Էներգետիկ համակարգի համար 52 միլիոն դոլար վարկ վերցնելու ծրագիրը, որը խորհրդարան է բերվել արտահերթ կարգով, այսօր ԱԺ-ում քննադատության արժանացավ։ Պարզվեց, որ վարկը հետագայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառ է դառնալու։
Կառավարության ներկայացուցիչը՝ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարեց, որ այդ գումարն ուղղվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և Երևանի ՋԷԿ-ի ենթակայանների վերակառուցմանը, մեքենաներ ու սարքավորումներ են գնվելու։
«Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում, և դա շատ ողջամիտ է և ճիշտ է, երբ վերցնում ենք երկարատև փողեր և էժան փողեր այդ ծրագիրն իրականացնելու համար», - ասաց փոխնախարարը:
Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Արամ Մանուկյանին սա զայրացրեց, ասաց, որ փաստորեն չնայած այն բանին, որ հասարակությունը փողոց է դուրս եկել, պայքարում է թանկացման դեմ, ոչինչ չի փոխվում, ամեն ինչ նույն կերպ շարունակվում է, իսկ սպառողի ձայնը չի լսվում։ Հայտարարեց, որ չի հավատում, թե այդ վարկերը արդյունավետ են օգտագործվում, քանի որ կա «Հայաստանի էլեկտրական ցանցերի» օրինակը։
«Մենք թվեր բացեցինք՝ խայտառակ թվեր բացեցինք էլեկտրական հոսանքի՝ ՀԷՑ-ի հետ կապված: Բերեք դրա պատասխանները տվեք, բերեք մեկին պատժեք, բերեք մեկին դատարան ուղարկեք: Չէ՞ որ հիմնավորված, լրջագույն թվեր, երևույթներ բացահայտեցինք: Դրանով չենք զբաղվում, աչք ենք փակում, բերում ենք հաջորդ վարկերը: Ես հավատամ, որ հաջորդ վարկերը արդյունավե՞տ են լինելու», - հարցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է այս վարկային համաձայնագրի մասին և եզրակացություն տվել է։ Փոխնախարար Արեգ Գալստյանի պատասխանը դրական էր։ Մինասյանը նաև հետաքրքրեց, թե ինչ ազդեցություն է ունենալու այս վարկը էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
«Չեմ կարող ասել: Ես ունեմ այդ թվերը, այս պահին մոտս չկա՝ կնայեմ, կասեմ», - խոստացավ փոխնախարարը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն էլ Էներգետիկայի նախարարությանը քննադատեց, ասաց, որ իհարկե՝ հարմար պայմաններով գումարից ոչ ոք չի հրաժարվում, մինչդեռ իր համար պարզ չէ՝ որքա՞ն է դեռ կառավարությունը վարկեր վերցնելու էներգետիկ համակարգի համար։ Նա պնդեց՝ ոլորտը ղեկավարող նախարարը պետք է համակարգի զարգացման ու արդիականացման ծրագիր ներկայացնի և ապացուցի, որ վարկերը արդյունավետ են օգտագործվում։
«Պիտի Երվանդ Զախարյանը գա ու էներգետիկ ռազմավարությունը ներկայացնի, ի՞նչ պրոբլեմ է, ես չեմ հասկանում: Ինքը պատկառելի, մեծ փորձ ունի: Որովհետև այդ ամբողջ ռազմավարության մեջ քաղաքական կոմպոնենտը մեծ է լինելու: Հարցեր են լինելու, որ դուք չեք կարողանա այդ բեռը ձեզ վրա վերցնել», - հայտարարեց Մելքումյանը:
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը հենց դահլիճում սկսեց գումարել էներգետիկ համակարգի համար վերցրած վարկերը, ասաց, որ դրանց պատճառով սակագինն է բարձրանում, ինչի արդյունքում սպառողների թիվն է կրճատվում, և հարց բարձրացրեց՝ ինչպե՞ս են այս պայմաններում վարկերը մարվելու։
«Եթե այս թվերը գումարում ենք, կներեք՝ կարող է թվերը ճշգրիտ չլինի թիվը, մոտավորապես ստացվում է էներգետիկ համակարգում մոտենում է 1 միլիարդ դոլար պարտավորությունների: Սա փոքր թիվ չէ», - ասաց նա:
Էներգետիկայի փախնախարար Արեգ Գալստյանը պատգամավորների քննադատություններին ի պատասխան ասաց, որ համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագիր ունեն և թերևս պետք է շուտ ներկայացնեին խորհրդարանին, որտեղ էլ, ըստ նրա, պատգամավորները կգտնեն իրենց պատասխանները։ Հայտարարեց, որ պատեհ պահին այդ փաստաթուղթը կբերեն խորհրդարան։