամիս փորձում է համապատասխան բնակարան գտնել: Բնակարանի գնման վկայագրով նրանց տրամադրվել է 6 միլիոն դրամ:
«Շատ տներ ենք տեսել, բայց չենք տեղավորվում, անձով շատ ենք, բնակարանն էլ՝ երկու սենյականոց: Եթե չտեղավորվեմ, երևի հետ տամ, ի՞նչ անեմ», - դժգոհեց գյումրեցին:
Տիկին Սուսաննան ասում է, թե բնակարան է կորցրել և 27 տարի սպասելուց հետո պետությունից հենց բնակարան է պահանջում, ոչ թե թղթի մի կտոր․ - «Ես գրել էի տուն եմ ուզում, բայց իրանք ինձ վաուչեր տվեցին: Հլը սպասեմ, հա՞: Մեռնեմ՝ նո՞ր: Էլ ինչի՞ս է պետք։ Իմացան, որ վաուչեր կա, թանկացրին տները՝ 15, 17, 19 հազար դոլար: Է որտեղի՞ց։ Եթե ես հետ տամ, հետո ինչպե՞ս պիտի լինի, այ էդ հարցի վրա եմ ես հիմա»:
Հարցն իրոք շատերին է հետաքրքրում: Եթե 6 ամսվա ընթացքում բնակարան չգտնեն, վկայագիրն էլ մարվի, այդ ընտանիքների հետ ի՞նչ է լինելու, արդյո՞ք պետությունը կհամարի, որ բնակարանով ապահովելու պարտավորությունն ավարտել է տվյալ ընտանիքի նկատմամբ, թե՞ ոչ:
Այս հարցին արձագանքեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բնակարանային բաժնի պետ Տիգրան Հարությունյանը․ - «12 ընտանիք, ժամկետը լրացել է արդեն, բնակարանի գնման վկայագրերը մարվել են: Բնակարանի գնման վկայագիրը մարվում է, իրենք էլ մնում են հերթացուցակի մեջ»:
«Մինչ այս պահը տրամադրված 223 վկայագրերից քանի՞ ընտանիք է կարողացել բնակարան ձեռք բերել» հարցին Հարությունյանը պատասխանեց․ - «195 ընտանիք: Նոր բնակարաններ կառուցելը բնական է՝ թանկ է»:
Օգոստոսին կավարտվի ծրագրի առաջին փուլը, և վկայագրեր կտրամադրվեն շահառուների նոր խմբի:
2014 թվականից բնակարանաշինությունն աղետի գոտում դադարեցվեց՝ պետությունը նախընտրեց անօթևաններին բնակարանով ապահովելու ավելի էժան ճանապարհը, ու հիմա առաջարկվող միակ տարբերակը բնակարանի գնման վկայագիրն է:
Ի դեպ, չնայած անշարժ գույքի շուկայում առքուվաճառքը հիմնականում դոլարով է, պետությունը դրամ-դոլար փոխարժեքի տատանումները հաշվի չի առել և չի վերանայել վկայագրի արժեքը:
Հաջորդ փուլում տրամադրվելիք վկայագրերի արժեքի վերանայում կլինի, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ: