Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ԼՂ հակամարտության պատճառով ունեզրկված անձանց գործերով


ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ԼՂ հակամարտության պատճառով ունեզրկված անձանց գործերով
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի՝ առաջարկելով երկու երկրների կառավարություններին ստեղծել մի մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

2006թ․-ին Ադրբեջանի դեմ ներկայացրած Մինաս Սարգսյանի հայցում ասված է, որ 1992թ․-ին նա իր ընտանիքի հետ ստիպված թողել է Ղարաբաղի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր երկհարկանի տունը՝ ռազմական գործողությունների հետևանքով: Նույն ձևակերպմանը հանդիպում ենք Ադրբեջանի քաղաքացիների՝ ազգությամբ քուրդ Չիրագովների, Ջեբրայիլովների ու այլոց, Հայաստանի դեմ 2005թ․-ին ներկայացրած հայցում՝ 1992թ․-ին ստիպված թողել են Լաչինում գտնվող իրենց անշարժ գույքը՝ ռազմական գործողությունների պատճառով:

Նախադեպ՝ Ադրբեջանի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ի պաշտոնե գլխավոր դատախազն է:

Գևորգ Կոստանյանն ու նրա տեղակալը՝ Էմիլ Բաբայանը, այսօր Ստրասբուրգում են, և Բաբայանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց՝ կարևոր է, որ ֆիքսվել է փաստը՝ Մինաս Սարգսյանի գործով Ադրբեջանի իշխանությունները խախտել են հայ փախստականի իրավունքները, և այս որոշումը կարող է նախադեպ դառնալ Ադրբեջանի դեմ այլ հայցերի համար․ - «Մոտակա 1 տարվա ընթացքում Ադրբեջանը պետք է դիմումատու կողմի հետ՝ միասին պետք է կարգավորվի նաև նրանց փոխհատուցում տրամադրելու հարցը: Այսինքն բանակցությունների միջոցով դատարանին կներկայացվի և՛ պահանջվող փոխհատուցումը, և՛ նաև Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջի վերաբերյալ Ադրբեջանի նկատառումները: Չի բացառվում, որ կողմերը կարող են նաև ինչ-որ հաշտության համաձայնագիր կնքել»:

Ըստ Բաբայանի, մեկ տարի անց, երբ կողմերը կներկայացնեն փոխհատուցման չափի վերաբերյալ իրենց պատկերացումները, ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի փոխհատուցման վերաբերյալ:

Եվրոպական դատարանում Սարգսյանների ընտանիքի ներկայացուցիչ, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնի պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը տեսակապով «Ազատությանն» ասաց, որ ՄԻԵԴ-ի որոշումները կարող են հարկադրել Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին բանակցություններ սկսել փոխհատուցումների շուրջ:

«Հույս ունեմ, որ այս որոշումները կարող են ակտիվացնել մի գործընթաց, երբ հակամարտությունից տուժած մարդիկ կարող են տարիներ անց վերջապես ինչ-որ փոխհատուցում ստանալ», - ասաց նա:

Ադրբեջանը ողջունել է

Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի որոշումը ողջունել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

«ՄԻԵԴ-ի որոշումը, փաստորեն, վերջ դրեց Հայաստանի ժխտողականությանը՝ կապված Ադրբեջանի տարածքների ապօրինի բռնազավթմանը առնչություն և Ադրբեջանի տարածքում ռազմական ներկայություն ունենալու հետ», - ասված է տարածված հայտարարությունում:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը նշեց՝ ՄԻԵԴ-ը որոշման շուրջ կարող է առավել մասնագիտական մեկնաբանություն տալ այդ կառույցում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը:

Թե ինչու պետք է Հայաստանի կառավարությունը փոխհատուցի Լեռնային Ղարաբաղում ունեցվածք կորցրած Ադրբեջանի քաղաքացիներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հետևյալ կերպ է բացատրում՝ քանի որ Հայաստանը ի սկզբանե ներգրավված է եղել ղարաբաղյան հակամարտությունում, ռազմական, քաղաքական ու տնտեսական աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, նաև անձնագրեր է շնորհել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, հետևաբար Հայաստանը, ինչպես նշում է դատարանը, «արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ»:

Էմիլ Բաբայանի խոսքով, ՄԻԵԴ-ի որոշումը չի նշանակում, թե Հայաստանը բռնազավթել է Լեռնային Ղարաբաղը․ - «Մենք ունենք նաև այդպիսի օրինակներ Եվրոպական դատարանի: Օրինակ Կիպրոսի գործով մենք ունենք այդպիսի վճիռ, որ բռնազավթման ուժով է տարածվում լիազորությունը: Հայաստանի դեպքում մենք ունենք ոչ այդ տարբերակը, այլ ունենք մյուս տարբերակը: Այսինքն, մենք այստեղ խոսում ենք ոչ թե օկուպացիայի մասին, այլ խոսում ենք Հայաստանի կողմից տրամադրված աջակցության մասին: Դատարանը դրա համար անցավ իրավազորություն հաստատելու մյուս ճանապարհին՝ դա այն է, երբ պետությունը տրամադրում է այնպիսի օգնություն, որի ծավալից և բնույթից ելնելով դա նույնպես բերում է իրավազորության տարածմանը»:

Իրավաբան Տիգրան Հայրապետյանը, ով Հայաստանից ՄԻԵԴ ներկայացված մի շարք գործերով փաստաբան է, գտնում է, որ ՄԻԵԴ-ի որոշումները կարող են Լեռնային Ղարաբաղի դատական համակարգի համար դրական ազդեցություն ունենալ, քանի որ տեղի բնակչությունը, փաստորեն, իրավունք է ստանում դիմելու Եվրոպական դատարան, ինչը մինչ այս չի կարողացել անել, քանի որ Ղարաբաղը չճանաչված պետություն է․ - «Եթե Եվրոպական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը արդյունավետ վերահսկում է այդ տարածքը, ինձ թվում է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքները պաշտպանելիս պետք է ուղիղ Եվրոպական դատարան դիմել»:

XS
SM
MD
LG