Մատչելիության հղումներ

Երևանյան լցակայաններում բենզինը թանկացել է


Այսօր առավոտվանից երևանյան բենզալցակայաններում անսպասելիորեն թանկացել է բենզինը: Regular տեսակի բենզինի մեկ լիտրը 420 դրամից դարձել է 430, Premium-ը 440 դրամի փոխարեն այլևս արժե 450:

Ընդ որում, Հայաստանում բենզինը թանկանում է միջազգային շուկայում նավթի գների կայունացման ֆոնին: Brent տեսակի նավթի գինը մի քանի ամիս է տատանվում է 60 դոլարի շրջակայքում:

Անցած դեկտեմբերի՝ ավելի քան 16 տոկոս արժեզրկումից հետո կայուն է նաև դրամը: Ուստի խոշոր ներկրողներից հետաքրքրվեցինք՝ նման պայմաններում ո՞րն է բենզինի այս թանկացման պատճառը: Սակայն «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Ստեփան Սիմոնյանը չցանկացավ որևէ հիմնավորում բերել․ - «Իրավասում չեմ, էդ խնդիրներով ես չեմ զբաղվում»:

«Ազատության» հարցին, թե արդյոք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն սկսել է՝ պարզելու բենզինի անակնկալ թանկացման պատճառը, հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը փոխանցեց, որ իրենք բենզինի շուկայի մոնիթորինգ այսօր արդեն կատարել են և կարձագանքեն, երբ արդյունքները պատրաստ լինեն:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ եթե անցած ամիսներին նավթի միջազգային գինն ու դրամի փոխարժեքը կայուն են եղել, ապա բենզինի այս թանկացումը պետք է բացատրել միայն ներկրող մոնոպոլիստների ցանկությամբ․ - «Օբյեկտիվ որևէ պատճառ չկար բենզինի գների բարձրացման: Մի հանգամանք կարող է լինել միայն և միայն՝ որ բենզինը մեր մոտ որպես մենաշնորհ տրված լինի «Ռոսնեֆտ»-ին՝ ռուսական ընկերությանը․․․ Բացատրությունը միայն կարող է դրանով լինել: Այլ բացատրություն չի կարող լինել, որովհետև հակառակը, Հայաստանի Հանրապետությունը պիտի օգտվեր նաև Ռուսաստանից ներկրվող նավթամթերքների այդ արտոնությունից, որ լրացուցիչ չի հարկվում ԵՏՄ երկրների շրջանակում նավթամթերքների արտահանումը»:

Սակայն բենզինի թանկացումը այսքանով թերևս չավարտվի: Եթե Ազգային ժողովն ի վերջո իր հավանությունը տա կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններին, որոնք խորհրդարանն արդեն իսկ ընդունել է առաջին ընթերցմամբ, բենզինի գինը դարձյալ կբարձրանա մոտ 7 դրամով:

XS
SM
MD
LG