Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանն այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ անցած գիշեր Կապանում հարձակվել է մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդուն պատկանող խանութի վրա և կոտրել ապակիները։
Իբրև արդարացում Նիկողոսյանն ասաց, թե «զայրացած էր մահափորձի դեպքից»։
«Մի քանի քար եմ վերցրել ու խփել եմ էդ խանութի դիմացի ապակիները կոտրել եմ։ Չէի ասի պահի ազդեցության տակ եղավ, բայց համենայնդեպս ջղայնացած եմ եղել իրենց վրա, որ իրենք էդ ստոր քայլը կատարել են մարզպետի հանդեպ», - մանրամասնեց Նիկողոսյանը, այդուհանդերձ հավելելով՝ վստահ չէ մահափորձն իրականացնողների անձերի հարցում:
«Համոզված չեմ, որ իրենք են, բայց դե մատները խառն ա։ Ու եթե էնտեղ են ու մեղադրանքներն առաջադրված ա, ուրեմն մի բան կա», - ասաց նա։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ էր տեղի ունեցել այս տարվա մայիսի վերջին։ Այս գործով երկու օր առաջ կալանվել են Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանն ու Արա Բուդաղյանը: Վերջինս երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ արձակված կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի կրտսեր եղբայրն է:
Զարզանդ Նիկողոսյանը խանութի վրա կատարած իր հարձակումը համարում է ուղերձ՝ «մահափորձ կատարած բոլոր անձանց»։
«Էդ իմ հաղորդագրությունն ա բոլորին իրենց ստորության համար, որ նման մարդու նկատմամբ չի կարելի տենց վարվել», - «Ազատության» հետ զրույցում նշեց մարզպետի օգնականը: Ասաց, թե խանութի ապակիները կոտրելուց հետո դեպքի վայրից փախուստի չի դիմել։ Տարածքում ոստիկաններ են եղել։ Նրան բերման են ենթարկել։ Իր խոստովանությունից հետո, սակայն, անմիջապես ազատ են արձակել։ «Դե պիտի ազատ արձակեին, արածս ի՞նչ ա, ապակի ա ջարդվել, հո գլուխ չի՞ ջարդվել», - տարակուսեց Զարզանդ Նիկողոսյանը, հավաստիացնելով, թե պատրաստ է փոխհատուցել պատճառած վնասը:
Զարզանդ Նիկողոսյանը երկու տարի առաջ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո մարզպետի որդու հետ կալանավորվել էր: Նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Տեղի ունեցածից մոտ երեք ամիս անց, սակայն, ազատ էին արձակվեցին, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում շեշտում է՝ մարզպետի կողմնակիցները նախկինում սովորաբար հերքել են իրենց առնչությունը նման միջադեպերին, իսկ այսօր խոստովանում են։ Հետևաբար, փաստաբանը հարկ է համարում մարզպետի դեմ մահափորձի գործի շրջանակում դիտարկել բոլոր, այդ թվում՝ «իմիտացիայի» վարկածը։
«Այս գիշեր տեղի ունեցածը շատ լավ տեղավորվում է այդ վարկածի մեջ։ Այսինքն, նրանք փորձում են սրա միջոցով ցույց տալ, որ իրականում մահափորձ է տեղի ունեցել, իրենք էլ փորձել են վրեժ լուծել դրա մասնակիցներից», - ասում է Ալումյանը։