Նալբանդյանի խոսքով, երբ Հայաստանը բանակցություններ սկսեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ, պաշտոնական Երևանը հստակորեն հայտարարել էր՝ ցանկություն ունի ներգրավվելու նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներում, և եթե դա խոչընդոտ չէ, պատրաստ է Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները:
«Մենք սկսեցինք բանակցությունները, դրանք շատ արագ առաջ ընթացան և ավարտվեցին թե՛ Ասոցացման պայմանագրի, թե՛ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ուղղությամբ»,- ասաց Նալբանդյանը, - «Բայց հանկարծակի Բրյուսելում սկսեցին ասել, որ՝ գիտե՞ք, դուք պետք է ընտրեք կա՛մ Եվրամիություն, կա՛մ Ռուսաստան»:
Կարծիք հայտնելով, որ իրականում «Հայաստանին չէր ասվում» և «Հայաստանի համար չէր այդ ամեն ինչը», արտգործնախարարը շարունակեց․ - «Ես բազմիցս արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել եմ՝ Եվրամիության 28 երկիր և նաև 6 երկիր Արևելյան գործընկերության նստած են, այդտեղ գաղտնիք պահելը դժվար է: Վերջին հանդիպումները եղան նաև Բրյուսելում և դրանից առաջ Կրակովում, և ասացի, որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է՝ այդ գաղափարը, որ դուք պետք է ընտրություն կատարեք: Այդ մոտեցումը կարող է բերել նոր սրումների»:
Հայաստանի արտգործնախարարը հավելեց, թե չնայած իր այդ խոսքերը աջակցություն գտել են, մասնավորապես՝ ԵՄ արտաքին քաղաքական հարցերով այն ժամանակվա հանձնակատար Քեթրին Էշթոնի կողմից, սակայն ի վերջո Հայաստանին ասվել է՝ «սա քաղաքակրթական ընտրություն է»։
«Ես ասացի՝ մեր քաղաքակրթական ընտրությունը մենք արել ենք մի քանի հազար տարի առաջ: Ի՞նչ քաղաքական ընտրության մասին է խոսքը գնում: Այո՛, մենք ցանկանում ենք հնարավորինս սերտ, խորը հարաբերություններ ունենալ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական՝ Եվրամիության հետ, Եվրամիության անդամ երկրների հետ, բայց մենք ցանկանում ենք նույն ձևով խորը և շատ ակտիվ հարաբերություններ ունենանք նաև այլ ուղղություններով», - շարունակեց նա:
Հատկանշական է, որ դահլիճում էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Երևանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիտվայի դեսպանները, և նրանցից ոչ մեկը հրապարակավ չարձագանքեց Նալբանդյանի խոսքերին:
Քիչ անց, անդրադառնալով Սերբիայի Ազգային ժողովի պատգամավոր Դուբրովկա Ֆիլիպովսկու դիտարկմանը, թե Հայաստանը միակողմանի հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Էդվարդ Նալբանդյանը նշեց․ - «Ես ձեզ հետ համաձայն չեմ, տիկին Ֆիլիպովսկի, որ մենք միակողմանի հրաժարվեցինք ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Իրականությունը նա է, որ երկու օր հետո, երբ մենք հայտարարել էինք մեր ցանկության մասին անդամակցել Եվրասիական միությանը, ամսի [2013 թվականի սեպտեմբերի] 5-ին ես Բրյուսելում էի: Եվ այնտեղ մենք հայտնեցինք մեր ցանկության մասին՝ համապարփակ համագործակցության մասին և անգամ առաջարկեցինք ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Եվ մեզ ասվեց, որ այն չի կարող համապատասխանել մեր ապագա անդամակցությանը: Մենք դեռ նոր պետք է բանակցություններ սկսեինք, բայց արդեն ասվում էր, որ չի համապատասխանում: Լավ, ասացինք՝ եկեք այն մասով, որ չի համապատասխանում, թողնենք՝ դա հետո կհամապատասխանեցնենք, բայց Ասոցացման մասով ստորագրենք: Ասացին՝ չէ, դա ընդհանուր փաստաթուղթ է: Բայց հետո Ուկրաինայի հետ ստորագրեցին առանց Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի: Սա է իրականությունը՝ Հայաստանը չի հրաժարվել: Բայց կարծում եմ՝ դա այդքան Հայաստանի պատճառով չէր, այլ այլ զարգացումների»:
Միևնույն ժամանակ, արտգործնախարարը դրական գնահատեց Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովը և ընդգծեց՝ կարծում է առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը կստանա Հայաստանի հետ պաշտոնական բանակցություններ սկսելու մանդատը ու Երևանի և Բրյուսելի միջև նոր շրջանակային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները կվերսկսվեն:
«[Եվրամիության հետ] մենք շարունակելու ենք համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ նկատի ունենալով մեր պարտավորությունները այլ ձևաչափերում: Սա վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին», - եզրափակեց Նալբանդյանը: