«Սահմանադրական դատարանը պետք է հետևողական լինի իր իսկ կայացրած որոշումը կյանքի կոչելու հարցում և «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր՝ փոփոխված օրենքը ևս հակասահմանադրական ճանաչի», - «Ազատության» հետ զրուցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), ով վաղը մեկնարկող քննության ժամանակ ներկայացնելու է բողոքը:
«Ծայրահեղ դեպքում՝ կասեցնի գործող օրենքի գործադրումը և պարտադրի ու պահանջի, որպեսզի նոր՝ սկզբունքորեն կոնցեպտուալ մոտեցում ցուցաբերվի կենսաթոշակային համակարգի նկատմամբ», - հավելեց Մինասյանը:
Նա շեշտեց, որ այս նոր օրենքի հետ կապված խախտումները բազմաթիվ են: Օրենսդրական ողջ գործընթացը, ըստ նրա, աղավաղված է եղել՝ օրենքի նախագծի մշակումը, քննարկումն ու դրա ընդունումը տեղի է ունեցել կոպտագույն խախտումներով:
«Պարտադիր կուտակայինը նպատակային սոցիալական վճար վերանվանելով՝ էությունը չփոխվեց», - պնդեց պատգամավորը՝ վստահեցնելով, որ օրենքի վերախմբագրված տարբերակը ևս հակասում է Սահմանադրությանը․ - «Արդյունքում մենք այսօր ունենք մի օրենք, որը, մեր խորին համոզմամբ, հակասում է Սահմանադրությամբ պաշտպանվող անձի սեփականության իրավունքին: Իրավունքի գերակայության սկզբունքն է խաթարված, որոշակիության և համաչափության սկզբունքներն են խախտված: Եվ այդ տեսակետից այն չի ապահովում նաև որևէ սոցիալ-տնտեսական զարգացում մեր քաղաքացիների և պետության կյանքում»:
Ավելի քան մեկ տարի առաջ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական էին ճանաչվել: Պատգամավորի համոզմամբ՝ այդ հաղթանակի հիմքում ընկած էր հանրային ճնշումը՝ մեկը տարուց ավելի տևած բողոքի ակցիաները:
Թեպետ «Դ!եմ եմ» շարժումն այսօր այլևս փողոց դուրս չի գալիս, դա, ըստ Մինասյանի, չի նշանակում, որ քաղաքացիները համակերպվել են․ - «Չպետք է երբեք մտածել, որ մի դատական որոշումով ամեն ինչ ավարտվում է կամ ամեն ինչ սկսվում է: Ո՛չ: Մենք եթե համոզված ենք մեր տեսակետների ճշմարտության մեջ, պայքարը պետք է լինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր պատկերացրած կենսաթոշակային համակարգը մենք չենք ձևավորել: Վստահ եմ, որ հանրության բազմահազար մասնակիցներ, ներկայացուցիչներ, ովքեր նույնիսկ եթե այսօր չեն բարձրաձայնում և փողոցում չեն դուրս գալիս պայքարի, պատճառը ոչ այնքան հուսահատությունն է, որքան որ որոշակի տակտիկական քայլերը, որ նաև այդ ընթացքում իշխանությունը թույլ տվեց: Մասնավորապես, մասնավոր սեկտորի որոշ խավերի համար հետաձգվեց մինչև 2017 թվականը, պետական համակարգում առանձին դեպքերում կան բացառություններ, և այսպես շարունակ»:
«Դ!եմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ շարունակում են աշխատել՝ ցանկալի արդյունքին հասնելու համար:
«Իսկապես հնարավոր չէ երկու տարի անընդմեջ քաղաքացիներին պահել փողոցում: Հենց շարժման սկզբից մենք մի քանի հարթակներում էինք պայքարում․ թե՛ իրավական, թե՛ փողոցային, թե՛ մասնագիտական: Եվ ես ինքս էլ սկսում եմ մտածել, որ մեզ անհրաժեշտ են քայլեր իրապես արմատական փոփոխություններ անելու: Այսպես փոքրիկ քայլերով մենք ընդամենը կարող ենք պահանջներ ներկայացնել և որոշակի մասնակի արդյունքների հասնել»:
Նրա կարծիքով, կառավարությունում ևս հասկանում են, որ նոր համակարգի ներդրումից ո՛չ քաղաքացին շահեց, ո՛չ կառավարությունը․ - «Որպես օրենք այն իրեն արդեն սպառել է՝ նույնիսկ չհասնելով 2017 թվականին, երբ մասնավորն է միանալու: Ոչ միայն կառավարությունը պատրաստ չէր նման ռեֆորմ անել Հայաստանում և շարունակում է պատրաստ չլինել, որովհետև էապես բան չի փոխվել, այլ իրականում մեր երկրում դրա ժամանակը և տեղը չէր, և սա արդեն ապացուցված է հենց ժամանակի առումով»:
ՍԴ ներկայացրած դիմումում հայցվոր կողմը նաև առաջարկել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման սեփական տարբերակը՝ հիմնական շեշտը դնելով կամավորության սկզբունքի վրա: Գործը վաղը քննվելու է գրավոր ընթացակարգով: