Վարդգես Գասպարին գիշերը մի քանի ժամ ոստիկանությունում է անցկացրել, գուշակում է՝ գուցե տուն վերադառնալիս Ազատության հրապարակի ոստիկանական պատը ճեղքելու համար:
«Պահանջեցի, որ ճամփեն բացեն, որ թողեն՝ գնամ: Իրենք մի քիչ դիմադրեցին, ես իրանց ապօրինությունը իրանց մատնացույց արեցի և այլն: Այնուամենայնիվ ճամփեն բացեցին: Երևի Թումանյանով մի 50-60 մետր առաջացել էի, էնտեղ եկան ոստիկաններ ու առանց որևէ բան ասելու ինձ բռնեցին, դրեցին մի հատ ոստիկանական մեքենա», - պատմեց ակտիվիստը:
Առանց բացատրություններ կամ պահանջներ ներկայացնելու՝ Գասպարիին քարշ տալով տեղափոխել են ոստիկանություն:
«Պառկած մնացել եմ մի քանի ժամ, հետո արդեն նորից նույն կերպ՝ ձեռքեր-ոտքերս բռնեցին, ոստիկանության բաժնից հանեցին, էդ ստադիոնի, այսպես ասած՝ քրջի բազարի աղբանոցում, տարան ընդեղ դրեցին՝ էդ աղբանոցում ու հեռացան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:
Առաջին անգամը չէ, որ Գասպարիին բաժին են տանում՝ նույնիսկ չասելով՝ ինչու: Երկու տարի առաջ, օրինակ, ոստիկանական մեքենայից հայտնվել էր անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում․ - «Եվ ինձ տվել ա վերջին հայհոյանքները՝ ինքը և իր ենթակաները, սպառնալիքներ և այլն»:
Բողոքի գրեթե բոլոր ակցիաներին միացող Գասպարին մեծ հավակնություններ չունի՝ փողոցային պայքարով իշխանություն փոխելու կամ թեկուզ էլեկտրաէներգիայի սակագնի նվազման հասնելու:
«Աշխատում եմ պաշտպանել իմ և այլոց արտահայտվելու և բողոքելու իրավունքը, ընդամենը դա: Ու երբ որ ոստիկանները կանգնում են, ասում են՝ այ էս կողմից մի գնա, էն կողմից գնա, դա ոչ այլ ինչ է, քան՝ մարդու հետ հավի պես վարվել», - ընդգծում է ակտիվիստը:
Անընդհատ ճնշումները՝ բռնություններ, դատական հայցեր, տուգանքներ ու սառեցված հաշիվներ․․․ միայն կարող է թվալ, որ չեն ընկճում: Նա նույն համարձակությամբ փողոցում է, բայց չի թաքցնում՝ հետևանքներ կան․ - «Աղջիկներին, կանանց սեռական հայհոյանքներ տվող, որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տվող ոստիկանության նկատմամբ ես իմ հակակրանքը արտահայտում եմ իմ բացականչություններով, ոստիկանությունն էլ իր ատելությունն արտահայտում է այնպես, ինչպես կարողանում է: Ի վերջո, ես խոստովանում եմ՝ Վլադիմիր Գասպարյանը, որը իր կաբինետի դիմաց փորձում էր հարձակվել իմ վրա, հետո իր ենթակաները պահում էին․․․ Ես ինչ-որ տեղ վախեցել եմ, ես կաշկանդված չեմ ասել, որ մարդը կարող է վախենալ սպառնալիքներից»: