Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը». Հայցը կասկածներ է հարուցել


ՀԷՑ-ը պահանջում է սնանկ ճանաչել «Նաիրիտը». Հայցը կասկածներ է հարուցել
please wait

No media source currently available

0:00 0:03:20 0:00

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջով սնանկ ճանաչել «Նաիրիտը», որը ռուսական ընկերությանը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք։

Ուշագրավ է, որ «Նաիրիտի» պարտատերերի թվում ՀԷՑ-ը առաջիններից չէ, և եթե անգամ գործարանը սնանկ ճանաչվի, սկզբում ՀԷՑ-ի պարտքը չէ, որ պետք է մարվի։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով ներգրավված է «Նաիրիտի» հարցերով Ազգային ժողովի ենթահանձնաժողովում, չի հասկանում՝ ինչո՞ւ է ՀԷՑ-ը պարտքի կուտակումից հինգ տարի հետո միայն դիմում դատարան՝ այն էլ ոչ թե այն գանձելու, այլ գործարանը սնանկ ճանաչելու պահանջով։

«Առաջին հերթին պետք է բավարարվի Միջպետական բանկի հայցը։ Այսինքն պետք է Միջպետական բանկի 250 միլիոն դոլարը բավարարվի, որից հետո նոր ՀԷՑ-ը կկարողանա ստանալ իր 1.2 միլիարդ դրամը։ Եթե ամբողջ գույքը վաճառեն, դա չի բավականացնի Միջպետական բանկի հայցը վճարելու համար, այսինքն գումար ստանալու ակնկալիք չունի։ Սա կասկածների տեղիք է տալիս, որ նպատակն է «Նաիրիտը» շտապ կարգով տանել սնանկացման»,- ասաց Իսրայելյանը։

Գործարանի նախկին տնօրենը վստահ է՝ եթե սնանկացման հայտը բավարարվի, «Նաիրիտը» այլևս հնարավոր չի լինի գործարկել։ Կարծում է, որ հիմա կառավարությունը պետք է միջամտի, որ ՀԷՑ-ը ետ վերցնի գործարանի դեմ հայցը։

«Էներգետիկայի նախարարությունը համարվում է վերահսկող, այսօր ՀԷՑ-ի հետ կապված բավական լուրջ քննարկումներ են ընթանում, շատ հանգիստ կարող են ասել «Ինտեր ՌԱՕ»-ին՝ որպես հիմնական բաժնետեր, տեղեկացրեք ձեր դուստր ձեռնարկությանը, թող հրաժարվեն այս հայցից, մինչև մենք կարողանանք ընդհանուր հայտարարի գանք»,- ասաց Իսրայելյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է՝ ՀԷՑ-ը հենց հիմա է դատարան դիմել տարիների պարտքը ետ ստանալու համար, քանի որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ իշխանություններն իրենք են հայտարարում, որ այլևս մտադիր չեն գործարկել քիմիական հսկան։

«Սա նշանակում է «Նաիրիտի» պատմության վերջակետ, ավարտ։ Կնիք են դնում, ասում են՝ փակում ենք ձեզ։ Դա և սոցիալական խնդիր է, մոտ 2500 մարդ է աշխատում, նաև տնտեսության զարգացման պայման կարող էր լինել, էներգետիկայի զարգացման պայման, որովհետև ամենախոշոր գազ և հոսանք սպառող է եղել։ Գործարանը հենց այնպես, էս ձևով փակելը նշանակում է, որ ոչ թե «Նաիրիտն» է սնանկ, այլ կառավարությունը»,- ասաց տնտեսագետը։

«Նաիրիտի» իրավաբանական վարչությունից փոխանցեցին, որ որոշակի համաձայնության գալու համար ՀԷՑ-ի հետ բանակցություններ են սկսել, և հնարավոր է, որ ՀԷՑ-ի պարտքը մարվի գործարանի գույքի վաճառքի հաշվին։

Գույքի օտարման հաշվին, ի դեպ, կառավարությունը նախատեսում է մինչև հուլիսի 15-ը մարել աշխատողների աշխատավարձի պարտքը։ Հենց այս խոստումից հետո էր, որ «Նաիրիտի» աշխատողները ժամանակավորապես դադարեցրել են արդեն մի քանի ամիս շարունակվող բողոքի ցույցերը։

XS
SM
MD
LG