Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կրկին բողոքում են՝ պահանջելով 7 ամսվա չվճարված աշխատավարձը:
Անցած դեկտեմբերին, հիշեցնենք, գործարանի աշխատակիցների երկարատև բողոքներից հետո ամբողջությամբ մարվել էին աշխատավարձի պարտքերը: Դրանից հետո, սակայն, քիմպրոմցիները ցայսօր ստացել են ընդամենը կես ամսվա աշխատավարձ:
«Քիմպրոմ»-ի քանի տասնյակ աշխատակիցների հետ այսօր հանդիպել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ու հորդորել նրանց սպասել մինչև հուլիսի 15-ը, երբ ակնկալվում է, որ պիտի լուծվի «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի հարցը:
«Եթե ի վիճակի չեմ, ներողություն եմ խնդրում, ասում եմ՝ իմ ուժերից վեր ա», - ասել է մարզպետը: - «Հիմա էս փուլում մենք նորից էս աշխատանքները կշարունակենք և հուլիսի 15-ից հետո կսկսենք մեր բանակցությունները թե՛ «Քիմպրոմ»-ի սեփականատերերի, թե՛ կառավարության հետ: Ու ձեզ հստակ կպատասխանենք, թե աշխատավարձի մնացած մասը երբ եք ստանալու: Սա իմ պատասխանն ա էսօր ձեզ: Ուրիշ ավել բան չեմ կարող ասել: Դրա համար պիտի խնդրեմ․ յոթ ամիս համբերողը էս մի ամիսն էլ կհամբերի»:
Վերջնահաշվարկ պահանջող քիմպրոմցիներն ասացին, որ կսպասեն մինչև հուլիսի 15-ը՝ հավելելով, որ այդ ժամանակ էլ խնդիրը չլուծվելու դեպքում կդիմեն ավելի կոշտ քայլերի: