Մատչելիության հղումներ

Ղարաբաղը էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում 78 տոկոս ինքնաբավության է հասել


Նախորդ տարվա տվյալներով, Լեռնային Ղարաբաղը սպառած էլեկտրաէներգիայի միայն 22 տոկոսն է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, 78 տոկոսն արտադրել են Ղարաբաղում գործող ՀԷԿ-երը:

Արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ղարաբաղում գործող ու շուտով շահագործման պատրաստվող 17 ՀԷԿ-երից միայն վեցն է պատկանում «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը, որտեղ բաժնեմասերի 47 տոկոսը կառավարությունն է ղեկավարում:

Ղարաբաղում լիարժեք ինքնաբավության հասնելու ու նույնիսկ հետագայում էլեկտրաէներգիա արտահանելու մասին հավակնություններ էին հնչել: Երկու տարի առաջ նախագահ Բակո Սահակյանը հայտարարում էր, որ Ղարաբաղը էլեկտրաէներգիա արտահանող երկիր է դառնալու: Էներգետիկայի պետական կառավարման բաժնի պետ Հայկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջնահերթ պետք է Ղարաբաղի լիարժեք ինքնաբավությունն ապահովեն:

«Էներգետիկայի մասին օրենքում գրված է՝ մինչև մեզ չապահովենք Ղարաբաղում, իրավունք չկա վաճառելու: 100 տոկոսով մեզ ապահովենք, էդ ժամանակ կարող ենք արտահանել Հայաստան ու Իրան», - ասաց Ավետիսյանը:

Վերջերս վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մինչև 2017 թվականը՝ ներկայիս կառավարության գործունեության ավարտը, ղարաբաղցիներն էլեկտրաէներգիայի համար կվճարեն միևնույն՝ 25 դրամ սակագինը: Կառավարությունը սուբսիդավորելու է գնի հնարավոր փոփոխությունը:

«Բնակչությունը վճարելու է նույն սակագինը, ինչքան էլ բարձրանա, այդ ծրագիրը մինչև 2017 թվականը գործելու է: 2017 թվականից հետո նոր իշխանությունները կորոշեն: Մեր երկիրը նախագահական երկիր է, և մեր իշխանությունը ձևավորվում է նախագահի ղեկավարությամբ, դրա համար մինչև 2017 թվականը մեր բնակիչները վճարելու են նույն սակագինը», - հայտարարեց Հարությունյանը:

Հարցին, թե ինչու է Ղարաբաղում ևս էլեկտրաէներգիան թանկանում այն դեպքում, երբ 78 տոկոս ինքնաբավություն կա, վարչապետը պատասխանել է, թե ՀԷԿ-երի կառուցման համար ներդրումներ անողներն արտասահմանյան ընկերություններ են, որոնք նախապայման են դրել՝ աշխատելու են Հայաստանում գործող սակագներով:

«Բազմաթիվ անգամ քննադատությունների ենք արժանացել, որ այսքան ՀԷԿ-եր են կառուցում, բա ո՞նց ա, որ էլի թանկանում է: Այդ ՀԷԿ-երը կառուցվում են օտարերկրյա ներդրողների հաշվին: Նախնական մինչև 70-80 միլիոն դոլարի ներդրումներ է կատարվել, ու այդ ներդրումների 95 կամ 98 տոկոսը օտարերկրյա ներդրումներ են, և այդ մարդիկ պահանջում են՝ գոնե Հայաստանի սակագները ապահովել: Ռիսկային գործոնները մի կողմ են դնում, անտեսում են, բայց ասում են՝ եթե մենք այդ ներդրումը պետք է կատարենք Արցախում, ապա նույն սակագինը տվեք, եթե ավելի ցածր եք տալու, ապա ինչո՞ւ պետք է ընտրենք Արցախը», - ասաց վարչապետը:

Այս տարի մի քանի նոր փոքր ՀԷԿ-երի շահագործում է նախատեսվում: Ղարաբաղում հույս ունեն, որ տարեվերջին էլեկտրաէներգիայի արտադրման ինքնաբավության աստիճանն ավելի բարձր կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG